Հոդված 46. Պետական և համայնքային ուսումնական հաստատության ֆինանսավորումը
Հոդված 46. Պետական և համայնքային ուսումնական հաստատության ֆինանսավորումը
1. Ուսումնական հաստատությունը ֆինանսավորում է հիմնադիրը:
2. Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը` նրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից:
3. Պետական բյուջեից պետական ուսումնական հաստատության ֆինանսավորումն իրականացվում է պետական պատվերի, սուբսիդիայի, պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության վճարի և այլ ձևերով: Ուսումնական հաստատությունների պետական պատվերով ֆինանսավորելու կարգը և չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով ուսումնական հաստատության տիպը, կրթական ծրագրերի և դրանց կազմակերպման առանձնահատկությունները։ Որպես հաշվարկման չափանիշ կարող է ընդունվել մեկ խմբի կամ մեկ սովորողի թիվը։
4. Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել պետական բյուջեից ֆինանսավորման չափերի նվազեցմանը:
5. Ուսումնական հաստատությունը չի կարող վճարովի ուսումնական գործունեություն իրականացնել բյուջեից ֆինանսավորվող կրթական գործունեության փոխարեն:
6. Ուսումնական հաստատության ֆինանսավորման հիմնական աղբյուրները պետական և համայնքների բյուջեներն են:
Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`
1) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները.
2) սեփական միջոցները, որոնք գոյանում են վճարովի ուսումնական, հետազոտական, գիտաարտադրական, խորհրդատվական, հրատարակչական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ ձևերից.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներ:
7. Պետությունը կրթության բնագավառում ապահովում է բարենպաստ հարկային քաղաքականություն:
8.
(46-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209, 20.01.21 ՀՕ-31-Ն)
(հոդվածը 26.10.22 ՀՕ-391-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունիսի 1-ից)
(26.10.22 ՀՕ-391-Ն օրենքն ունի անցումային դրույթ)