Հոդված 1. Կիրառության ոլորտը
Հոդված 1. Կիրառության ոլորտը
1. Սույն Տեխնիկական կանոնակարգը տարածվում է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող գազօգտագործող սարքավորումների վրա։
2. Սույն Տեխնիկական կանոնակարգում գազօգտագործող սարքավորում ասելով պետք է հասկանալ՝
ա) սննդի պատրաստման համար, ջեռուցման և տաք ջրամատակարարման համար նախատեսված սարքավորումները՝ ներառյալ համակցված ապարատների կազմում ընդգրկված սարքավորումները,
բ) բլոկային ավտոմատ հրածորանները և սույն կետի «ա» ենթակետում նշված՝ բլոկային ավտոմատ հրածորաններով գազօգտագործող սարքավորումները,
գ) սարքավորումների մեջ ներկառուցման համար նախատեսված և սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված սարքավորումներից առանձին շրջանառության մեջ գտնվող սարքվածքները, այդ թվում՝ կառավարման, կարգավորիչ և անվտանգության սարքվածքները։
3. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջները սահմանվում են 1-ին հավելվածի համաձայն ցանկով նախատեսված գազօգտագործող սարքավորումների նկատմամբ։
4. Սույն Տեխնիկական կանոնակարգը չի տարածվում հետևյալ տեսակի գազօգտագործող սարքավորումների վրա՝
ա) շոգեկաթսաներ՝ 0,07 ՄՊա-ից ավելի գոլորշու ճնշմամբ և ջրատաքացուցիչ կաթսաներ՝ 115°С-ից ավելի ջրի ջերմաստիճանով,
բ) սարքավորումներ, որոնք նախատեսված են արդյունաբերական ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացներում օգտագործման համար՝ բացառությամբ 1-ին հավելվածում բերված ցանկում ներառված գազօգտագործող սարքավորումների,
գ) սարքավորումներ, որոնցում գազն օգտագործվում է որպես շարժիչային վառելիք։
5. Գազօգտագործող սարքավորումը բնութագրող էական հատկանիշներն են՝
ա) գազօգտագործող սարքավորման անվանումը, մոդելը (տիպը) և նշանակությունը,
բ) օգտագործվող գազի տեսակը և անվանական ճնշումը,
գ) անվանական ջերմային հզորությունը,
դ) էլեկտրական հոսանքի լարումն ու հաճախականությունը (էլեկտրական ցանցին միացվող գազօգտագործող սարքավորման համար)։
6. Գազօգտագործող սարքավորումների նույնականացումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հոդվածի 5-րդ կետում նշված հատկանիշները գազօգտագործող սարքավորումների՝ փաթեթվածքում, մականշվածքում և շահագործման փաստաթղթերում նշված բնութագրերը դրանց հետ համեմատելու միջոցով։
7. Սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են գազօգտագործող սարքավորումների նկատմամբ պահանջները՝ մարդու կյանքը և (կամ) առողջությունը, գույքը, շրջակա միջավայրը, կենդանիների ու բույսերի կյանքը և (կամ) առողջությունը պաշտպանելու, դրանց նշանակության և անվտանգության վերաբերյալ սպառողներին (օգտագործողներին) մոլորեցնող գործողությունները կանխելու, ինչպես նաև էներգետիկ արդյունավետությունն ու ռեսուրսախնայողությունն ապահովելու նպատակներով։