Հոդված 6. Կրթական իրավունքի պետական երաշխիքները
Հոդված 6. Կրթական իրավունքի պետական երաշխիքները
1. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից: Մասնագիտական կրթության իրավունքի սահմանափակումները նախատեսվում են օրենքով:
2. Պետությունը կրթության իրավունքն ապահովում է կրթության համակարգի բնականոն գործառնությամբ և կրթություն ստանալու համար սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծմամբ:
2.1. Պետությունը, համագործակցելով սոցիալական գործընկերների հետ, ապահովում է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի զարգացումը՝ աշխատաշուկայի կարիքներին համապատասխան, ինչպես նաև երաշխավորում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության համակարգի համաչափ գործարկումն ու արդյունքների ճանաչումը:
3. Պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ և մրցութային կարգով` անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` իրենց ընտրությամբ:
Արգելվում է ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն և հետբուհական մասնագիտական անվճար կրթություն` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ:
Նպատակային ուսուցմամբ ուսանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաև հետևյալ պայմանը. ուսանողն ավարտելուց հետո առնվազն 3 տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի և պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը: Փոխհատուցված գումարի 70 տոկոսը բարձրագույն ուսումնական հաստատությունը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան՝ ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին, օրենքներով նախատեսված սոցիալական խմբերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափով՝ ըստ առաջադիմության, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, սահմանված կարգով առկա ուսուցմամբ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով կամ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:
4. Տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրով նախատեսված դասագրքերով:
5. Արտակարգ ընդունակություններ դրսևորած սովորողներին պետությունն աջակցում է` ստանալու համապատասխան մակարդակի կրթություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
6. Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով։
7. Պետությունը նպաստում է, որ կրթական գործունեությանը մասնակցի նաև սփյուռքահայությունը:
(6-րդ հոդվածը փոփ. 20.11.00 ՀՕ-107, լրաց. 11.12.02 ՀՕ-471-Ն, խմբ. 25.05.05 ՀՕ-137-Ն, փոփ. 08.07.05 ՀՕ-165-Ն, լրաց. 23.06.10 ՀՕ-111-Ն, 07.10.09 ՀՕ-188-Ն, 28.10.10 ՀՕ-153-Ն, 08.02.11 ՀՕ-50-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-37-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-83-Ն, խմբ. 01.12.14 ՀՕ-201-Ն, 03.02.16 ՀՕ-27-Ն, լրաց. 30.07.21 ՀՕ-319-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-36-Ն)
(30.07.21 ՀՕ-319-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 26.10.22 ՀՕ-391-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունիսի 1-ից)