Հոդված 14
Հոդված 14
«[Սույն Կոնվենցիայում] շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ ... այլ դրությունից»:
Ա. Ընդունելիությունը
67. Դատարանը նշում է, որ սույն բողոքները ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի են Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
68. Դիմումատուն պնդել է, որ այդ ամենի, այն է՝ 2012 թվականի մայիսի 8-ին տեղի ունեցած՝ հրկիզմամբ ուղեկցված հոմոֆոբ հարձակման և դրան հաջորդած՝ մի խումբ անհատների կողմից իրականցված՝ ատելությամբ ուղեկցվող, իր կյանքը թունավորող արշավի, այդ թվում՝ ֆիզիկական հարձակումների, վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյանների կողմից հրակարակային ասված ատելության խոսքի և առցանց հարթակում իրեն հասցեագրված հոմոֆոբ վիրավորանքի միջոցով թիրախավորել են իրեն՝ իր սեռական կողմնորոշման և ԼԳԲՏ համայքի ակտիվիստ լինելու համար, որոնք առանձին և միասին վերցված՝ անմարդկային վերաբերմունքի դրսևորում են՝ խախտելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածը։
69. Դիմումատուն նշել է, որ իր բիզնեսը կրակային պայթուցիկի միջոցով հրկիզելը միտված է եղել իրեն լրջորեն վախեցնելուն, և որ ինքն այդ ամենից հոգեբանական տրավմա է ստացել։ Նրա կրած տառապանքները կապված են եղել համայնքային ծրագիր համարվող՝ իր բիզնեսի վրա հանցագործության թողած ազդեցության հետ։ Բացի այդ, նա կորցրել է իր եկամտի աղբյուրը։ Նրանք այդ արարքով նպատակ են ունեցել վնաս պատճառելու ԼԳԲՏ համայնքին՝ բռնությամբ զրկելով նրանց անվտանգ տարածքից՝ ազատ և ընդհանուր ինքնարտահայտման միջավայր համարվող սոցիալական կենտրոնից, և դա հաջողությամբ իրականացրել են։ Այդ հանցագործության ազդեցությունն ավելի է խորացել իրեն և իր սոցիալական ձեռնարկությանն ուղղված՝ ոստիկանության ծառայողների հոմոֆոբ մեկնաբանություններով, ագրեսիվ հոմոֆոբ արշավով, այդ թվում՝ առցանց հարթակում, 2012 թվականի մայիսի 10-ին, 15-ին, 17-ին և 21-ին տեղի ունեցած հարձակումներով (տե՛ս վերևում 29-րդ, 34-ից 35-րդ և 40-րդ պարբերությունները) և բարձրաստիճան խորհրդարանականների և այլ քաղաքական գործիչների կողմից հրապարակային ասված ատելության խոսքով, որոնք փառաբանել են ագրեսորներին: Նրա դեմ ահագնացող հասարակական և սոցիալական մեդիա արշավը բացասաբար է ազդել իր սոցիալական և անձնական հարաբերությունների և համայնքային բիզնեսի վրա՝ ստիպելով վերջինիս ինքնամեկուսացվել այն աստիճան, որ նա ստիպված է եղել հեռանալ երկրից: Այնուամենայնիվ, դիմումատուն, հնարավորություն չունենալով մեկուսացման մեջ շարունակել ԼԳԲՏ ակտիվիզմի գործունեությունը, զրկվել է իր գործից ու սոցիալական կարիերայից և հետևաբար իմաստալից զբաղմունքով զբաղվելու զգացումից, որը լրջորեն ազդել է նրա հոգեկան առողջության վրա:
70. Դիմումատուն նաև նշել է, որ իշխանությունները չեն ստեղծել պատշաճ իրավական դաշտ, որը թույլ կտար հաստատել 2012 թվականի մայիսի 8-ին տեղի ունեցած՝ հրկիզմամբ ուղեկցված հարձակման հետևում թաքնված ատելության շարժառիթը, չեն քննել գործը կամ չեն պատժել մեղավորներին, չեն դադարեցրել կամ չեն քննել կամ չեմ կանխարգելել բիզնեսի գտնվելու վայրի վրա դրան հաջորդող շարունակական հոմոֆոբ հարձակումները, իր անձին ուղղված սպառնալիքները և ոտնձգությունները, այդ թվում՝ առցանց հարթակում։ Ավելին, չնայած ատելության շարժառիթը բացահայտվել է, իշխանությունները պատշաճ կերպով չեն անդրադարձել դրան: Դիմումատուն պնդել է, որ քրեական գործով քննության արժանահավատությունն ի սկզբանե հիմնովին խաթարված է եղել ոստիկանության՝ հանցագործություն կատարած անձանց շարժառիթն արդարացնելու պնդմամբ։
բ) Կառավարությունը
71. Կառավարությունը նշել է, որ ատելությամբ պայմանավորված հանցագործությունից ԼԳԲՏ համայնքի անդամներին պաշտպանություն տրամադրելու համար պատշաճ իրավական դաշտի բացակայությունը խոչընդոտել է քննության ընթացքը և սահմանափակել է իրավապահ մարմինների՝ ենթադրաբար ատելության հիմքով հանցագործության քննության պատշաճ իրականացման միջոցները։ Միևնույն ժամանակ քննություն իրականացնող մարմինները ձեռարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հրկիզմամբ ուղեկցված հարձակման դեպքն արդյունավետ քննելու և հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ Այդ առնչությամբ Կառավարությունը նշել է ձեռնարկված մի շարք քննչական գործողությունները, ներառյալ՝ հրկիզմամբ ուղեկցված հարձակման և ֆաշիստական խմբի միջև կապը պարզելու նպատակով վկաների հարցաքննությունը, հանցագործության դեպքի վայրի զննությունը և դատաբժշկական փորձաքննությունների նշանակումը։ Ի վերջո հանցագործություն կատարած անձանց մեղադրանք է առաջադրվել, և նրանք դատապարտվել են: Կառավարությունը նաև նշել է, որ քննություն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ առցանց հարթակում դիմումատուի նկատմամբ ոտնձգությունները քննելու համար:
72. Կառավարությունը նաև նշել է, որ դիմումատուի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը չի տարբերվել նմանօրինակ հանցագործությունների զոհերի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից, և ներկայացրել է ներպետական վճիռների մի քանի օրինակներ, համաձայն որոնց՝ պայմանական պատիժներ են նշանակվել հրկիզմամբ ուղեկցված հարձակման համար դատապարտված անձանց նկատմամբ: Քննությունն իրականացնող մարմինները որևէ կողմնակալություն չեն ցուցաբերել դիմումատուի նկատմամբ՝ ելնելով նրա սեռական կողմնորոշումից, և նա չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ քննության թերությունները պայմանավորված են եղել իր սեռական կողմնորոշմամբ։
73. Վերջապես Կառավարությունը մատնանշել է այն փաստը, որ 2020 թվականի ապրիլի 15-ին կատարված օրենսդրական փոփոխություններով Քրեական օրենսգիրքը լրացվել է 226.2 հոդվածով, որով ատելության խոսքի համար սահմանվում է քրեական պատասխանատվություն (տե՛ս վերևում 58-րդ պարբերությունը):
գ) Որպես երրորդ կողմ ներգրավված կազմակերպությունները
74. ԼԳՄԱ-Եվրոպայի կողմից ներկայացված՝ որպես երրորդ կողմ ներգրավված կազմակերպությունները նշել են, որ ցանակացած անձի իրական կամ նրան վերագրվող սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության կամ արտահայտելու վրա հիմնված խտրականության համատեքստում կատարված արարքները, որոնք առանձին վերցված չունեն խստության այն նվազագույն մակարդակը, որպեսզի դրա վրա տարածվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, կարող են այդ հոդվածի իմաստով որակվել որպես վատ վերաբերմունք: Նրանք մատնանշել են, որ Կոնվենցիան մշակող մարմիններն արդեն ընդունել են, որ խտրական վերաբերմունքը որոշակի հանգամանքներում ինքնին կարող է լինել «նվաստացնող վերաբերմունք»՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով (այդ մարմինները վկայակոչել են Արևելյան Աֆրիկայի Ասիացիներն ընդդեմ Միացյալ Թագավորության [East African Asians v. the United Kingdom] գործը, թիվ 4403/70 և եւս 30-ը, Հանձնաժողովի 1973 թվականի դեկտեմբերի 14-ի զեկույցը, Որոշումներ և զեկույցներ 78, էջեր 57 և 62, «« 196 և 207, Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Cyprus v. Turkey [GC]], 25781/94, «« 309-310, ՄԻԵԴ 2001-IV և Մոլդովան և այլք ընդդեմ Ռումինիայի (թիվ 2) [Moldovan and Others v. Romania (no. 2)], թիվ 41138/98 և 64320/01, « 111, ՄԻԵԴ 2005-VII (քաղվածքներ)): Որպես երրորդ կողմ ներգրավված կազմակերպությունները Դատարանին առաջարկել են դիտարկել այդ սկզբունքները ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրականացված կանխակալ վատ վերաբերմունքը գնահատելիս:
75. Որպես երրորդ կողմ ներգրավված կազմակերպություններն ընդգծել են սեռական կողմնորոշմամբ և (կամ) գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունների համար արդյունավետ քրեական հետապնդում իրականացնելու կարևորությունը՝ մասնավորապես ուսումնասիրելով, թե արդյոք իշխանությունները ձեռնարկել են բոլոր ողջամիտ քայլերը, որոնք անհրաժեշտ են բռնության արարքների հնարավոր հոմոֆոբ շարժառիթների դերը բացահայտելու համար (տե՛ս Իդենտոբան և այլք ընդդեմ Վրաստանի [Identoba and Others v. Georgia], թիվ 73235/12, « 77, 2015 թվականի մայիսի 12 և Էմ.Սի.-ն և Էյ. Սի.-ն ընդդեմ Ռումինիայի [M.C. and A.C. v. Romania], թիվ 12060/12, « 124, 2016 թվականի ապրիլի 12):
76. Որպես երրորդ կողմ ներգրավված կազմակերպությունները, հիմնականում հղում կատարելով Հայաստանի վերաբերյալ ՌԱԵՀ-ի զեկույցներին, նշել են, որ Հայաստանում բացակայում է սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքերով խտրականությունը բացահայտորեն արգելող կամ հոմոֆոբիայի և (կամ) տրանսֆոբիայի շարժառիթներով պայմանավորված բռնությունից պաշտպանող որևէ օրենսդրություն։ Ի հավելումն օրենսդրական այս բացին՝ միջազգային առաջատար իրավապաշտպան կազմակերպությունների տարբեր զեկույցներում ընդգծվել է, որ Հայաստանում ԼԳԲՏ համայնքը պարբերաբար բախվում է համատարած հանդիպող թշնամական սոցիալական վերաբերմունքի և սովորական դարձած խտրականության: Արդյունքում ԼԳԲՏ անձանց պատշաճ իրավական պաշտպանության միջոցները գործնականում շարունակում են անհասանելի լինել:
2. Դատարանի գնահատականը
ա) Գործի շրջանակը
77. Իշխանությունների՝ մասնավոր անձանց կողմից ատելության շարժառիթներով բռնությունը կանխելու, ինչպես նաև խտրական շարժառիթի և բռնության արարքի (անկախ դրա ֆիզիկական կամ բանավոր լինելու հանգամանքից) միջև հնարավոր կապի առկայությունը քննելու պարտականությունը կարող է լինել Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածներով ամրագրված դրական պարտավորությունների շրջանակներում, սակայն կարող է նաև դիտարկվել որպես Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն իշխանությունների դրական պարտականությունների մաս՝ առանց խտրականության 3-րդ և 8-րդ հոդվածներով պաշտպանված հիմնարար արժեքներն ապահովելու համար: Վերոնշյալ դրույթների փոխազդեցության շնորհիվ սույն գործում առկա խնդիրները, ինչպես նաև նմանատիպ այլ խնդիրներ, կարող են ուսումնասիրվել միայն նշված երկու դրույթներից մեկի համաձայն՝ առանց մյուսի համաձայն որևէ խնդրի առաջացման, կամ կարող է անհրաժեշտություն առաջանալ, որպեսզի դրանք միաժամանակ ուսումնասիրվեն այդ հոդվածներից մի քանիսի համաձայն։ Սա այն հարցն է, որը պետք է որոշվի յուրաքանչյուր գործի ժամանակ՝ հաշվի առնելով դրա փաստերը և ներկայացված մեղադրանքների բնույթը (տե՛ս վերևում հիշատակված՝ Էմ.Սի.-ն և Էյ. Սի.-ն ընդդեմ Ռումինիայի գործը, « 105, հաջորդող հղումների հետ միասին):
78. Հաշվի առնելով սույն գործի առանձնահատուկ հանգամանքները, մասնավորապես՝ դիմումատուի դեմ ուղղված ատելությամբ պայմանավորված հետագա արշավի համատեքստում դիտարկված՝ 2012 թվականի մայիսի 8-ի հրկիզմամբ ուղեկցված հարձակման դեպքը, որը հանգեցրել է ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներ ձեռնարկելուն (տե՛ս վերևում, մասնավորապես՝ 45-րդ պարբերությունը), և դիմումատուի պնդումներն այն մասին, որ իշխանություններն ընդհանրապես չեն անդրադարձել այդ հարձակումներն իրականացնողների հոմոֆոբ շարժառիթի փաստին՝ Դատարանը համարում է, որ քննությունը շարունակելու ամենահարմար եղանակը դիմումատուի բողոքները կրկնակի քննության ենթարկելն է միաժամանակ Կոնվենցիայի 3-րդ և 14-րդ հոդվածների համակցությամբ (տե՛ս վերևում հիշատակված՝ Իդենտոբան և այլք գործը, « 64 և Կանանց նախաձեռնություններին աջակցող խումբը և այլք ընդդեմ Վրաստանի [Women's Initiatives Supporting Group and Others v. Georgia], թիվ 73204/13 և 74959/13, « 57, 2021 թվականի դեկտեմբերի 16) և անհրաժեշտության դեպքում նաև Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածների համակցությամբ (տե՛ս վերևում հիշատակված՝ mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Էմ.Սի.-ն և Էյ. Սի.-ն ընդդեմ Ռումինիայի գործը, « 106):
բ) Ընդհանուր սկզբունքները
79. Դատարանը կրկին նշում է, որ վատ վերաբերմունքը պետք է լինի նվազագույն ծանրության, որպեսզի համարվի 3-րդ հոդվածի շրջանակներում։ Այս նվազագույն մակարդակի գնահատումը հարաբերական է. այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են վերաբերմունքի բնույթն ու բովանդակությունը, դրա տևողությունը, ֆիզիկական կամ հոգեկան ազդեցությունները և որոշ դեպքերում՝ զոհի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տե՛ս, օրինակ, Բույիդն ընդդեմ Բելգիայի [ՄՊ] [Bouyid v. Belgium [GC]], թիվ 23380/09, « 86, ՄԻԵԴ 2015, և Կոստելլո-Ռոբերտսն ըդդեմ Միացյալ Թագավորության [Costello-Roberts v. the United Kingdom], 1993 թվականի մարտի 25, « 30, շարք Ա, թիվ 247-Գ)։
80. Ընդհանուր առմամբ նվազագույն ծանրության վատ վերաբերմունքը, որի վրա տարածվում է 3-րդ հոդվածը, սովորաբար ներառում է մարմնական վնասվածքի փաստացի առկայություն կամ ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ տառապանք։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդ հայեցակետերի բացակայության դեպքում, երբ վերաբերմունքը կա՛մ ուրիշների, կա՛մ զոհի աչքերում նվաստացնում կամ ստորացնում է անձին՝ նրա մարդկային արժանապատվության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք կամ նսեմացնելով այն, կամ առաջացնում է վախի, տառապանքի կամ անլիարժեքության զգացումներ, որոնք ունակ են կոտրելու անձի բարոյական և ֆիզիկական դիմադրությունը, այն կարող է որակվել որպես արժանապատվությունը նվաստացնող, և դրա վրա նաև տարածվում է 3-րդ հոդվածով սահմանված արգելքը (տե՛ս վերևում հիշատակված՝ Կանանց նախաձեռնություններին աջակցող խումբը և այլք գործը, « 59, հաջորդող հղումների հետ միասին)։
81. Ավելին, 3-րդ հոդվածի իմաստով՝ խտրական վերաբերմունքը սկզբունքորեն կարող է լինել նվաստացուցիչ վերաբերմունք այն դեպքում, երբ այն հասնում է ծանրության այնպիսի աստիճանի, որ վիրավորում է մարդու արժանապատվությունը: Ավելի կոնկրետ, 3-րդ հոդվածը կարող է սկզբունքորեն տարածվել միասեռական փոքրամասնության դեմ հետերոսեքսուալ մեծամասնության կողմից հակված՝ կողմնակալության վրա հիմնված վերաբերմունքի վրա։ 3-րդ հոդվածի լույսի ներքո վատ վերաբերմունքի տվյալ դեպքը դիտարկելիս խտրական դիտողություններն ու վիրավորանքներն ամեն դեպքում պետք է համարվեն որպես ծանրացնող հանգամանք (տե՛ս վերևում հիատակված՝ Իդենտոբան և այլք գործը, « 65, հաջորդող հղումների հետ միասին): Սա հատկապես ճիշտ է ատելության հիմքով դաժան հանցագործությունների դեպքում: Այս կապակցությամբ պետք է հիշել, որ բացառապես զոհի ներկայացրած բնութագրական հատկանիշների վրա հիմնված արարքները չեն կարող դասակարգվել որպես ատելության հիմքով հանցագործություն: Դատարանի համար հանցագործություն կատարած անձինք կարող են ունենալ տարբեր շարժառիթներ՝ գտնվելով այնպիսի իրավիճակային գործոնների ազդեցության տակ, որոնք հավասար են այն կողմնակալ վերաբերմունքին կամ առավել են դրանից, որը վերջիններս ցուցաբերում են այն խմբի նկատմամբ, որին պատկանում է զոհը (տե՛ս, որպես վերջերս կայացված վճիռ, Սաբալիչն ընդդեմ Խորվաթիայի [Sabalić v. Croatia], թիվ 50231/13, «« 65-66, 2021 թվականի հունվարի 14, հաջորդող հղումների հետ միասին):
82. Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությամբ պահանջվում է, որ իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի՝ Կոնվենցիայով, այդ թվում՝ դրա 3-րդ հոդվածով սահմանված իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու համար պետությունները ձեռնարկեն միջոցներ, որպեսզի ապահովեն, որ իրենց իրավազորության ներքո գտնվող անձինք չենթարկվեն վատ վերաբերմունքի, այդ թվում՝ մասնավոր անձանց կողմից ցուցաբերվող վատ վերաբերմունքի (տե՛ս Էմ. Սի.-ն ընդդեմ Բուլղարիայի [M.C. v. Bulgaria], թիվ 39272/98, « 149, ՄԻԵԴ 2003 -XII, և Օ'կիֆն ընդդեմ Իռլանդիայի [ՄՊ] [O'Keeffe v. Ireland [GC]], թիվ 35810/04, «144, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ)):
83. Դատարանը կրկին նշում է, որ, ինչպես Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դեպքում, 3-րդ հոդվածով ևս կարող է որոշակի հանգամանքներում պահանջվել, որ պետությունը ձեռնարկի գործառնական միջոցներ՝ զոհերին կամ հնարավոր զոհերին վատ վերաբերմունքից պաշտպանելու համար: Այս դրական պարտավորությունը պետք է մեկնաբանվի այնպես, որ անհնարին կամ անհամաչափ բեռ չդրվի իշխանությունների վրա՝ հաշվի առնելով մարդկային վարքագծի անկանխատեսելիությունը և այն օպերատիվ ընտրությունները, որոնք պետք է կատարվեն առաջնահերթությունների և ռեսուրսների առումով: Հետևաբար վատ վերաբերմունքի ոչ բոլոր ռիսկերը կարող են իշխանությունների համար ենթադրել այդ ռիսկի իրականացումը կանխելուն ուղղված՝ միջոցներ ձեռնարկելու Կոնվենցիայով սահմանված պահանջ: Այնուամենայնիվ, պահանջվող միջոցները պետք է առնվազն արդյունավետ պաշտպանություն ապահովեն մասնավորապես երեխաների և այլ խոցելի անձանց համար և պետք է ներառեն ողջամիտ քայլեր՝ կանխելու համար այն վատ վերաբերմունքը, որի մասին իշխանությունները տեղեկացված են եղել կամ պետք է տեղեկացված լինեին։ Հետևաբար դրական պարտավորություն առաջանալու համար այն պետք է հաստատի, որ իշխանություններն այդ պահին տեղեկացված են եղել կամ պետք է տեղեկացված լինեին նույնականացված անձի կյանքին երրորդ կողմի հանցավոր արարքի հետևանքով սպառնացող իրական և անմիջական ռիսկի առկայության մասին, և որ նրանք իրենց լիազորությունների շրջանակներում այնպիսի միջոցներ չեն ձեռնարկել, որոնք, եթե խելամիտ դատենք, կարող էր ակնկալվել, որ կօգնեին խուսափել այդ ռիսկից (տե՛ս Էքսը և այլք ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [X and Others v. Bulgaria [GC]], թիվ 22457/16, «« 181-183, 2021 թվականի փետրվարի 2):
Ավելին, պետության՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով դիտարկվող այդպիսի ծանրության բռնության արարքների համար անմիջական պատասխանատվության բացակայությունը չի ազատում պետությանն այդ դրույթով նախատեսված բոլոր պարտավորություններից: Նման դեպքերում 3-րդ հոդվածով պահանջվում է, որ իշխանություններն արդյունավետ պաշտոնական քննություն իրականացնեն ենթադրյալ վատ վերաբերմունքի առնչությամբ, նույնիսկ եթե այդպիսի վերաբերմունքը ցուցաբերվել է մասնավոր անձանց կողմից (տե՛ս վերևում հիշատակված՝ Էմ.Սի.-ն և Էյ. Սի.-ն ընդդեմ Ռումինիայի գործը, « 110):
84. Թեև պետության դրական պարտավորությունների շրջանակը կարող է տարբեր լինել ըստ դեպքերի, երբ 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքը ցուցաբերվել է պետական ներկայացուցիչների ներգրավմամբ և այն դեպքում, երբ բռնությունը ցուցաբերվել է մասնավոր անձանց կողմից, սակայն պաշտոնական քննությանը ներկայացվող պահանջները նույնն են։ Քննությունն «արդյունավետ» համարվելու համար այն, ըստ էության, պետք է հանգեցնի գործի փաստական հանգամանքները պարզելուն և մեղավորներին հայտնաբերելուն ու պատժելուն։ Այդ պարտավորությունը ոչ թե ձեռքբերվելիք արդյունքներին, այլ կիրառվելիք միջոցներին վերաբերող պարտավորություն է։ Իշխանությունները պետք է ձեռնարկեն հնարավոր բոլոր ողջամիտ քայլերը՝ ապահովելու համար տվյալ միջադեպի վերաբերյալ ապացույցները, այդ թվում, inter alia, վկաների հարցաքննությունը, դատաբժշկական փորձաքննությունը և այլն։ Քննության ցանկացած թերություն, որը կարող է խոչընդոտել վնասվածքների պատճառը կամ դրանց համար պատասխանատու անձանց ինքնությունը պարզելը, կարող է այս չափանիշին չհամապատասխանելու վտանգ առաջացնել, և անհապաղ ու ողջամիտ ժամկետում գործելու պահանջն այս համատեքստում ինքնին ենթադրվում է: Վատ վերաբերմունքի մասին պնդումների առնչությամբ քննություն իրականացնելիս իշխանությունների անհապաղ արձագանքը կարող է ընդհանուր առմամբ էական համարվել օրենքի գերակայության պահպանման գործում հանրության վստահությունը պահպանելու և անօրինական արարքների հետ կապված նախնական համաձայնության կամ հանդուրժողականության ցանկացած երևույթ կանխելու համար: Նման արարքների նկատմամբ իշխանությունների հանդուրժողականությունը չի կարող չխաթարել օրինականության սկզբունքի և պետության կողմից օրենքի գերակայության պահպանման նկատմամբ հանրային վստահությունը (նույն տեղում, « 111, հաջորդող հղումների հետ միասին):
85. Բացի այդ, բռնության այնպիսի դեպքեր քննելիս, ինչպիսին է վատ վերաբերմունքը, պետական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր ողջամիտ քայլերը՝ հնարավոր խտրական շարժառիթները բացահայտելու համար: Պատասխանող պետության՝ բռնության արարքի հնարավոր խտրական շարժառիթները քննելու պարտավորությունը լավագույն ջանքերը գործադրելու պարտավորություն է, և հետևաբար այն բացարձակ չէ: Իշխանությունները պետք է տվյալ հանգամանքներում ձեռնարկեն բոլոր ողջամիտ քայլերը՝ ապացույցներ հավաքելու և ապահովելու, ճշմարտությունը բացահայտելու բոլոր գործնական միջոցներն ուսումնասիրելու և լիովին հիմնավորված, անկողմնակալ և օբյեկտիվ որոշումներ կայացնելու համար՝ առանց բաց թողնելու այն կասկածելի փաստերը, որոնք կարող են վկայել, օրինակ, ռասայական կամ կրոնական անհանդուրժողականությամբ հրահրվող բռնության կամ գենդերային խտրականության շարժառիթով պայմանավորված բռնության մասին: Հետևաբար, եթե կասկած կա, որ խտրական վերաբերմունքը հանգեցրել է բռնարարքի, հատկապես կարևոր է, որ պաշտոնական քննությունը շարունակվի վճռականությամբ և անկողմնակալությամբ՝ հաշվի առնելով, որ անհրաժեշտ է շարունակաբար վերահաստատել հասարակության կողմից նման արարքների դատապարտումը և պահպանել փոքրամասնության խմբերի վստահությունը իշխանությունների՝ խտրական բռնությունից իրենց պաշտպանելու ունակության նկատմամբ: Պետության դրական պարտավորություններին համապատասխանեցմամբ պահանջվում է, որ ներպետական իրավական համակարգը ցույց տա նման բռնարարքներ կատարողների նկատմամբ քրեական իրավունքը կիրառելու իր կարողությունը (տե՛ս Սեբալիչի գործը, « 95 և Կանանց նախաձեռնություններին աջակցող խումբը և այլք գործը, « 63, երկուսն էլ հիշատակված են վերևում):
86. Վերջապես Դատարանն ընդգծում է, որ անկախ այն հանգամանքից, թե խտրական դիտավորությամբ բռնությունը և դաժանությունը կատարվել են պետության ներկայացուցիչների կամ մասնավոր անձանց կողմից, դրանց վերաբերվել հավասար հիմունքներով, ինչպես նման ենթատեքստ չունեցող դեպքերին, կնշանակի աչք փակել այն արարքների առանձնահատուկ բնույթի վրա, որոնք հատկապես կործանարար են հիմնարար իրավունքների համար։ Էապես տարբեր իրավիճակները չտարբերակելը կարող է համարվել չարդարացված վերաբերմունք, որը անհամատեղելի է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ (տե՛ս Բեղելուրին և այլք ընդդեմ Վրաստանի [Begheluri and Others v. Georgia], թիվ 28490/02, «« 173 և 179, 2014 թվականի հոկտեմբերի 7 և Աղդգոմելաշվիլին և Ջափարիձեն ընդդեմ Վրաստանի [Aghdgomelashvili and Japaridze v. Georgia], թիվ 7224/11, « 44, 2020 թվականի հոկտեմբերի 8):
գ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
87. Դատարանը նշում է, որ դիմումատուի բողոքը (տե՛ս վերևում 70-րդ պարբերությունը) բաղկացած է երկու մասից. մի կողմից՝ նա պնդել է, որ իշխանությունները հրկիզմամբ ուղեկցված հարձակման առնչությամբ չեն իրականացրել արդյունավետ քննություն, որը հաշվի կառներ դրա հոմոֆոբ շարժառիթը, մյուս կողմից՝ նա պնդել է, որ իշխանությունները չեն պաշտպանել իրեն ակումբի վրա հետագա հոմոֆոբ հարձակումներից և իր անձի նկատմամբ սպառնալիքներից ու ոտնձգություններից, այդ թվում՝ առցանց հարթակում, և չեն քննել դրանք: Որպես առաջին քայլ՝ Դատարանը կգնահատի, թե արդյոք բավարարվել է ենթադրյալ վատ վերաբերմունքի խստության շեմը, այնուհետև որպես երկրորդ քայլ կանցնի այդ հայեցակետերի առանձին քննությանը։
i) Խստության շեմը
88. Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուն փաստացի ֆիզիկական վնասվածք չի ստացել 2012 թվականի մայիսի 8-ին հրկիզմամբ ուղեկցված հարձակումն իրականացնողների կամ հետագա իրադարձություններին մասնակցած որևէ այլ անձի կողմից: Թեև դիմումատուն իր պնդումներում հակիրճ նշել է, որ ինքը նաև ենթարկվել է ֆիզիկական հարձակումների (տե՛ս վերևում 68-րդ պարբերությունը), Դատարանի տրամադրության ներքո գտնվող նյութերում չկա որևէ ապացույց այն մասին, որ նա որևէ ֆիզիկական վնասվածք է ստացել այդ դեպքերի ժամանակ:
89. Այնուամենայնիվ, Դատարանը կրկին նշում է, որ այն վերաբերմունքը, որը կա՛մ ուրիշների, կա՛մ զոհի աչքերում նվաստացնում կամ ստորացնում է անձին՝ նրա մարդկային արժանապատվության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք կամ նսեմացնելով այն, կամ առաջացնում է վախի, տառապանքի կամ անլիարժեքության զգացումներ, որոնք ունակ են կոտրելու անձի բարոյական և ֆիզիկական դիմադրությունը, կարող է որակվել որպես արժանապատվությունը նվաստացնող, և դրա վրա նույնպես տարածվում է 3-րդ հոդվածով սահմանված արգելքը (տե՛ս վերևում 80-րդ պարբերությունում հիշատակված նախադեպային իրավունքը)։
90. Դատարանը հոմոֆոբ շարժառիթով պայմանավորված վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումներին առնչվող մի քանի այլ գործերով, որոնց դեպքում դիմումատուները չեն ստացել փաստացի ֆիզիկական վնասվածքներ, գտել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված շեմը բավարարվել է (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ Աղդգոմելաշվիլիի և Ջափարիձեի գործը, «« 47-49, որը վերաբերում է ԼԳԲՏ ՀԿ-ի տարածքի խուզարկության ժամանակ ոստիկանության կողմից դրսևորված վիրավորական վարքագծին,այդ թվում, inter alia, ֆիզիկական ուժ կիրառելու սպառնալիքներին, ատելության խոսքին և վիրավորանքներին, ներառյալ՝ հոմոֆոբ ատելությամբ պայմանավորված՝ դիմումատուների չարդարացված անձնական խուզարկությունները և վերևում հիշատակված՝ Կանանց նախաձեռնություններին աջակցող խումբը և այլք գործը, «« 60-61, որը վերաբերում է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության խթանմանն ուղղված ցույցերին, որտեղ առանձին դիմումատուները դարձել էին ատելության դաժան խոսքի և ագրեսիվ վարքագծի թիրախ հակացուցարարների հետ բախումների ժամանակ)։
91. Իսկապես սույն գործով դիմումատուն դարձել է երկարատև եւ ագրեսիվ հոմոֆոբ արշավի, այդ թվում՝ ակումբի վրա հրկիզմամբ ուղեկցված հարձակման, ինչպես նաև սպանության շարունակական սպառնալիքների, ֆիզիկական հալածանքների և ատելության խոսքի թիրախ, այդ թվում՝ առցանց հարթակում, ինչն ի վերջո հանգեցրել է նրան, որ դիմումատուն ընդմիշտ հեռացել է Հայաստանից՝ երկիր, որտեղ նա ապրել է իր ամբողջ կյանքի ընթացքում և ունեցել իր ընտանեկան և սոցիալական կապերը (տե՛ս վերևում 12-րդ, 29-րդ, 31-րդ, 32-րդ, 34-ից 35-րդ, 40-րդ, 42-րդ և 46-րդ պարբերությունները)․ փաստեր, որոնք Կառավարությունը չի վիճարկել։
92. Դատարանը, հաշվի առնելով Հայաստանում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքի վերաբերյալ տարբեր զեկույցները (տե՛ս վերևում 60-րդ, 62-րդ և 64-րդ պարբերությունները), ընդունում է, որ համայնքը գտնվում է անորոշ վիճակում։ Դա հատկապես ակնհայտ է, երբ իրավիճակը գնահատվում է սույն գանգատի առարկա հանդիսացող դեպքերի խտրական բնույթի և դիմումատուի խոցելիության աստիճանի ֆոնի վրա, որը հրապարակայնորեն դարձել է սեռական կանխակալությամբ ուղղորդվող խմբի թիրախը (տե՛ս վերևում 61-րդ և 63-րդ պարբերությունները) (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Իդենտոբան և այլք գործը, « 68):
93. Հաշվի առնելով Դատարանի տրամադրության տակ եղած ապացույցները, այդ թվում՝ տվյալ դեպքերի վերաբերյալ զեկույցները (տե՛ս վերևում 61-րդ և 63-րդ պարբերությունները), պարզ է դառնում, որ հրկիզմամբ ուղեկցված հարձակում իրականացնողների և դիմումատուի նկատմամբ հետագա ոտնձգություններ կատարելու մեջ ներգրավված անձանց պահվածքը եղել է կանխամտածված և պայմանավորված հոմոֆոբ կողմնակալությամբ: Ավելին, այդ ոտնձգությունը նպատակ ուներ խոչընդոտելու դիմումատուին վերաբացել ակումբը, որը մի վայր էր, որտեղ ԼԳԲՏ համայնքի անդամները կարող էին ազատորեն շփվել (տե՛ս վերևում 29-րդ և 36-րդ պարբերությունները):
94. Դատարանը նշում է, որ ակումբը, ընդհանուր առմամբ, և դիմումատուն, մասնավորապես, դարձել են շարունակական ագրեսիայի թիրախ, որը տևել է առնվազն երկու շաբաթ, այդ թվում՝ ակումբը հրկիզելուց հետո գրեթե ամեն օր իրականացվող հարձակումները, բանավոր վիրավորանքներն ու սպառնալիքները, որոնք բացահայտ կերպով ունեցել են խտրական բնույթ և իրականացվել են անհանդուրժողական երանգ ունեցող գործողությունների համատեքստում (տե՛ս, օրինակ, վերևում 30-րդ պարբերությունը): Ավելին, մի պահ դիմումատուն ստիպված է եղել ֆիզիկապես առերեսվել անծանոթ տղամարդկանց հետ, որոնք ուղղակիորեն սպառնացել և լրջորեն նվաստացրել են նրան (տե՛ս մասնավորապես վերևում 35-րդ պարբերությունը): ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ընդհանուր բացասական տրամադրվածության (տե՛ս վերևում 92-րդ պարբերությունը) և միայն մի քանի օր առաջ ակումբի վրա իրականացված ատելության հիմքով բռնի գործողությունների (տե՛ս վերևում 12-րդ կետը) համատեքստում, պարզ է դառնում, որ դիմումատուն կարող էր բռնության սպառնալիքները շատ լուրջ ընդունած լինել։ Դատարանն այս առնչությամբ նկատում է, որ ոստիկանությունն ընդունել է, որ այդ պահին դիմումատուի ֆիզիկական անվտանգությանն սպառնացող իրական վտանգ է եղել (տե՛ս վերևում 45-րդ պարբերությունը): Դատարանն այս առնչությամբ վերահաստատում է, որ 3-րդ հոդվածով արգելված վարքագծի սպառնալիքը կարող է չհամապատասխնել այդ դրույթին՝ պայմանով, որ այն բավականաչափ իրական և անմիջական բնույթ է կրել (տե՛ս, օրինակ, Աբու Զուբայդան ընդդեմ Լիտվիայի [Abu Zubaydah v. Lithuania], թիվ 46454/11, « 631, 2018 թվականի մայիսի 31):
95. Դատարանն այնուհետև նշում է, որ հարձակումների նպատակը, ինչպես նշվել է վերևում (տե՛ս 93-րդ պարբերությունը), ակնհայտորեն դիմումատուին վախեցնելն է եղել, որպեսզի նա հրաժարվի ԼԳԲՏ համայնքին հրապարակայնորեն աջակցելուց, այդ թվում՝ որպես համայնքային նախագիծ համարվող ակումբն աշխատեցնելու համայնքային ակտիվիզմից։ Միևնույն ժամանակ այդ հարձակումները հանգեցրել են նրան, որ կործանման հասցված բիզնեսից ստացվող եկամտի աղբյուրը կորցնելու արդյունքում դիմումատուն զրկվել է իր ապրուստից։ Դիմումատուի հոգեկան ապրումները պետք է ավելի սրված լինեին այն փաստով, որ ոստիկանությունը, տեղյակ լինելով նրա նկատմամբ շարունակվող հոմոֆոբ բռնության, այդ թվում՝ նրա բիզնես գույքին հասցված լուրջ վնասի և իր ու իր գործընկերների ֆիզիկական անվտանգության համար իրական սպառնալիքի առկայության մասին (տե՛ս վերևում 45-րդ և 94-րդ պարբերությունները), պատշաճորեն և ժամանակին չի արձագանքել և դիմումատուի և նրա հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց նկատմամբ պաշտպանության միջոցները ձեռնարկել է միայն ավելի քան մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ նա առաջին անգամ պաշտպանություն է խնդրել, և այդ միջոցների կիրառումը դադարեցվել է միայն հինգ օր հետո՝ առանց որևէ ապացույցի, որ դիմումատուի և նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց նկատմամբ այլևս վատ վերաբերմունք ցուցաբերվելու վտանգ չկա (տե՛ս վերևում 36-րդ և 44-րդ պարբերությունները և ստորև՝ 110-113-րդ պարբերությունները):
96. Համաձայն այս նախապատմության՝ Դատարանը համարում է, որ այն հարցը, թե արդյոք դիմումատուն ստացել է ֆիզիկական վնասվածք, թե ոչ, որոշիչ չէ (տե՛ս վերևում հիշատակված՝ Կանանց նախաձեռնությունների աջակցող խումբը և այլք գործը, « 60):
97. Ընդհանրապես, հաշվի առնելով վերևում նկարագրված՝ դիմումատուի նկատմամբ շարունակական ոտնձգությունների նախապատմությունը և ընդհանուր առմամբ ԼԳԲՏ համայնքի անդամների նկատմամբ գերակշռող բացասական վերաբերմունքը՝ Դատարանը գտնում է, որ այն իրավիճակը, որում դիմումատուն հայտնվել է հրկիզմամբ ուղեկցված հարձակման հետևանքով, ինչպես նաև նրա անձի նկատմամբ հոմոֆոբ ատելության շարժառիթով պայմանավորված հետագա հարձակումները պետք է նրա մոտ անխուսափելիորեն առաջացրած լինեին վախի, տագնապի և անապահովության զգացումներ, որոնք անհամատեղելի են նրա մարդկային արժանապատվության հետ և հետևաբար 3-րդ հոդվածի իմաստով հասել են ծանրության շեմին ՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համակցությամբ։
ii) Հրկիզմամբ ուղեկցված հարձակման գործով ենթադրյալ անարդյունավետ քննության վերաբերյալ
98. Դատարանը նկատում է, որ հրկիզմամբ ուղեկցված հարձակման վերաբերյալ բողոքը ներկայացվել է 2012 թվականի մայիսի 9-ին (տե՛ս վերևում 18-րդ պարբերությունը), և ոստիկանությունը քրեական գործ է հարուցել 2012 թվականի մայիսի 11-ին (տե՛ս վերևում 22-րդ պարբերությունը): Քննությունն ավարտվել է մեկ տարի հետո, և ընդհանուր դատավարությունը տևել է մոտ յոթ ամիս (տե՛ս վերևում 47-րդ և 54-րդ պարբերությունները): Ուստի իշխանությունները, կարելի է ասել, տվյալ ժամանակահատվածում իրականացրել են հրկիզմամբ ուղեկցված հարձակման դեպքի անհապաղ և ողջամտության սահմաններում արագացված քննություն։
99. Այսինքն՝ Դատարանը նկատում է, որ 2012 թվականի մայիսի 8-ի կեսօրին դեպքի վայր ժամանելուն պես ոստիկանությունը որևէ քննչական գործողություն չի իրականացրել։ Այն է՝ նրանք չեն հարցաքննել ոչ մի վկայի և չեն զննել դեպքի վայրը (տե՛ս վերևում 14-րդ պարբերությունը): Ըստ Կառավարության՝ ոստիկանությունը հրկիզմամբ ուղեկցված հարձակման դեպքի վայրը զննել է 2012 թվականի մայիսի 10-ին։ Սակայն նրանք այդ առնչությամբ փաստաթղթային ապացույցներ չեն ներկայացրել։
100. Դատարանն այնուհետև նկատում է, որ մոտակայքում գտնվող ձեռնարկության աշխատակիցների և դիմումատուի ու նրա գործընկերների ջանքերի շնորհիվ է, որ հանցագործություն կատարած անձանցից մեկը նույնականացվել է՝ անվտանգության տեսախցիկի տեսագրություններում ֆիքսված լինելու արդյունքում (տե՛ս վերևում 15-րդ պարբերությունը), որը ոստիկանները տարել են իրենց հետ՝ կրկին առանց որևէ մեկին հարցաքննելու կամ որևէ այլ քննչական գործողություն ձեռնարկելու (տե՛ս վերևում 16-րդ պարբերությունը): Ավելին, ևս մեկ անգամ դիմումատուի և նրա գործընկերների ջանքերի շնորհիվ հանդիպում է կազմակերպվել Ա.Խ.-ի և Հ.Խ.-ի հետ, որի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել նրանց. հանդիպման վայրի մասին ահազանգել են դիմումատուն ու Ն.Դ.-ն (տե՛ս վերևում 17-րդ պարբերությունը):
101. Հետևաբար մինչ դիմումատուն պաշտոնական բողոք կներկայացներ հրկիզմամբ ուղեկցված հարձակման վերաբերյալ, և ոստիկանությունը քրեական գործով վարույթ կհարուցեր (տե՛ս վերևում 18-րդ և 22-րդ պարբերությունները), դիմումատուն և նրա գործընկերներն արդեն Ա.Խ.-ին և Հ.Խ.-ին նույնականացրել էին, որոնք ստանձնել էին հրկիզմամբ ուղեկցված հարձակման ամբողջ պատասխանատվությունը, ինչպես նաև խոստովանել էին դրա հոմոֆոբ շարժառիթը (տե՛ս վերևում 17-րդ պարբերությունը): Հետևաբար իշխանությունները որևէ դժվարություն չեն ունեցել գործը լուծելու հարցում (տե՛ս, ի հակադրություն դրա, վերևում հիշատակված՝ Էմ.Սի.-ն և էյ.Սի.-ն ընդդեմ Ռումինիայի գործը, « 121): Միաժամանակ դեռևս անհասկանալի է, թե ինչու Գ.Կ.-ն մեղադրական եզրակացության մեջ հիշատակվել է որպես «անհայտ անձ» (տե՛ս վերևում 47-րդ պարբերությունը)՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Ա.Խ.-ի և Հ.Խ.-ի տված ցուցմունքներում հստակորեն նույնականացվել է որպես հարձակմանը մասնակցած երրորդ մասնակից (տե՛ս վերևում 19-20-րդ պարբերությունները):
102. Իսկապես, ի տարբերություն նմանօրինակ դեպքերի, երբ Դատարանն ընդգծել է բռնության հետևում թաքնված խտրական շարժառիթների հնարավորության առնչությամբ բովանդակալից քննություն անցկացնելու անհրաժեշտության մասին (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ Իդենտոբան և այլք գործը, « 77, հաջորդող հղումների հետ միասին, «ԷյՍիՍիԻՓիԹի» ասոցիացիան և այլք ընդդեմ Ռումինիայի [Association ACCEPT and Others v. Romania], թիվ 19237/16, « 123, 2021 թվականի հունիսի 1 և վերևում հիշատակված՝ Կանանց նախաձեռնությունների աջակցող խումբը և այլք գործը, « 63), տվյալ գործով ատելության շարժառիթն ի սկզբանե պարզ է եղել, նույնիսկ մինչև ոստիկանության կողմից քննությունն սկսելը։ Այնուամենայնիվ, իշխանությունները հանցագործությունը նկարագրել են միայն որպես «գույքը դիտավորությամբ վնասելը» հատկանիշով և հանցագործությունը կատարած անձանց մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով (տե՛ս վերևում 27-րդ և 57-րդ պարբերությունները), չնայած այն հանգամանքին, որ իրենց տրամադրության տակ ունեցել են անվիճարկելի և ուղղակի ապացույցներ այն մասին, որ ակումբի հրկիզումը պայմանավորված է եղել դիմումատուի սեռական կողմնորոշմամբ և ընդհանուր առմամբ ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ունեցած կողմնակալությամբ. փաստեր, որոնք, ընդ որում, հստակորեն ընդունվել են մեղադրական եզրակացության մեջ (տե՛ս վերևում 47-րդ պարբերությունը):
103. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի՝ ներպետական քրեական իրավունքի մեխանիզմների արդյունավետ կիրառման համար պահանջվող նման ապացույցների առկայությամբ հնարավոր է պարզել և բացահայտել բռնի միջադեպի հետևում թաքնված հոմոֆոբ բնույթի ատելության շարժառիթը և անհրաժեշտության դեպքում պատշաճ ձևով պատժել մեղավորներին ( տե՛ս վերևում 85-րդ պարբերությունը): Դատարանը, այնուամենայնիվ, նկատում է, որ, ինչպես ընդունվել է Կառավարության կողմից, ներպետական քրեական իրավունքում նման մեխանիզմներ գոյություն չունեն (տե՛ս վերևում 71-րդ պարբերությունը): Մասնավորապես ներպետական քրեական օրենսդրությամբ չի նախատեսվում, որ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքերով խտրականությունը պետք է դիտարկվի որպես կանխակալ շարժառիթ և ծանրացնող հանգամանք հանցագործության կատարման դեպքում (տե՛ս վերևում 57-րդ պարբերությունում մեջբերված՝ Քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածը, 60-րդ պարբերությունում մեջբերված՝ ՌԱԵՀ-ի զեկույցի 2-րդ և 25-րդ կետերը և տե՛ս, ի հակադրություն դրա, վերևում հիշատակված՝ Իդենտոբան և այլք գործը, « 77): Ավելին, Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը, որով քրեականացվում է ատելություն հրահրելը (տե՛ս վերևում 57-րդ պարբերությունը), չի վերաբերում սեռական կողմնորոշմանը և գենդերային ինքնությանը: Արդյունքում ակումբի վրա հարձակումը, որը կատարվել էր հստակ սահմանված հոմոֆոբ բնույթի ատելության շարժառիթով, քննչական մարմինների և հետագայում դատարանների կողմից դիտարկվել է որպես հրկիզման սովորական հանցագործություն (տե՛ս վերևում 47-րդ, 50-րդ և 52-րդ պարբերությունները)՝ իրավական հետևանքների առումով արդյունավետորեն անտեսելով ատելության հիմքով հանցանքի բնույթը: Այսինքն, թեև հրկիզմամբ ուղեկցված հարձակման դեպքը պաշտոնապես քննվել է, իսկ հանցանք կատարած անձինք՝ դատապարտվել, հանցագործության իրավական գնահատականի մեջ հաշվի չի առնվել հրկիզմամբ ուղեկցված հարձակման ատելության շարժառիթը՝ հանցագործության այս հիմնարար հայեցակետն արդյունավետ կերպով դարձնելով անտեսանելի և քրեական առումով նշանակություն չունեցող:
104. Դատարանը նշում է, որ ՌԱԵՀ-ի կողմից շեշտվել է, որ Քրեական օրենսգրքում ցանկացած սովորական հանցագործության համար հոմո(տրանսֆոբ) շարժառիթի ծանրացնող հանգամանք հանդիսանալն ամրագրող դրույթի ավելացման հետ միասին Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության վերաբերյալ դրույթ ներառելը կարևոր է ԼԳԲՏ անձանց պաշտպանության համապատասխան մակարդակ ապահովելու համար: Այդ առաջարկությունը, սակայն, հաշվի չի առնվել։ Դատարանը նաև նշում է, որ իշխանությունների ուշադրությունը նաև հրավիրվել է ընդհանուր առմամբ խտրականության վերաբերյալ համապարփակ օրենսդրության բացակայության, այդ թվում՝ խտրականության իրավական սահմանման կամ խտրականության վերաբերյալ բողոքները քննելու համապատասխան մեխանիզմի բացակայության վրա (տե՛ս վերևում՝ 60-րդ պարբերությունում հիշատակված՝ ՌԱԵՀ-ի զեկույցի 25-րդ և 91-րդ կետերը, տե՛ս նաև վերևում՝ 62-րդ պարբերությունում հիշատակված՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Եզրափակիչ դիտարկումների 6-րդ կետը):
105. Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով ակումբի վրա հրկիզմամբ ուղեկցված հարձակման հետևում թաքնված ակնհայտ ատելության շարժառիթը և պատասխանող պետությունում ԼԳԲՏ համայնքի իրավիճակի անկայունությունը (տե՛ս վերևում 64-րդ և 62-րդ պարբերությունները, վերևում՝ 60-րդ պարբերությունում հիշատակված՝ ՌԱԵՀ-ի զեկույցի 90-րդ կետը, և վերևում՝ 62-րդ պարբերությունում հիշատակված՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Եզրափակիչ դիտարկումների 10-րդ կետը), կարևոր է, որ համապատասխան ներպետական իշխանությունները պատշաճ կերպով անդրադառնան ԼԳԲՏ անձանց համար ազատորեն շփվելու հնարավորությամբ ապահով տարածք համարվող ակումբի վրա հրկիզմամբ ուղեկցված հարձակման շարժառիթ հանդիսացող խտրականության խնդրին (տե՛ս վերևում հիշատակված՝ Էմ․Սի.-ն և Էյ․Սի․-ն ընդդեմ Ռումինիայի գործը, « 124):
106. Դատարանը համարում է, որ իրավապահ մարմինների կողմից նման ոչ խիստ մոտեցմամբ կանխակալության շարժառիթով պայմանավորված հանցագործության դեպքերն անխուսափելիորեն կդիտարկվեն հավասար հարթության վրա, ինչպես նման հատկանիշներ չունեցող հանցագործությունները, և արդյունքում առաջացած անտարբերությունը կարող է հավասարազոր լինել նրան, որ ատելության հիմքով հանցագործությունները կատարվեն պաշտոնական անձի թույլտվությամբ կամ նույնիսկ նրանց թողտվությամբ (տե՛ս Իդենտոբան և այլք գործը, « 77 և «ԷյՍիՍիԻՓիԹի» ասոցիացիան և այլք գործը, « 124, երկուսն էլ հիշատակված են վերևում): Ավելին, Էապես տարբեր իրավիճակները կարգավորելու եղանակները չտարբերակելը կարող է լինել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ անհամատեղելի չհիմնավորված վերաբերմունք» (տե՛ս վերևում 85-րդ պարբերությունը և, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Բեղելուրին և այլք գործը, « 173):
107. Վերջապես, դիմումատուն պնդել է, որ քրեական գործով քննության արժանահավատությունն ի սկզբանե հիմնովին խաթարված է եղել, քանի որ ոստիկանությունը բացահայտորեն հայտնել է, որ արդարացնում է հանցագործություն կատարած անձանց շարժառիթը (տե՛ս վերևում 70-րդ պարբերությունը): Դատարանը նշում է, որ դիմումատում իր գանգատում բավականին անորոշ ձևով ներկայացրել է, որ ոստիկանության ծառայողները «իրեն հասկացրել են», որ իրենք սատարում են Ա.Խ.-ին և Հ.Խ.-ին իրենց գործողություններում, իսկ իր դիտարկումներում նա պնդել է, որ ոստիկանության ծառայողները «դատապարտել են իր գործողությունները» և «մեկնաբանել են, որ կարծես բավական չէ, որ [նա] համասեռամոլ է, [նա նաև գնացել է] Թուրքիա և այնտեղ համերգ տվել» (տե՛ս վերևում 18-րդ պարբերությունը): Կառավարությունն այս առնչությամբ բողոքարկել է դիմումատուի պնդումը: Թեև Դատարանը չի կարող պարզել, թե արդյոք ոստիկանության ծառայողները, որոնք գրանցել են քրեական գործ հարուցելու մասին դիմումատուի հաղորդումը, իսկապես արել են դիմումատուի կողմից հետագայում հաստատված մեկնաբանությունները, այն նշում է, որ այդ ժամանակ առաջատար քաղաքական գործիչները, այդ թվում՝ այն ժամանակ իշխող քաղաքական կուսակցությունը ներկայացնող մի բարձրաստիճան պաշտոնյա արդարացրել են ակումբի վրա հրկիզմամբ ուղեկցված հարձակումը (տե՛ս վերևում 33-րդ, 37-րդ, 39-րդ, 61-րդ և 63-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, հաշվի առնելով հրկիզմամբ ուղեկցված հարձակման հոմոֆոբ շարժառիթը ներպետական իրավունքի համաձայն պատշաճ կերպով գնահատելու նախկինում հայտնաբերված օրինական հնարավորությունների բացակայությունն իրավապահ մարմինների համար (տե՛ս վերևում 102-104-րդ պարբերությունները)՝ Դատարանի համար որևէ հիմք չկա համարելու, որ համապատասխան պետական մարմինների կողմից՝ ակումբի վրա հրկիզմամբ ուղեկցված հարձակման արդյունավետ քննություն իրականացնելու դրական պարտավորությունը չկատարելու հիմքում ընկած է խտրական մոտեցումը (համեմատի՛ր Բեյզարասը և Լևիցկասն ընդդեմ Լիտվայի [Beizaras and Levickas v. Lithuania], թիվ 41288/15, « 129, 2020 թվականի հունվարի 14):
108. Վերը նշված նկատառումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ իշխանությունները չեն կատարել արդյունավետ կերպով քննություն իրականացնելու իրենց դրական պարտավորությունը՝ պարզելու համար, թե արդյոք ակումբի վրա հրկիզմամբ ուղեկցված հարձակումը, որը պայմանավորված է եղել դիմումատուի սեռական կողմնորոշմամբ, հոմոֆոբ շարժառիթով կատարված հանցագործություն է (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ «ԷյՍիՍիԻՓիԹի» ասոցիացիան և այլք գործը, « 126):
iii) Հրկիզման դեպքին հաջորդող հարձակումներին և ատելության խոսքին առնչվող՝ դիմումատուի բողոքների մասով իշխանությունների արձագանքի և դրանց ի պատասխան ձեռնարկված քայլերի վերաբերյալ
1) Հրկիզման դեպքին հաջորդող հարձակումները
109. Դատարանը նկատում է, որ հրկիզմամբ ուղեկցված հարձակմանը հաջորդող օրերի ընթացքում ակումբն ընդհանրապես և դիմումատուն անձամբ դարձել են մի շարք անձանց կողմից շարունակական ագրեսիայի թիրախը: Նրանց գործողությունները, այդ թվում՝ բանավոր վիրավորանքն ու սպառնալիքները, կոնկրետ ուղղված են եղել դիմումատուին: Մասնավորապես 2012 թվականի մայիսի 10-ին մի քանի անձինք, որոնք այցելել են ակումբ և ագրեսիվ են գործել, սպառնացել են դիմումատուին հետագա հարձակմամբ, եթե նա փորձի վերաբացել ակումբը: Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի վիճարկել դիմումատուի տված այն ցուցմունքը, որ ոստիկանությունը ժամանել է զգալի ուշացումով և որևէ քննչական գործողություն չի ձեռնարկել (տե՛ս վերևում 29-րդ պարբերությունը): Դրանից հետո՝ 2012 թվականի մայիսի 17-ին, երեք տղամարդ այցելել են ակումբ և կոտրել կահույքը: Նրանք նաև բարձրաձայն վիրավորել են, սպառնացել են դիմումատուին և թքել նրա վրա (տե՛ս վերևում 35-րդ պարբերությունը): Հերթական հարձակումը տեղի է ունեցել 2012 թվականի մայիսի 21-ին, երբ մոտ հիսուն հոգուց բաղկացած խումբը մտել է ակումբ և վանդալիզմի ենթարկել այն՝ մասնավորապես կոտրելով կահույքը և թողնելով սպառնալիք պարունակող հաղորդագրություններ և կեռխաչեր: Դիմումատուի պնդմամբ՝ ոստիկանության ծառայողները, որոնք իր զանգից հետո ժամանել են, զննել են ակումբը և հեռացել՝ առանց որևէ միջոց ձեռնարկելու (տե՛ս վերևում 40-41-րդ պարբերությունները): Կառավարությունը չի վիճարկել այդ փաստը։
110. Դատարանը նաև նկատում է, որ 2012 թվականի մայիսի 17-ի միջադեպից հետո դիմումատուն նույն օրը բողոք է ներկայացրել ոստիկանապետին՝ խնդրելով բացահայտել հարձակում իրականացնողներին: Նա մանրամասն ցուցմունք է տվել միջադեպի և հարձակումն իրականացնողների համապատասխան անձնական տվյալների վերաբերյալ: Նա նաև պահանջել է պաշտպանական միջոցներ ձեռնարկել՝ հաշվի առնելով իր և ակումբի դեմ իրականացվող հարձակումների շարունակական բնույթը: Դիմումատուն նմանատիպ պահանջ է ներկայացրել հաջորդ օրը (տե՛ս վերևում 36-րդ և 38-րդ պարբերությունները):
111. Դատարանը նաև նկատում է, որ տեղի են ունեցել այլ բռնարարքներ, որոնց առնչությամբ դիմումատուն կոնկրետ չի փորձել ոստիկանությունից օգնություն ստանալ կամ առանձին բողոքներ չի ներկայացրել: Մասնավորապես հրկիզմամբ ուղեկցված հարձակումից հետո մարդկանց խմբեր հարձակվել են ակումբի վրա՝ դիմումատուին պատճառելով նյութական վնաս և սպառնալով նրան (տե՛ս վերևում 30-րդ պարբերությունը): Ավելին, 2012 թվականի մայիսի 15-ին մի խումբ տղամարդիկ հարձակվել են ակումբի վրա: Նրանք կոտրել են սարքավորումները և պատերին թողել են սպառնալիք պարունակող հաղորդագրություններ, որոնք ներառել են կեռխաչ խորհրդանիշներ և հոմոֆոբ բնույթի մեկնաբանություններ (տե՛ս վերևում 34-րդ պարբերությունը):
112. Դատարանը նշում է, որ ոստիկանությունը պաշտպանության միջոցներ է կիրառել դիմումատուի և նրա հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց նկատմամբ միայն 2012 թվականի մայիսի 25-ին, մինչդեռ դիմումատուն պահանջել է պաշտպանության միջոցներ ձեռնարկել արդեն 2012 թվականի մայիսի 17-ին և վերահաստատել է իր պահանջը 2012 թվականի մայիսի 18-ին (տե՛ս վերևում 36-րդ, 38-րդ և 44-րդ պարբերությունները)՝ հաշվի առնելով նախորդ օրերի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ բռնարարքների դեպքերը (տե՛ս վերևում 29-30-րդ և 34-րդ պարբերությունները):
113. Դատարանը նաև նշում է, որ դիմումատուի և նրա հետ հարաբերությունների մեջ գտնվող անձանց նկատմամբ պաշտպանության միջոցները դադարեցվել են հինգ օր հետո (տե՛ս վերևում 44-րդ պարբերությունը): Սակայն պաշտպանության միջոցները հանելու հիմքերը մնում են անհասկանալի։ Դատարանի կարծիքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը որոշել է պաշտպանության միջոցներ ձեռնարկել, քանի որ, ըստ վերջինիս գնահատականի, առկա է եղել «դիմումատուի կյանքին, առողջությանը և գույքին սպառնացող իրական վտանգ» (տե՛ս վերևում 45-րդ պարբերությունը), դրանք հանելու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ է եղել նույն ռիսկերի առկայության մանրակրկիտ վերագնահատում։ Այնուամենայնիվ, Կառավարությունը չի բացատրել իշխանությունների՝ միջոցառումների իրականցումը դադարեցնելու մասին որոշման պատճառները։
114. Դատարանն այս հիմնավորմամբ եզրակացնում է, որ իշխանությունները չեն կարողացել 2012 թվականի մայիսի 8-ին տեղի ունեցած հրկիզմամբ ուղեկցված հարձակումից հետո մասնավոր անձանց կողմից կողմնակալության շառժառիթով իրականացված հարձակումներից դիմումատուին պատշաճ պաշտպանություն տրամադրել (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Իդենտոբան և այլք գործը, « 74):
115. Վերջապես, Դատարանի տրամադրության տակ եղած նյութերում չկա որևէ ապացույց, որը ցույց կտա, որ դիմումատուի կողմից 2012 թվականի մայիսի 17-ին և 21-ի ներկայացված բողոքներին հետևել է որևէ քայլ (տե՛ս վերևում 36-րդ, 41-րդ և 110-րդ պարբերությունները): Ըստ ոստիկանության՝ 2012 թվականի մայիսի 15-ին, 17-ին և 21-ին տեղի ունեցած դեպքերը պետք է քննվեին 2012 թվականի մայիսի 8-ին տեղի ունեցած հրկիզմամբ ուղեկցված հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում (տե՛ս վերևում 45-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, ո՛չ մեղադրական եզրակացության մեջ, ո՛չ էլ հետագա դատական որոշումներում (տե՛ս վերևում 47-րդ, 50-րդ և 52-րդ պարբերությունները) որևէ հիշատակում չի եղել այդ դեպքերի, առավել ևս դրանց առնչությամբ իրականացված քննչական միջոցառումների մասին, եթե այդպիսիք եղել են: Բացի այդ, Դատարանը նշում է, որ ամեն դեպքում Կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ իրավապահ մարմինները որևէ օրինական հնարավորություն չեն ունեցել պատշաճ կերպով անդրադառնալու տվյալ բռնության դեպքին, մասնավորապես՝ նրանց հոմոֆոբ շարժառիթները ներպետական իրավունքի համաձայն պատշաճ կերպով գնահատելու (տե՛ս վերևում 102-104-րդ պարբերությունները)։
116. Համապատասխանաբար Դատարանը գտնում է, որ իշխանությունները պատշճորեն քննություն չեն իրականացրել դիմումատուի՝ հոմոֆոբ շարժառիթով պայմանավորված վիրավորանքի վերաբերյալ պնդումների առնչությամբ (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ «ԷյՍիՍիԻՓիԹի» ասոցիացիան և այլք գործը, «« 123-126):
2) Ատելության խոսքը
117. Դատարանը նկատում է, որ 2012 թվականի մայիսի 8-ին ակումբի վրա հրկիզմամբ ուղեկցված հարձակմանը հաջորդող ամողջ ժամանակահատվածում դիմումատուն թիրախավորվել է սոցիալական մեդիա հարթակներում (մասնավորապես՝ «Facebook» և «YouTube» սոցիալական հարթակներում). առցանց հարթակում նրա հասցեին հնչել են խիստ վիրավորական ելույթներ (տե՛ս վերևում 31-32-րդ և 42-րդ պարբերությունները): Այն նշում է, որ սոցիալական մեդիայով դիմումատուի դեմ ուղղված վիրավորանքները ներառել են բռնության բազմաթիվ ուղղակի կոչեր, ներառյալ այն, որ նրան «պետք է այրեն» կամ «դնեն էլեկտրական աթոռին», որ «[հրկիզումն իրականացրած անձինք] պետք է մտցնեին [դիմումատուին] ներս, ապա հրդեհեին [ակումբը]» և այլն (տե՛ս մասնավորապես վերևում 32-րդ պարբերությունը):
118. Դատարանը նաև նկատում է, որ դիմումատուն ոստիկանություն է ներկայացրել իր մոտ եղած ապացույցները, այդ թվում՝ համապատասխան վեբ էջերի տեսապատճենները, որոնք պարունակել են հոմոֆոբ բնույթի մեկնաբանություններ (տե՛ս վերևում 43-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, Դատարանի տրամադրության տակ եղած նյութերում չկա որևէ ապացույց, որը կարող է ենթադրել, որ այդ հարցի առնչությամբ որևէ էական քայլ է ձեռնարկվել: Կառավարությունը պնդել է, որ «օպերատիվ հետախուզական միջոցառումներ» են ձեռնարկվել՝ դիմումատուի նկատմամբ առցանց հարթակում ոտնձգությունները քննելու համար (տե՛ս վերևում 71-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, նրանք չեն տրամադրել այդ պնդումը հիմնավորող մանրամասներ կամ փաստաթղթեր։
119. Դատարանը, թեև ուշադիր է, որ յուրաքանչյուր և ամեն ասված ատելության խոսք, որպես այդպիսին, չպետք է ենթադրի քրեական հետապնդում և քրեական պատժամիջոցների կիրառում, վերահաստատում է իր այն եզրակացությունը, որ այն մեկնաբանությունները, որոնք հավասարազոր են ատելության խոսքին և բռնություն հրահրելուն, և հետևաբար առաջին հայացքից ակնհայտորեն անօրինական են, կարող են, ընդհանուր առմամբ, պետություններից պահանջել որոշակի դրական միջոցների իրականացում։ Այն նույն կերպ վճռել է, որ ատելություն հրահրելը պարտադիր չէ, որ ենթադրի բռնության կամ այլ հանցավոր արարք կատարելու կոչ: Բնակչության որոշակի խմբերին վիրավորելու, ծաղրի ենթարկելու կամ զրպարտելու միջոցով կատարվող հարձակումները կարող են բավարար լինել, որպեսզի իշխանությունները նպաստեն ռասիստական խոսքի դեմ պայքարին՝ ի դեմս անպատասխանատու ձևով իրագործվող խոսքի ազատության (տե՛ս վերևում հիշատակված՝ «ԷյՍիՍիԻՓիԹի» ասոցիացիան և այլք գործը, « 119)։
120. Դատարանն արդեն մատնանշել է, որ քրեական պատժամիջոցները, այդ թվում՝ այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են ատելության ամենալուրջ դրսևորումների համար, այլոց բռնության հրահրելու համար, կարող են կիրառվել միայն որպես բացառիկ միջոց (ultima ratio): Այդպիսով, այն նաև վճռել է, որ անձի ֆիզիկական կամ մտավոր վիճակի կայունության դեմ ուղղված լուրջ հանցանք հանդիսացող արարքների դեպքում միայն արդյունավետ քրեաիրավական մեխանիզմները կարող են ապահովել համարժեք պաշտպանություն և ծառայել որպես կանխարգելիչ գործոն: Դատարանը նաև ընդունել է, որ խտրական վերաբերմունքի շարժառիթներով պայմանավորված ուղղակի բարոյական վիրավորանքի և ֆիզիկական սպառնալիքների նկատմամբ պահանջվում է իրականացնել քրեաիրավական միջոցներ (տե՛ս վերևում հիշատակված՝ Բեյզարասի և Լևիցկասի գործը, «« 110‑111, հաջորդող հղումների հետ միասին): Ավելին, Դատարանը համարել է, որ դա հավասարապես վերաբերում է մարդկանց սեռական կողմնորոշման և սեռական կյանքի դեմ ուղղված ատելության խոսքին։ Այդ դեպքում այն գտել է, որ «դիմումատուների ֆիզիկական կամ մտավոր վիճակի կայության դեմ [հարձակումներ] իրականցնելու անթաքույց կոչերը պահանջում [ել] են քրեական իրավունքով նախատեսված պաշտպանություն» (նույն տեղում, « 128): Դատարանի կարծիքով՝ սույն գործի շրջանակներում ատելությամբ լցված մեկնաբանությունները պարունակել են դիմումատուի նկատմամբ բռնության նմանատիպ անթաքույց կոչեր, որոնք պահանջել են քրեական իրավունքով նախատեսված պաշտպանություն: Այնուամենայնիվ, ինչպես նշվել է վերևում, ներպետական քրեական իրավունքի համաձայն նման հնարավորություն չի եղել (տե՛ս վերևում 102-104-րդ պարբերությունները): Բացի այդ, հաշվի առնելով փաստացի բռնարարքները, այդ թվում՝ ակումբի վրա հրկիզմամբ ուղեկցված հարձակումը և դիմումատուի նկատմամբ հետագա հոմոֆոբ բնույթի հարձակումները, որոնք նախորդել են առցանց հարթակում հնչած բանավոր վիրավորանքներին, իշխանությունները պետք է առավել լուրջ ընդունեին սոցիալական մեդիայի հարթակներում տեղադրված ատելությամբ լցված մեկնաբանությունները: Փոխարենը, ինչպես նշվել է վերևում, խորհրդարանականներն ու բարձրաստիճան քաղաքական գործիչները իրենք են անհանդուրժող հայտարարություններ արել՝ հրապարակայնորեն հավանություն տալով հրկիզմամբ ուղեկցված հարձակում իրականացրած անձանց արարքներին (տե՛ս վերևում 33-րդ, 37-րդ և 39-րդ պարբերությունները, տե՛ս նաև միջազգային մարմինների համապատասխան զեկույցները վերևում հիշատակող՝ 61-րդ և 63-րդ պարբերությունները):
121. Վերջապես, Դատարանը հաշվի է առնում Կառավարության կողմից մատնանշված ներպետական իրավունքի էվոլյուցիան, համաձայն որի՝ այժմ արգելվում է ատելության խոսքը (տե՛ս վերևում 73-րդ պարբերությունը և վերջերս ընդունված Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածը՝ հիշատակված 58-րդ պարբերությունում): Այն, այնուամենայնիվ, նկատում է, որ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը դեռևս ներառված չեն ատելության խոսքի հանցագործության զոհերի բնութագրերում՝ չնայած համապատասխան միջազգային մարմինների՝ այդ առնչությամբ արված առաջարկություններին (տե՛ս վերևում 104-րդ պարբերությունը):
122. Դատարանը, հաշվի առնելով վերոնշյալը, գտնում է, որ իշխանությունները պատշաճ կերպով չեն արձագանքել հոմոֆոբ բնույթի ատելության խոսքին, որի անմիջական թիրախն է եղել դիմումատուն՝ իր սեռական կողմնորոշման պատճառով:
iv) Եզրակացությունը
123. Հաշվի առնելով վերոնշյալ՝ 108-րդ, 114-րդ, 116-րդ և 122-րդ պարբերություններում պարունակվող եզրակացությունները՝ Դատարանը գտնում է, որ հաստատվել է այն հանգամանքը, որ իշխանությունները չեն կարողացել դիմումատուին հոմոֆոբ բնույթի հարձակումներից և ատելության խոսքից պատշաճ կերպով պաշտպանել և նրա նկատմամբ դրևորած ատելության շարժառիթով վատ վերաբերմունքը, այդ թվում՝ ակումբի վրա հրկիզմամբ ուղեկցված հարձակումը և դրան հաջորդող հոմոֆոբ բնույթի հարձակումները պատշաճորեն չեն քննել։
124. Հետևաբար տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համակցությամբ:
125. Այդ եզրակացությունը նշանակում է, որ Դատարանը կարիք չունի ուսումնասիրելու Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն ներկայացված պնդումները՝ 14-րդ հոդվածի հետ համակցությամբ (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Էմ. Սի.-ն և Էյ. Սի.-ն ընդդեմ Ռումինիայի գործը, « 126):
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
126. Դիմումատուն բողոքել է, որ իրեն պաշտպանության արդյունավետ միջոց չի տրամադրվել, որով հնարավոր կլիներ իր կոնվենցիոն իրավունքների ենթադրյալ խախտման հետ կապված բողոքները ներկայացնել ներպետական իշխանություններին, ինչի հետևանքով խախտվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածը՝ 3-րդ, 8-րդ և 14-րդ հոդվածների հետ համակցությամբ։ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը շարադրված է հետևյալ կերպ.
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
127. Կողմերն այս առնչությամբ դիտարկումներ են ներկայացրել։
128. Դատարանը, հաշվի առնելով գործի փաստերը, կողմերի պնդումները և Կոնվենցիայի 3-րդ և 14-րդ հոդվածներին վերաբերող իր եզրակացությունները (տե՛ս վերևում 123-րդ պարբերությունը), գտնում է, որ այդ բողոքը նույնպես ընդունելի է, սակայն ուսումնասիրելով սույն գանգատում բարձրացված հիմնական իրավական հարցերը՝ հետևաբար համարում է, որ այդ բողոքին, ըստ էության, առանձին ընթացք տալու անհրաժեշտություն չկա (տե՛ս [Վալենտին Կամպեանույի անունից Իրավական ռեսուրսների կենտրոնն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin CՉmpeanu v. Romania [GC]], թիվ 47848/08, « 156, ՄԻԵԴ 2014, հաջորդող հղումների հետ միասին և, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Էմ.Սի.-ն և Էյ.Սի.-ն ընդդեմ Ռումինիայի գործը, « 129)։
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
129. Հղում անելով Կոնվենցիայի 46-րդ հոդվածին՝ դիմումատուն պահանջել է կիրառել ընդհանուր միջոցներ, որոնք կապահովեն կառուցվածքային փոխհատուցում: Մասնավորապես նա խնդրել է, որ Դատարանը հանձնարարի Կառավարությանն ըստ անհրաժեշտության ներդնել պատժամիջոցներին առնչվող համապարփակ ընդլայնված դրույթներ կոնկրետ հանցանքների դեպքում. փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածում՝ հոմոֆոբ բնույթի շարժառիթները որպես բացահայտ ծանրացնող գործոններ ներառելու համար, և փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում (տե՛ս վերևում 57-րդ պարբերությունը)՝ որպես պաշտպանության հիմք սեռական կողմնորոշումը ներառելու համար:
130. Կառավարությունն այս հարցի վերաբերյալ որևէ փաստարկ չի ներկայացրել։
131. Դատարանը կրկին նշում է, որ իր վճիռները հիմնականում ունեն հռչակագրային բնույթ, և ընդհանուր առմամբ տվյալ պետությունն ինքն է ընտրում այն միջոցները, որոնք պետք է օգտագործի իր ներպետական իրավական համակարգում՝ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված իր իրավական պարտավորությունները կատարելու համար՝ պայմանով, որ նման միջոցները համատեղելի են Դատարանի վճռում ամրագրված եզրակացությունների հետ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ակդիվարը և այլք ընդդեմ Թուրքիայի (Հոդված 50) [Akdivar and Others v. Turkey (Article 50)], 1998 թվականի ապրիլի 1, « 47, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-II, Սկոցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Scozzari and Giunta v. Italy [GC]], թիվ 39221/98 և 41963/98, « 249, ՄԻԵԴ 2000-VIII, և Բրումերեսկին ընդդեմ Ռումինիայի (արդարացի հատուցում) [ՄՊ] [Brumărescu v. Romania (just satisfaction) [GC]], թիվ 28342/95, « 20, ՄԻԵԴ 2001-I)։ Վճռի կատարման ձևի վերաբերյալ այս հայեցողությունն արտացոլում է ընտրության ազատությունը, որը կապված է Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու ազատություններն ապահովելու՝ Պայմանավորվող պետությունների հիմնական պարտավորության հետ (հոդված 1) (տե՛ս, mutatis mutandis, Պապամիխալոպուլոսը և այլք ընդդեմ Հունաստանի (հոդված 50) [Papamichalopoulos and Others v. Greece (Article 50)], 1995 թվականի հոկտեմբերի 31, « 34, շարք Ա, թիվ 330-Բ):
132. Դատարանը, հաշվի առնելով վերևում նշված հաստատված սկզբունքները և գործի առանձնահատուկ հանգամանքները, նպատակահարմար է գտնում Կառավարության վրա թողնել այն միջոցների ընտրությունը, որոնք պետք է օգտագործվեն ներպետական իրավական համակարգում՝ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված իր իրավական պարտավորությունը կատարելու համար:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
133. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
134. Դիմումատուն պահանջել է 20 000 եվրո (եվրո)՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
135. Կառավարությունն առարկել է դիմումատուի պահանջի դեմ՝ պնդելով, որ այն չափազանցված է։
136. Դատարանը գտնում է, որ դիմումատուն, անկասկած, կրել է ոչ նյութական վնաս, որը չի կարող փոխհատուցվել բացառապես խախտման հայտնաբերմամբ: Հաշվի առնելով հայտնաբերված խախտումների բնույթը և իր գնահատումը կատարելով արդարացիության սկզբունքի հիման վրա՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 12 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում ՝գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
Բ. Ծախսերը և ծախքերը
137. Դիմումատուն նաև պահանջել է 2 000 եվրո և 10 725 ֆունտ ստեռլինգ (անգլիական ֆունտ ստեռլինգ)՝ Դատարանում կրած ծախսերի համար, և լրացուցիչ 1 086.393 ֆունտ ստեռլինգ, 479 եվրո և 84 252 հայկական դրամ (ՀՀ դրամ)՝ գրավոր թարգմանության և այլ վարչական ծախքերի համար։ Պահանջին կցվել են համապատասխան հաշիվ-ապրանքագրեր:
138. Կառավարությունը պնդել է, որ այդ պահանջը չափազանցված է։ Նրանց կարծիքով՝ դիմումատուն աշխատանքի է ընդունել չափազանց մեծ թվով փաստաբաններ, և գրավոր թարգմանության ծախսերն ավելորդ են եղել՝ հաշվի առնելով, որ Դատարանը դիմումատուին չի խնդրել տրամադրել գանգատին կից ներկայացված փաստաթղթերի գրավոր թարգմանությունները։
139. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործում Դատարանը համարում է, որ դիմումատուն ցույց չի տվել, որ պահանջվող բոլոր ծախսերը կատարվել են անհրաժեշտությունից ելնելով և ողջամտորեն։ Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերը նշված չափորոշիչները՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 4 500 եվրո՝ որպես Դատարանի վարույթում կրած ծախսերի և ծախքերի համար հատուցում՝ գումարած դիմումատուին վճարվող գումարից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը վճարվելու է Միացյալ Թագավորությունում նրա ներկայացուցիչների բանկային հաշվին։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
140. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Հայտարարում է գանգատներն ընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համակցությամբ.
4. Վճռում է, որ անհրաժեշտ չէ քննել մնացած բողոքները.
5. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատուին պետք է վճարի հետևյալ գումարները.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 12 000 եվրո (տասներկու հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 4 500 (չորս հազար հինգ հարյուր եվրո) եվրո՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է վճարվի Միացյալ Թագավորությունում դիմումատուի ներկայացուցիչների բանկային հաշվեհամարին.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի մայիսի 17-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Իլզե Ֆրայվըրթ՝ Յոնկո Գրոզև՝
Քարտուղարի տեղակալ
Նախագահ