Անցնել բովանդակությանը

Հոդված 3. (+ հոդված 14) ● Անմարդկային և նվաստացնող վերաբերմունք ● Դրական պարտավորություններ ● Սեռական կողմնորոշման հիմքով խտրականություն ● Պետության կողմից ԼԳԲՏ ակումբի սեփականատիրոջ և հոմոֆոբ ակտիվիստի գույքը հրկիզելուց, նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելուց և բանավոր վիրավորանք հասցնելուց չպաշտպանելը, ինչպես նաև արդյունավետ քննություն չիրականացնելը ● Խտրականության վերաբերյալ բողոքների քննության համար արդյունավետ ներպետական քրեական իրավունքի մեխանիզմների բացակայություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3 (+ հոդված 14) ● Անմարդկային և նվաստացնող վերաբերմունք ● Դրական պարտավորություններ ● Սեռական կողմնորոշման հիմքով խտրականություն ● Պետության կողմից ԼԳԲՏ ակումբի սեփականատիրոջ և հոմոֆոբ ակտիվիստի գույքը հրկիզելուց, նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելուց և բանավոր վիրավորանք հասցնելուց չպաշտպանելը, ինչպես նաև արդյունավետ քննություն չիրականացնելը ● Խտրականության վերաբերյալ բողոքների քննության համար արդյունավետ ներպետական քրեական իրավունքի մեխանիզմների բացակայություն

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

17 մայիսի 2022 թ.

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

Օգանեզովան ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Յոնկո Գրոզև [Yonko Grozev]՝ Նախագահ,

Թիմ Այքը [Tim Eicke],

Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],

Յուլյա Անտոանելլա Մոտոկ [Iulia Antoanella Motoc],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer],

Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,

և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Արմինե Օգանեզովայի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության, համապատասխանաբար, 2012 թվականի նոյեմբերի 8-ին և 2013 թվականի հունվարի 15-ին Դատարան ներկայացված գանգատները (թիվ 71367/12 և թիվ 72961/12),

Կոնվենցիայի 3-րդ, 8-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների առնչությամբ բողոքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատները մնացած մասով անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,

Կառավարության կողմից ներկայացված դիտարկումները և դիմումատուի կողմից ի պատասխան ներկայացված դիտարկումները,

Բաժանմունքի նախագահի կողմից ներգրավվելու թույլտվություն ստացած, ՄԼԳԱ-Եվրոպայի կողմից ամբողջությամբ ներկայացված՝ Լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանս և ինտերսեքսների միջազգային ասոցիացիայի եվրոպական տարածաշրջան (ՄԼԳԱ-Եվրոպա), Անհատական իրավունքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրման եվրոպական կենտրոն (ԱԻԽԵ կենտրոն), «Հյումըն Րայթս Ուոթչ» և Իրավաբանների միջազգային հանձնաժողով հասարակական կազմակերպությունների մեկնաբանությունները,

2021 թվականի հոկտեմբերի 5-ին և 2022 թվականի ապրիլի 5-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին օրը.

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Գանգատը վերաբերում է պետության կողմից դիմումատուին իր սեռական կողմնորոշմամբ պայմանավորված ոտնձգություններից, հոմոֆոբ հարձակումներից և սպառնալիքներից ենթադրաբար չպաշտպանելուն և նրա բողոքների առնչությամբ արդյունավետ քննություն չիրականացնելուն: Դիմումատուն հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ, 8-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների վրա։

ՓԱՍՏԵՐԸ

2. Դիմումատուն ծնվել է 1980 թվականին և բնակվում է Նաքայում, Շվեդիա։ Նրան ներկայացրել են Երևանում գործող իրավաբան տկն Հ. Պետրոսյանը, Փինք Արմենիայի (Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք) հասարակական կազմակերպության տնօրեն պրն Մ. Հովսեփյանը, Լոնդոնում գործող Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի (ՄԻՊԵԿ) իրավաբաններ պրն Փ. Լիչը, տկն Ջ. Գևրոնը, տկն Ք. Լևինը և տկն Ր. Րեմեզեյթը, ինչպես նաև ՄԻՊԵԿ-ից տկն Ջ. Էվանսը։

3. Կառավարությանը ներկայացրել է [Մարդու իրավունքների եվրոպական դատարանում] Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Գործով փաստերն այնպես, ինչպես ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփել հետևյալ կերպ:

I. Գործի նախապատմությունը

5. Դիմումատուն, որը հայտնի է նաև «Ծոմակ» անունով, Հայաստանում լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների (ԼԳԲՏ) համայնքի հայտնի անդամ է։ Նա ներգրավված է եղել Հայաստանում և միջազգային մակարդակով ԼԳԲՏ անձանց իրավունքների խթանման գործում։

6. Դիմումատուն Երևանի կենտրոնում գտնվող «ԴԻՅ Քլաբ» ակումբի (ակումբ) համասեփականատերը և կառավարիչն էր, որտեղ ԼԳԲՏ համայնքի անդամները սովորաբար հանդիպում էին շփվելու համար։

7. 2011 թվականի հունիսին դիմումատուն մասնակցել է Ստամբուլում կայացած միասեռականների հպարտության շքերթին։ Ստամբուլում գտնվելու ընթացքում նա հարցազրույց է տվել տեղական թերթերից մեկին՝ քննադատելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցող խախտումները:

8. 2011 թվականի օգոստոսին «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության հետ առնչություն ունեցող «Երկիր Մեդիա» հեռուստաալիքից կապ են հաստատել դիմումատուի հետ և խնդրել հարցազրույց տալ՝ Ստամբուլ կատարած նրա այցը քննարկելու համար։

9. Հարցազրույցը հեռարձակվելուց հետո դիմումատուն առցանց հարթակում դարձել է ատելության արշավի, ահաբեկչության և սպառնալիքների առարկա՝ պայմանավորված իր սեռական կողմնորոշմամբ։

10. Դրանից կարճ ժամանակ անց մի քանի անձինք մտել են ակումբ՝ այնտեղ հավաքվածներին սարսափեցնելու և ահաբեկելու համար։ Վախենալով, որ ակումբը կդառնա հոմոֆոբ հարձակումների թիրախ, դիմումատուն և ակումբի մյուս երկու համասեփականատերերը՝ Ա.Պ.-ն և Ն.Դ.-ն, հանդիպում են կազմակերպել եղբայրներ Ա.Խ.-ի և Հ.Խ.-ի և եւս երկու անձանց հետ, որոնք ճանաչվել են որպես միջադեպն իրականացնողներ։ Հանդիպման ընթացքում պայմանավորվել են, որ այլևս հարձակումներ չեն լինելու։

11. 2012 թվականի մայիսի 7-ի երեկոյան Ա.Պ.-ն տեսել է մի խումբ տղամարդկանց, որոնք շրջել են ակումբի տարածքում: Այդ տղամարդկանց խումբը, որի կազմում եղել են Ա.Խ. և Հ.Խ.-ն, ոտնձգություններ են կատարել ակումբի աշխատակիցների նկատմամբ և ահաբեկել նրանց: Բոլորը կրել են նմանատիպ բաճկոններ՝ «Հայաստանի սև ագռավներ» տարբերանշանով, որը կապ ունի Հայաստանում գործող նեոնացիստական խմբի հետ։

II. ԱԿՈՒՄԲԻ ՎՐԱ ՀՐԿԻԶՄԱՄԲ ՈՒՂԵԿՑՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՋՈՐԴԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

12. 2012 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 5-ի սահմաններում, ակումբի վրա տեղի է ունեցել հրկիզմամբ ուղեկցված հարձակում։ Դիմումատուին հարձակման մասին տեղեկացրել է ընկերը, որը պատահաբար անցել է ակումբի կողքով և տեսել, որ այն այրվում է, և դեպքի վայրում էր հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ժամանելուց հետո դիմումատուն հայտնաբերել է, որ ակումբի ներքին հարդարանքն էապես վնասվել է:

13. Ժամանելուց անմիջապես հետո դիմումատուն զանգահարել է ոստիկանություն։ Մի քանի փորձագետներ են ժամանել դեպքի վայր և դիմումատուին տեղեկացրել, որ մատնահետքեր չեն հայտնաբերվել։

14. Ժամը 5-ին ոստիկանության երկու ծառայողներ ժամանել են ակումբ։ Նրանք մտել են տարածք, տվել են կոնտակտային հեռախոսահամար և անմիջապես հեռացել՝ առանց որևէ հարց տալու։

15. Այն բանից հետո, երբ ոստիկանության ծառայողները հեռացել են, մոտակա բիզնեսի աշխատակիցները եկել են դիմումատուի հետ խոսելու և առաջարկել են դիտել իրենց անվտանգության տեսախցիկի տեսագրության սկավառակը, որտեղ երևում է, թե ինչպես է ինչ-որ անձ կոտրում ակումբի դուռը և պայթուցիկ նյութ նետում ներս։ Այնուհետև Ա. Պ.-ն տեսագրության մեջ ճանաչել է Ա.Խ.-ին։

16. Այնուհետև դիմումատուն կրկին զանգահարել է ոստիկանություն՝ նկարագրելու այն, ինչ նա տեսել էր անվտանգության տեսախցիկի տեսագրության մեջ: Ավելի ուշ ոստիկանները ժամանել են և տարել անվտանգության տեսախցիկի տեսագրության սկավառակը։

17. 2012 թվականի մայիսի 9-ին Ն.Դ.-ն հանդիպում է կազմակերպել իր, դիմումատուի և Ա.Խ.-ի ու Հ.Խ.-ի հետ։ Նրանք ոստիկանությանը տեղեկացրել են հանդիպման վայրի մասին, որտեղ ի վերջո երկու եղբայրները ձերբակալվել են։ Նույն օրը վերջիններս հարցաքննվել են և խոստովանել, որ այն բանից հետո, երբ համոզվել են, որ ներսում ոչ ոք չկա, հրդեհել են ակումբը։ Իրենց ցուցմունքներում եղբայրները նշել են, որ հրկիզմամբ ուղեկցված հարձակման պատճառը եղել է այն փաստը, որ այդ ակումբը հավաքատեղի է եղել ԼԳԲՏ անձանց համար, որոնք խայտառակել են Հայաստանը, և դիմումատուի լեսբուհի լինելու հանգամանքը, որը մասնակցել է Ստամբուլում անցկացված միասեռականների հպարտության շքերթին։

18. Նույն օրը՝ ավելի ուշ, դիմումատուն և Ն.Դ.-ն ներկայացել են ոստիկանության բաժին՝ հաղորդում ներկայացնելու համար։ Նրանց տեղեկացրել են, որ Ա.Խ.-ն և Հ.Խ.-ն խոստովանել են հրկիզմամբ ուղեկցված հարձակում կատարելը և դրա պատճառները։ Ըստ դիմումատուի՝ ոստիկանության ծառայողները հստակ նշել են, որ իրենք համաձայն են այդ երկու երիտասարդների գործողությունների հետ։ Կառավարությանը գանգատի մասին ծանուցելուց հետո դիմումատուն իր ներկայացրած դիտարկումներում պնդել է, որ ոստիկանության ծառայողները «արդարացրել են հարձակումը՝ դատապարտելով [իր] գործողությունները… մեկնաբանելով դա հետևյալ կերպ՝ բավական չէ, որ նա համասեռամոլ է, ավելին, [նա նաև գնացել է] Թուրքիա ու այնտեղ համերգ տվել»։ Կառավարությունը վիճարկել է այդ դիտարկումը։

19. 2012 թվականի մայիսի 10-ին Ա.Խ.-ն իր հարցազրույցի ժամանակ վերահաստատել է, որ ինքն ու իր եղբայրն ակումբի վրա իրականացրել են հրկիզմամբ ուղեկցված հարձակում, քանի որ այն համասեռամոլների հավաքատեղի է եղել, և բացի այդ, դիմումատուն մասնակցել է Թուրքիայում անցկացված միասեռականների հպարտության շքերթին: Ա.Խ.-ն նաև հաստատել է հարձակումն իրականացնելիս իրենց հետ եղած երրորդ անձի (Գ.Կ.) ինքնությունը։

20. Նույն օրը Հ.Խ.-ն նույնպես հարցաքննվել է և նմանօրինակ ցուցմունքներ տվել։ Նա նշել է, որ ինքն օգնել է Ա.Խ.-ին կոտրել ապակին, և որ Գ.Կ.-ն միայն դիտել է։

21. Նույն օրը ոստիկանության կողմից նշանակվել է հրդեհատեխնիկական դատական փորձաքննություն։ Արդյունքները, այդ թվում՝ ակումբին վճարման ենթակա նյութական վնասի գումարի չափի գնահատումը տրվել են 2012 թվականի հուլիսի 21-ին։

22. 2012 թվականի մայիսի 11-ին ոստիկանությունը հարուցել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն՝ դիտավորությամբ գույքը վնասելու համար։ Նույն օրը Ա.Խ.-ն ձերբակալվել է։

23. 2012 թվականի մայիսի 12-ին Ա.Խ.-ն կրկին հարցաքննվել է և նշել, որ նախկինում ցուցմունքները տվել է ճնշման ազդեցության տակ։ Ոստիկանության բաժնում նրա հանդեպ վատ վերաբերմունք է ցուցաբերվել, և նրան ստիպել են իր և եղբոր անունից ինքնամեղադրական ցուցմունքներ տալ։ Նա հրաժարվել է ենթադրաբար հարձակումն իրականացնողների վերաբերյալ մանրամասներ ներկայացնել կամ ենթադրյալ միջադեպի հանգամանքները նկարագրել։

24. 2012 թվականի մայիսի 14-ին Ա.Խ.-ն գրավով ազատ է արձակվել՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության պատգամավորներ Ա.Մ.-ի և Հր.Կ.-ի կողմից տրամադրված երաշխավորությունների դիմաց։

25. Այնուհետև Ա.Խ.-ն և Հ.Խ.-ն հրաժարվել են լրացուցիչ ցուցմունքներ տալուց և քննության ամբողջ ընթացքում չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները:

26. Չպարզված օրը դիմումատուն միացել է քրեական վարույթին որպես քաղաքացիական հայցվոր՝ պահանջելով ակումբին հասցված վնասի փոխհատուցում։

27. 2012 թվականի մայիսի 13-ին Ա.Խ.-ին և Հ.Խ.-ին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով (դիտավորությամբ գույքը վնասելը, որը պատճառել է խոշոր չափերի վնաս):

28. 2012 թվականի հունիսի 11-ին քննիչը նշանակել է Ա.Խ.-ի և Հ.Խ.-ի բջջային հեռախոսների դատատեխնիկական փորձաքննություն։ 2012 թվականի հուլիսի 26-ին փորձագետի կողմից տրված համապատասխան եզրակացության մեջ նշվել է, որ տվյալ բջջային հեռախոսը պարունակել է մի շարք կեռխաչ խորհրդանիշեր, գրություններ, ինչպես օրինակ՝ «Սպիտակ հպարտություն», «Հայկական հպարտություն, կեցցե՛ Հայաստանը», «Մենք պայքարում ենք» (թարգմանությունն արվել է լատինատառ գրված հայերենից) և այլն։

III. ՀՐԿԻԶՄԱՄԲ ՈՒՂԵԿՑՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ ԴԵՊՔԵՐԸ

29. 2012 թվականի մայիսի 10-ին դիմումատուին տեղեկացրել են, որ ակումբի դիմաց հավաքվել են մի քանի երիտասարդներ, որոնք իրենց ագրեսիվ են պահում և պատերին հոմոֆոբ գրաֆիտիներ են գրում, որոնց մեծ մասն ուղղված է կոնկրետ դիմումատուին, որտեղ հստակ նշված է, որ նրան թույլ չեն տա վերաբացել ակումբը, և որ հետագայում հարձակում կկազմակերպվի: Դիմումատուն զանգահարել է ոստիկանություն, որը զգալի ուշացումով է ժամանել և որևէ միջոց չի ձեռնարկել իր հասցեին հնչած սպառնալիքների հանգամանքները քննելու համար։

30. Դրան հաջորդող օրերին մարդկանց խմբեր են հավաքվել ակումբի տարածքում՝ փորձելով ահաբեկել դիմումատուին և ակումբի աջակիցներին և ոտնձգություններ կատարել նրանց նկատմամբ: Նրանք նաև ոչնչացրել են այն ամենը, ինչ մնացել էր ակումբում՝ ներկեր ցփնելով գույքի վրա: Պատերին թողել են նաև սպառնալիք պարունակող հոմոֆոբ մեկնաբանություններ՝ «Գնա գրողի ծոցը, Ծոմա՛կ», «Քեզ կսպանենք, Ծոմա՛կ» և այլն։

31. 2012 թվականի մայիսի 11-ին մարդու իրավունքների երկու ակտիվ պաշտպաններ հարցազրույց են տվել առցանց հարթակում գործող հրապարակումներից մեկին, որում նրանք քննարկել են ակումբի վրա հրկիզմամբ ուղեկցված հարձակումը և ընդհանուր առմամբ հասարակության վերաբերմունքը ԼԳԲՏ համայնքին: Հարցազրույցից հետո «Facebook» սոցիալական հարթակում ստեղծվել է «Ոչ միասեռականությանը» առցանց խումբը, որտեղ առցանց տեղադրվել են դիմումատուի և ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների մի քանի ակտիվ պաշտպանների նկարներ: Այդ անձանց և ընդհանուր առմամբ ԼԳԲՏ համայնքի անդամների վերաբերյալ սկսվել է վիրավորական և սպառնալից բնույթ կրող հաղորդագրությունների հոսք։

32. Նույն օրը դիմումատուն հեռուստատեսությամբ հարցազրույց է տվել, որում նա քննարկել է հրկիզմամբ ուղեկցված հարձակման դեպքը և ԼԳԲՏ համայնքի նկատմամբ հոմոֆոբ վերաբերմունքը: Հարցազրույցից հետո անձամբ դիմումատուին ուղղված մեծ թվով սպառնալիքներ և հոմոֆոբ մեկնաբանություններ տեղադրվել են հիմնականում «Facebook» և «YouTube» սոցիալական հարթակներում։ Մասնավորապես «Facebook» սոցիալական հարթակում տեղադրված հրապարակումները, ի թիվս այլնի, պարունակել են մեկնաբանություններ այն մասին, որ դիմումատուն «պետք է մահանա», «պետք է այրվի», «[պետք է] նստեցվի էլեկտրական աթոռի վրա»։ «YouTube» սոցիալական հարթակում հրկիզմամբ ուղեկցված հարձակման վերաբերյալ հրապարակված տեսանյութի ներքո գրված մեկնաբանությունները, որոնցից շատերը պարունակել են խիստ վիրավորական հայհոյանքներ, այդ թվում՝ inter alia (ի թիվս այլնի), հետևյալը.

«Կեցցե՛ք, նրանք պետք է քեզ [դիմումատուին] ակումբ մտցնեին, հետո նոր [այն] հրդեհեին»։

«...մեր սուրբ հողում նրանց նմանների [ԼԳԲՏ անձանց] համար տեղ չկա»:

«... [դիմումատուին] պետք է այրել»:

«Դուք [ԼԳԲՏ-ներ] պետք է լքեք այս քաղաքը, Հայաստանը հայերի համար է, ոչ թե անբարոյականների»։

33. 2012 թվականի մայիսի 15-ին տված հարցազրույցում Ա.Մ.-ն ակումբի վրա հրկիզմամբ ուղեկցված հարձակման մեջ մեղադրվող երկու անձանց երաշխավորության տրամադրման պատճառների վերաբերյալ հարցին ի պատասխան, մասնավորապես, նշել է հետևյալը.

«... այս դեպքում ես վստահ եմ, որ այդ երիտասարդները մեր հասարակական և ազգային գաղափարախոսության համատեքստում իրենց ճիշտ են դրսևորել։

... Ես համարում եմ, որ նրա տեսակը, չեմ ուզում կոպիտ խոսք ասել, կործանում է հայ հասարակությունը...»:

34. Նույն օրը՝ երեկոյան, մի խումբ երիտասարդներ մտել են ակումբ։ Նրանք կոտրել են մնացած սարքավորումների մի մասը և կեռխաչեր նկարել, ինչպես նաև պատին թողել են սպառնալիք պարունակող հոմոֆոբ հաղորդագրություններ:

35. 2012 թվականի մայիսի 17-ին երեք տղամարդ, որոնցից մեկը՝ մեծահասակ, իսկ երկուսը՝ դեռահաս, ֆաշիստական համազգեստ հիշեցնող սև շապիկներով մտել են ակումբ և սկսել հայհոյանքներ բղավել և սպառնալ դիմումատուին: Նրանք ջարդուփշուր են արել կահույքը, թքել են դիմումատուի վրա և ծխախոտի ծուխը փչել են ԼԳԲՏ անձանց իրավունքների ակտիվ պաշտպան Լ.Ա.-ի վրա: Դիմումատուն ահաբեկվել է և կարծել է, որ պատրաստվում են իրեն ֆիզիկական վնաս պատճառել։

36. Նույն օրը դիմումատուն և Լ.Ա.-ն բողոք են ներկայացրել ոստիկանապետին: Նրանք նկարագրել են այդ օրն ավելի վաղ տեղի ունեցած միջադեպը, այդ թվում՝ նշված երեք տղամարդկանց տարիքը և կրած հագուստը, ինչպես նաև նշել են նրանցից մեկի անունը: Նրանք նշել են, որ հարձակվողները վիրավորել են իրենց և սպառնացել վերադառնալ՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, կպայթեցնեն ակումբը, և որ իրենց նմաններին պետք է ոչնչացնել։ Նրանք պահանջել են բացահայտել հարձակվողներին և քրեական հետապնդում իրականացնել նրանց նկատմամբ, ինչպես նաև ապահովել իրենց անվտանգությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ իրենց վրա հարձակումներն արդեն կանոնավոր են դարձել:

37. Նույն օրն առցանց հարթակում գործող թերթերից մեկում հրապարակված հարցազրույցում այն ժամանակ իշխող քաղաքական կուսակցության պատգամավոր Հ.Ս.-ն ասել է հետևյալը.

«Ես՝ որպես քաղաքացի, ողջունում եմ այդ երիտասարդների [մասնավորապես՝ Ա.Խ.-ի և Հ. Խ.-ի] գործողությունները ... բոլոր երկրներում կան երիտասարդներից բաղկացած խմբեր, որոնք, օգտագործելով հասանելի միջոցները, պայքարում են ազգային և հասարակական արժեքներին սպառնացող ցավալի դրսևորումների, բազմազանության և հիվանդագին դրսևորումների դեմ։ ... Աղանդների և սեռական շեղումների դեմ պետք է պայքարել ավելի խիստ միջոցներով... Միաժամանակ կոչ եմ անում մարդկանց զերծ մնալ ծայրահեղ գործողություններից ...»:

38. 2012 թվականի մայիսի 18-ին ոստիկանության պետին ներկայացված լրացուցիչ բողոքում դիմումատուն պահանջել է իր և իր անձնակազմի անդամների համար կանոնավոր հարձակումներից և ոտնձգություններից պաշտպանություն ապահովել: Նա նաև փորձել է կանխել ակումբի գույքի հետագա վնասումը։

39. Նույն օրը Ազգային ժողովի փոխնախագահ Է.Շ.-ն հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Ես՝ որպես Հայաստանի քաղաքացի և ազգային-պահպանողական կուսակցության անդամ, միանգամայն ճիշտ ու արդարացված եմ համարում երկու հայ երիտասարդների ընդվզումը մեր երկրում այլասերության որջ ստեղծած և հասարակությունն իր բարոյական արժեքներից հեռացնելու նպատակ ունեցող համասեռամոլների դեմ...»:

40. 2012 թվականի մայիսի 21-ին Երևանում տեղի է ունեցել Մշակութային բազմազանության երթ, որի մասնակիցները հարձակման են ենթարկվել դրա դեմ բողոքող խմբի կողմից։ Ըստ դիմումատուի՝ իրեն տեղեկացրել են, որ մի խումբ ցուցարարներ սպառնացել են վնասել ակումբը։ Այդ օրը՝ երեկոյան, դիմումատուն հեռախոսազանգ է ստացել ակումբի հարևանությամբ գործող բիզնեսի սեփականատերերից, որոնք տեղեկացրել են վերջինիս, որ մոտավորապես հիսուն տղամարդ մտել են ակումբ, և որ տարածքից ուժեղ աղմուկ է լսվում, հիմնականում՝ ջարդուփշուր արվող առարկաների: Երբ դիմումատուն ժամանել է ակումբ, ոչ ոք այդտեղ չի եղել, և շենքի դրսի հատվածից կախված է եղել հայհոյախառն հաղորդագրություն պարունակող մի մեծ պաստառ: Նրանք կոտրել էին սարքավորումներն ու կահույքը, իսկ պատերը վանդալիզմի էին ենթարկել՝ դրանց վրա թողնելով սպառնալիք պարունակող հաղորդագրություններ և կեռխաչեր:

41. Դիմումատուն հարձակման մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որը ժամանել է որոշ ժամանակ անց: Ոստիկանության ծառայողները զննել են ակումբի տարածքը և հեռացել։

42. Մշակութային բազմազանության երթին հաջորդող օրերին դիմումատուն և նրա ընկերներից շատերը առցանց տիրույթում ենթարկվել են հոմոֆոբ բնույթի բռնությունների և սպառնալիքների, այն աստիճան, որ նրանք չեն համաձակվել շրջել քաղաքում և վախեցել են իրենց անվտանգության համար: Դիմումատուի քույրը նույնպես սպառնալիք պարունակող նամակներ է ստացել։ Հրկիզմամբ ուղեկցված հարձակումից մեկ շաբաթ հետո դիմումատուի քրոջը խնդրել են ազատվել ռեստորանում մատուցողուհու իր աշխատանքից, քանի որ ղեկավարությունը չի ցանկացել, որ որևէ մեկն իմանա, որ նա աշխատում է այդտեղ՝ ռեստորանի վրա հարձակման հնարավոր վտանգի պատճառով:

43. Դիմումատուն ոստիկանություն է ներկայացրել տարբեր ինտերնետային կայքերից տպագրված նյութեր, որոնք պարունակել են համապատասխան հոմոֆոբ բնույթի մեկնաբանություններ։ Հրկիզմամբ ուղեկցված հարձակման քննության որոշ պահի վարույթն իրականացնող վարչության կողմից այդ նյութերը փոխանցվել են ոստիկանության համապատասխան վարչություն՝ պահանջելով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հրդեհման դեպքին և դիմումատուին ուղղակիորեն վերաբերող կոնկրետ մեկնաբանությունների հեղինակներին հայտնաբերելու համար։

44. 2012 թվականի մայիսի 25-ին ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկել՝ ուղղված դիմումատուի և նրա հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող անձանց պաշտպանությանը։ Այդ միջոցառումներն իրականացվել են հնգօրյա ժամկետում։

45. Ի պատասխան «ՓԻՆՔ Արմենիա» ՀԿ-ի կողմից կատարված հարցման՝ ոստիկանությունը 2012 թվականի հունիսի 11-ի նամակով տեղեկացրել է նրանց, որ դիմումատուն 2012 թվականի մայիսի 17-ին և 21-ին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ ներկայացրել է քրեական գործ հարուցելու մասին հաղորդում։ Հաշվի առնելով (հրկիզմամբ ուղեկցված հարձակման առնչությամբ) ընթացքի մեջ գտնվող քննությունը, 2012 թվականի մայիսի 15-ին, 17-ին և 21-ին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ ձեռք բերված նյութերը՝ ոչինչ չէր վկայում այն մասին, որ դեպքի վայր ժամանած ոստիկանութան ծառայողները դրևորել էին անտարբեր վերաբերմունք։ Միջադեպի հետ առնչվող զանգն ստանալուց հետո ոստիկանությունն օպերատիվ անձագանքել է, և համապատասխան օպերատիվ բաժնի ծառայողներն ուղարկվել են դեպքի վայր։ Այդ ժամանակահատվածում ակումբի նկատմամբ նաև սահմանվել է շուրջօրյա ոստիկանական հսկողություն։ Ավելին, հաշվի առնելով, որ առկա է եղել դիմումատուի, ինչպես նաև նրա հետ սերտ հարաբերություններ ունեցող անձանց կյանքին, առողջությանն ու գույքին սպառնացող իրական վտանգ, որոշում է կայացվել ձեռնարկել պաշտպանության միջոցառումներ նրանց նկատմամբ՝ դիմումատուի պահանջին ի պատասխան։

46. 2012 թվականի հունիսի 23-ին դիմումատուն և նրա քույրը Հայաստանից մեկնել են Շվեդիա։ Դիմումատուն ապաստան է խնդրել իր սեռական կողմնորոշմամբ պայմանավորված հետապնդումների հիման վրա։ Ըստ դիմումատուի՝ Հայաստանից հեռանալու որոշման շարժառիթը եղել են առցանց տիրույթում իր հասցեին հնչած մշտական սպառնալիքները, ինչպես նաև հրկիզմամբ ուղեկցված հարձակումից հետո ակումբի շրջակայքում շաբաթներ շարունակ հավաքված մարդկանց ներկայությամբ պայմանավորված լարվածությունն ու նրանց կողմից ներշնչած վախերը։ Ակումբում տեղի ունեցած դեպքից հետո նա այլևս չի կարողացել օրվա ապրուստը վաստակել, և նրան աջակցել է քույրը, մինչև վերջինս աշխատանքը կորցրել է:

IV. ԴԱՏԱկան ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

47. 2013 թվականի մայիսի 31-ին հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան (Վարչական շրջանի դատարան)՝ քննության համար։ Այդ եզրակացության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

«... [Ա.Խ.] և [Հ.Խ.]-ն [Հայաստանի Հանրապետությունում] գործող «ֆաշիստական» խմբի անդամներ են և առաջնորդվում են այդ խմբի գաղափարախոսությամբ, այսինքն՝ ի թիվս այլ համոզմունքների՝ դեմ լինել միասեռականությանը, հետևաբար հանուն այդ գաղափարախոսության «բարձր» արժեքների՝ տեղեկանալով, որ [ակումբը] համասեռամոլների հավաքատեղի է, և որ ակումբի տնօրենը [դիմումատուն] այցելել է Թուրքիա և մասնակցել միասեռականներին նվիրված միջոցառմանը, բազմիցս այցելել են [ակումբ] ... թքել են [ակումբի] պատերին, փսխել դռան առաջ՝ դրանով իսկ անհանգստություն պատճառելով [ակումբի] ղեկավարությանը և արտահայտելով իրենց դժգոհությունը համասեռամոլների նկատմամբ...

... 2012 թվականի մայիսի 7-ին [Ա.Խ.-ն], [Հ.Խ.-ն] և անհայտ անձը, գալով նախնական համաձայնության [ակումբը] հրդեհելու առնչությամբ, ... 2012 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 4-ի սահմաններում, ժամանել են [ակումբ] և .. իրենց հետ բերած վառելիքի օգտագործմամբ դիտավորությամբ հրդեհել են [ակումբը]… հետո դիմել են փախուստի՝ պատճառելով 3 227 563 դրամի գույքային վնաս…»:

48. Վարչական շրջանի դատարանի վարույթի ընթացքում Ա.Խ.-ն և Հ.Խ.-ն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները և խնդրել են գործը քննել արագացված ընթացակարգով։

49. Պարզվում է, որ Վարչական շրջանի դատարանի վարույթի ընթացքում ինչ-որ պահի Ա.Խ.-ի և Հ.Խ.-ի մայրը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցել է ակումբին հասցված գույքային վնասի գնահատված գումարը գերազանցող գումար:

50. Վարչական շրջանի դատարանը 2013 թվականի հուլիսի 25-ին կայացրած վճռով Ա.Խ.-ին և Հ.Խ.-ին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և նրանց դատապարտել երկու տարի ժամկետով ազատազրկման։ Միևնույն ժամանակ Վարչական շրջանի դատարանը որոշել է պայմանականորեն չկիրառել պատիժը՝ երկու տարի փորձաշրջանով։ Վարչական շրջանի դատարանը բավարարել է նաև դիմումատուի՝ 3 227 563 դրամ կազմող գույքային վնասի մասով քաղաքացիական հայցը։

51. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել Վարչական շրջանի դատարանի 2013 թվականի հուլիսի 25-ի վճռի դեմ՝ վիճարկելով պայմանականորեն պատիժը չկիրառելը։ Նա պնդել է, inter alia, որ Ա.Խ.-ի և Հ.Խ.-ի նկատմամբ նշանակված պատիժը չափազանց մեղմ էր՝ համեմատած ատելության հողի վրա նրանց կողմից կատարված հանցագործության ծանրության հետ, և որ հանցանքի խտրական հայեցակետը ո՛չ դիտարկվել, ո՛չ էլ հաշվի է առնվել նրանց գործողությունները գնահատելիս:

52. 2013 թվականի հոկտեմբերի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը։ Դրանով այն Վարչական շրջանի դատարանի վճիռն ամբողջությամբ թողել է անփոփոխ։ Միևնույն ժամանակ այն որոշել է 2013 թվականի հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Համաներում հայտարարելու մասին» օրենքի ուժով Ա.Խ.-ին և Հ.Խ.-ին ազատել պատիժը կրելուց։

53. Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք:

54. 2013 թվականի դեկտեմբերի 25-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

I. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Ա. 1995 թվականի Սահմանադրություն

1. Ներառյալ 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեի միջոցով կատարված փոփոխությունները

55. 14.1 հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը.

«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

2. Ներառյալ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի միջոցով կատարված փոփոխությունները

56. Օրենքի 29-րդ հոդվածը (Խտրականության արգելքը) ունի հետևյալ բովանդակությունը.

«Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Բ. Քրեական օրենսգիրք

57. Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։