Անցնել բովանդակությանը

Հոդված 226.2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 226.2

Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը

«1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-ին, 301-րդ, 385-րդ, 397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից.

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ

Ա. Եվրոպայի խորհուրդ

1. «Սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքերով խտրականության դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ Rec(2010) 5 հանձնարարական՝ ուղղված անդամ պետություններին

59. Նախարարների կոմիտեի կողմից 2010 թվականի մարտի 31-ին ընդունված Rec(2010)5 հանձնարարականի համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

«Նախարարների կոմիտեն ...

Առաջարկում է, որ անդամ պետությունները՝

...

2. ապահովեն, որ ընդունվեն և արդյունավետ կերպով իրականացվեն սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքերով խտրականության դեմ պայքարելուն, լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների և տրանսգենդերների մարդու իրավունքների հարգելն ապահովելուն և նրանց նկատմամբ հանդուրժողականությունը խթանելուն ուղղված օրենսդրական և այլ միջոցներ.

3. ապահովեն, որ խտրականության զոհերը տեղեկացված լինեն պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների մասին և հասանելիություն ունենան դրանց, և որ խտրականության դեմ պայքարի միջոցները ներառեն անհրաժեշտության դեպքում խախտումների համար պատժամիջոցներ և խտրականության զոհերի համար համարժեք փոխհատուցման տրամադրում:

...

I. Կյանքի, անվտանգության և բռնությունից պաշտպանվելու իրավունքը

Ա. «Ատելության հիմքով հանցագործություններ» և ատելության շարժառիթով տեղի ունեցող այլ միջադեպեր

1. Անդամ պետությունները պետք է ապահովեն հանցագործությունների և այլ միջադեպերի ենթադրյալ դեպքերի առնչությամբ արդյունավետ, անհապաղ և անկողմնակալ քննություն այն դեպքում, երբ առկա է ողջամիտ կասկած, որ կատարողի համար շարժառիթ է հանդիսացել զոհի սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը. նրանք պետք է նաև ապահովեն, որ հատուկ ուշադրություն դարձվի նման հանցագործությունների և միջադեպերի քննությանն այն դեպքում, երբ դրանք ենթադրաբար կատարվել են իրավապահ մարմինների կամ ի պաշտոնե գործող անձանց կողմից, և որ նման արարքների համար մեղավորներն արդյունավետորեն պատասխանատվության ենթարկվեն և համապատասխան դեպքերում պատժվեն՝ անպատժելիությունից խուսափելու համար։

2. Անդամ պետությունները պետք է ապահովեն, որ պատժամիջոցներ սահմանելիս որպես ծանրացնող հանգամանք կարող է հաշվի առնվել սեռական կողմնորոշմանը կամ գենդերային ինքնությանն առնչվող կողմնակալ շարժառիթը։

3. Անդամ պետությունները պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ ապահովելու համար, որ «ատելության հիմքով կատարվող հանցագործությանը» և ատելության շարժառիթով տեղի ունեցող այլ միջադեպերի առնչվող սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության զոհերի ու վկաների՝ այդ հանցագործությունների և միջադեպերի մասին հաղորդում ներկայացնելը խրախուսվի. այդ նպատակով անդամ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար, որ իրավապահ կառույցները, այդ թվում՝ դատական համակարգը, ունենան նման հանցագործությունները և միջադեպերը բացահայտելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև համապատասխան օգնություն և աջակցություն ցուցաբերեն զոհերին և վկաներին:

...

5. Անդամ պետությունները պետք է ապահովեն, որ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքերով խտրականության և անհանդուրժողականության տարածվածության և բնույթի, և մասնավորապես սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հետ կապված «ատելության հիմքով կատարվող հանցագործությունների» և ատելության շարժառիթով տեղի ունեցող այլ միջադեպերի վերաբերյալ համապատասխան տվյալները հավաքագրվեն և վերլուծվեն։

Բ. «Ատելության խոսքը»

6. Անդամ պետությունները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն՝ արտահայտվելու բոլոր այն ձևերի դեմ պայքարելու համար, այդ թվում՝ լրատվության միջոցներով և համացանցում, որոնք կարող են ողջամտորեն ընկալվել որպես լեսբուհիների, միասեռականների, երկսեռական և տրանսգենդեր անձանց նկատմամբ ատելություն կամ խտրականության այլ ձևեր հրահրելու, տարածելու կամ խթանելու ազդեցություն ունեցող միջոցներ։ Նման «ատելության խոսքը» պետք է արգելվի և հրապարակայնորեն մերժվի՝ անկախ նրանից, թե երբ է տեղի ունեցել։ Բոլոր միջոցներով պետք է պահպանվի արտահայտվելու ազատության հիմնարար իրավունքը՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածին և Դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան:

7. Անդամ պետությունները պետք է բոլոր մակարդակներում բարձրացնեն պետական իշխանությունների և պետական հաստատությունների իրազեկությունը, մասնավորապես՝ լրատվության միջոցներով այնպիսի հայտարարություններ անելուց զերծ մնալու իրենց պատասխանատվության մասին, որոնք ողջամտորեն կարող են ընկալվել որպես նման ատելությունը կամ խտրականությունն օրինականացնելու միջոց:

8. Պետք է խրախուսվի, որ պետական պաշտոնյաները և իշխանության մյուս ներկայացուցիչները խթանեն լեսբուհիների, միսեռականների, երկսեռական և տրանսգենդեր անձանց մարդու իրավունքների նկատմամբ հանդուրժողականությունը և հարգանքն այն դեպքում, երբ նրանք երկխոսություն են վարում քաղաքացիական հասարակության հիմնական ներկայացուցիչների, այդ թվում՝ լրատվության միջոցների և սպորտային կազմակերպությունների, քաղաքական կազմակերպությունների և կրոնական համայնքների հետ»։

2. Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի զեկույցը

60. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) կողմից հրապարակված՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցի համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը (ծանոթագրությունները բաց են թողնվել).

«2. ՌԱԵՀ-ը նշում է, որ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում միայն ազգության, ռասայի և կրոնի հիմքերով են բնութագրվում որպես հանցանք սահմանված ռասիստական գործողությունները (այսուհետ՝ արգելված հիմքեր): ... Արգելված հիմքերի այս ցանկում ներառված չեն մաշկի գույնը, լեզուն կամ էթնիկ ծագումը: Այն նաև չի տարածվում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա ...

...

25. ՌԱԵՀ-ը նշում է, որ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում, որով արգելվում է ատելության հրապարակային հրահրումը, արգելված հիմքերի շարքում սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը նշված չէ։ Ավելին, ինչպես նշվել է վերևում (տե՛ս « 2), Քրեական օրենսգիրքը չի պարունակում որևէ դրույթ, որով ամրագրվի, որ հոմո(տրանսֆոբ) շարժառիթը ծանրացնող հանգամանք է համարվում ցանկացած սովորական հանցանքի համար... Արդարադատության նախարարությունը գտնվում է Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծի մշակման փուլում. համաձայն այդ փոփոխությունների՝ արգելված հիմքերի ցանկում կարող են ներառվել սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը. Քրեական օրենսգրքում կարող է նաև ավելացվել դրույթ, որով կսահմանվի, որ հոմո(տրանսֆոբ) շարժառիթը ծանրացնող հանգամանք է ցանկացած սովորական հանցանքի համար: ՌԱԵՀ-ը կարծում է, որ այս դրույթների ավելացումը մեծ կարևորություն ունի ԼԳԲՏ անձանց պաշտպանության պատշաճ մակարդակ ապահովելու համար։

26. ՌԱԵՀ-ն առաջարկում է, որ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը պարտադիր կերպով ավելացվեն Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում որպես արգելված հիմքեր, և որ օրենսգրքում ավելացվի դրույթ, որով հստակ կսահմանվի, որ հոմո(տրանսֆոբ) շարժառիթը ցանկացած հանցանքի համար հանդիսանում է ծանրացուցիչ հանգամանք։

...

90. Տարբեր հարցումներից և ուսումնասիրություններից ստացված հասանելի քիչ տեղեկություններ են առկա: Համաձայն 2012 թվականին տեղական հասարակական կազմակերպության կողմից անցկացված հարցման՝ Հայաստանի բնակչության 72%-ը կարծում է, որ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի «միասեռականների դեմ պայքարելու համար»։ ՏՀԶԿ-ի և Կովկասյան հետազոտական կենտրոնի կողմից նույն տարի հրապարակված հարցումը ցույց է տվել, որ Հայաստանում հարցվածների 94%-ը չի ցանկացել ունենալ գեյ հարևան: ՀԿ-ները հայտնում են, որ «հասարակությունը կամ հավատում է, որ նույնասեռականությունը հիվանդություն է, որը պետք է բուժել, կամ մարդիկ պարզապես չեն ցանկանում ընդունել մի բան, ինչը տարբերվում է բարոյականության և ընտանիքի մասին նրանց ավանդական պատկերացումներից»: Դրա արդյունքում Հայաստանում բնակվող ԼԳԲՏ անձինք «կան, բայց ոչ շատերն են այդ մասին բարձրաձայնում: Նրանք թաքնվում են, թեև ընդհանուր վերաբերմունքը բացասական չէ. նրանք պարզապես հիվանդ մարդիկ են, որոնք դժբախտաբար ծնվել են այդպիսին»:

Օրենսդրություն

91. Ի թիվս այլնի՝ գենդերային և «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների» հիմքով խտրականությունն արգելող՝ ընդհանուր հավասարությանը վերաբերող դրույթը ներառված է ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածում: Սույն դրույթում չեն նշվում ո՛չ սեռական կողմնորոշման, ո՛չ էլ գենդերային ինքնության հիմքերը: Ինչպես նշվել է այս զեկույցի՝ քաղաքացիական և վարչական օրենսդրությանը վերաբերող բաժնում, Հայաստանը չունի խտրականության դեմ որևէ հատուկ ակտ: Սակայն իշխանություններն ընդգծել են այն փաստը, որ Դատական օրենսգրքի 15.4 հոդվածի համաձայն՝ ազգային դատարաններում անցկացվող վարույթների ընթացքում հնարավոր է հղում կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Հետևաբար սկզբունքորեն սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիման վրա խտրականության ենթարկված անձինք կարող են ներպետական դատարաններում օգտվել այս հնարավորությունից: Այնուամենայնիվ, ՌԱԵՀ-ը հասկանում է, որ, ինչպես ատելության խոսքի դեպքում էր (տե՛ս « 46), մինչ այժմ դատական վարույթներում ԼԳԲՏ անձանց նկատմամբ չեն կիրառվել ընդհանուր հակախտրական չափանիշներ, և իշխանությունները ՌԱԵՀ-ին չեն տրամադրել այդ առնչությամբ համապատասխան նախադեպային իրավունքի վերաբերյալ հղումներ: Ավելին, այն պատճառով, որ ապացուցման պարտականությունը կրում է տուժողը, և Հայաստանի օրենսդրությունում բերված չէ խտրականության սահմանում, ոչ էլ խտրականության վերաբերյալ բողոքները քննելու համապատասխան մեխանիզմներ, սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության դեպքերն ապացուցելը դեռևս բարդ է: Ավելին, ՌԱԵՀ-ը վերահաստատում է, որ Քրեական օրենսգիրքում սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը չեն նշվում որպես ռասիստական գործողություններից տուժողների հատկանիշներ, որոնք դասակարգվում են որպես հանցանքներ (տե՛ս « 2): Նմանապես, այդ հիմքերը նշված չեն Քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածում, որով ամրագրված է, որ համապատասխան ներպետական իրավունքի կոնկրետ դրույթներում չնշված ցանկացած հանցանքի համար ռասիստական շարժառիթը պետք է համարվի ծանրացնող հանգամանք (տե՛ս վերևում՝ « 7): Այդ առնչությամբ ՌԱԵՀ-ը հղում է կատարում 26-րդ պարբերության մեջ նշված իր հանձնարարականներին:

3. ՌԱԵՀ-ի հայտարարությունը

61. 2012 թվականի հունիսի 7-ին ՌԱԵՀ-ը հրապարակել է հայտարարություն սույն գանգատի հիմքում ընկած դեպքերի վերաբերյալ: Համապատասխան հայտարարությունն ունի հետևյալ բովանդակությունը.

«[ՌԱԵՀ]-ը ցանկանում է մտահոգություն հայտնել Հայաստանում տեղի ունեցած վերջին դեպքերի վերաբերյալ, որոնցում ներգրավված են առաջատար քաղաքական գործիչներ, որոնք բացահայտորեն ընդունում են հոմոֆոբ բռնությունը։

Ակումբ հրկիզելը պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից որակվել է որպես ապստամբություն համասեռամոլների դեմ, ինչը միանգամայն ճիշտ էր և արդարացված։ Իսկ հարձակման առնչությամբ ոստիկանության կողմից ձերբակալված անձանցից մեկը ազատ է արձակվել խորհրդարանի երկու անդամների կողմից վճարված գրավի դիմաց, որոնք, inter alia, մամուլում արված հայտարարություններով, կարծես, աջակցություն են ցուցաբերել ենթադրյալ կատարողներին:

ՌԱԵՀ-ն ուշադրություն է հրավիրում այն կործանարար հետևանքների վրա, որ նման հայտարարությունները և նրանց կողմից խրախուսված ատելության տարբեր դրսևորումները կարող են ունենալ Հայաստանում և Եվրոպայի խորհրդի մյուս բոլոր անդամ պետություններում միշտ խրախուսվող խաղաղ և հանդուրժող հասարակության համար։

ՌԱԵՀ-ի կարծիքով նման բնույթի դեպքերը ստեղծում են անպատժելիության վտանգավոր զգացում, որը հիմնարար ձևով խաթարում է մարդու իրավունքների նկատմամբ ընդհանուր հարգանքը: Հետևաբար ՌԱԵՀ-ը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ամբողջությամբ քննել գործի հիմքում ընկած հանցավոր արարքները՝ նպատակ ունենալով, inter alia, պարզել ենթադրյալ կատարողների շարժառիթները: Այն նաև հրատապ կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին ձեռնպահ մնալ արտահայտման այնպիսի ծայրահեղ ձևերից, որոնք ակնհայտորեն անհամատեղելի են այն արժեքների հետ, որոնք ՌԱԵՀ-ը միշտ խթանել է»:

Բ. Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների կոմիտե

62. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 40-րդ հոդվածի համաձայն Հայաստանի կողմից ներկայացված զեկույցը քննարկելուց հետո՝ 2012 թվականի հուլիսի 9-ից 27-ը, Մարդու իրավունքների կոմիտեի 105-րդ նստաշրջանում ընդունված Եզրափակիչ դիտարկումների համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

«6. Կոմիտեն մտահոգված է խտրականության վերաբերյալ համապարփակ օրենսդրության բացակայությամբ: Այն նաև անհանգստացած է ռասայական և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնությունների առնչությամբ, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների և գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև ոստիկանության և դատական մարմինների կողմից ատելության հիմքով հանցագործությունները քննելու, քրեական հետապնդման ենթարկելու և պատժելու ձախողմամբ…

Մասնակից պետությունը պետք է ապահովի, որ խտրականության վերաբերյալ իր կողմից տրված սահմանումը ներառի Դաշնագրում սահմանված խտրականության բոլոր ձևերը (ռասա, գույն, սեռ, լեզու, կրոն, քաղաքական կամ այլ հայացքներ, ազգային կամ սոցիալական ծագում, գույքային դրություն, ծնունդ կամ այլ դրություն): Ավելին, մասնակից պետությունը պետք է պայքարի բռնության և ռասայական ու կրոնական ատելություն հրահրելու դեմ, իրականացնի փոքրամասնությունների համար պատշաճ պաշտպանություն և ապահովի նման գործերով պատշաճ քննություն և քրեական հետապնդում...

10. Կոմիտեն մտահոգված է լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց կողմից խտրականության և բռնության ենթարկվելու դեպքերով և մերժում է սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով վերջիններիս մարդու իրավունքների բոլոր խախտումները (3-րդ, 6-րդ, 7-րդ և 26-րդ հոդվածներ)։

Մասնակից պետությունը պետք է հստակորեն և պաշտոնապես սահմանի, որ չի հանդուրժում համասեռամոլության, բիսեքսուալության կամ տրանսսեքսուալության որևէ ձևի հանրային պախարակում, կամ անձանց սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված նրանց նկատմամբ կատարված ոտնձգություն կամ դրսևորված խտրականություն կամ գործադրված բռնություն: Մասնակից պետությունը պետք է արգելի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունը և ապահովի ԼԳԲՏ անձանց արդյունավետ պաշտպանություն»:

Գ. Ամնեսթի ինթերնեշնլ

63. «Ամնեսթի ինթերնեշնլ»-ը 2012 թվականի մայիսի 18-ի իր հայտարարության մեջ արել է հետևյալ մեկնաբանությունները.

«... Մայիսի 8-ին անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են ինքնահռչակված «ֆաշիստները» «Մոլոտովի կոկտեյլներ» նետում Երևանի կենտրոնում գտնվող՝ «Գեյ ֆրենդլի» բարի պատուհաններից ներս։ Հաղորդվում է, որ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել 12 ժամ անց՝ հրկիզմամբ ուղեկցված հարձակման դեպքը քննելու համար: Քննության շրջանակներում ձերբակալվել են երկու երիտասարդներ, որոնք, սակայն, կարճ ժամանակ անց խորհրդարանական ընդդիմություն համարվող «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության (ՀՅԴ) երկու պատգամավորների կողմից վճարված գրավի դիմաց ազատ են արձակվել. վերջիններս արդարացրել են հարձակումը՝ ասելով, որ դա համահունչ է «հասարակական և ազգային գաղափարախոսության համատեքստին»։ ՀՅԴ առաջնորդներն իրենց հեռու են պահել գրավ վճարելու փաստից՝ ասելով, որ խորհրդարանականները գործել են իրենց սեփական նախաձեռնությամբ, սակայն նրանց չի հաջողվել զերծ մնալ ատելության հիմքով ենթադրաբար հանցագործությանն աջակցելու համար ներողություն խնդրելու իրենց գործընկերների հրապարակայնորեն արված կոչերից։ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ և խորհրդարանի փոխխոսնակ [Է.Շ.-ն] «Հայոց աշխարհ» թերթի հինգշաբթի օրվա հրատարակման համար տված հարցազրույցում ասել է. «ես՝ որպես Հայաստանի քաղաքացի և ազգային-պահպանողական [իշխող] կուսակցության անդամ, միանգամայն ճիշտ ու արդարացված եմ համարում երկու հայ երիտասարդների ընդվզումը ... համասեռամոլների դեմ... Մարդու իրավունքների այն պաշտպաններին, ովքեր այս միջադեպի առիթով ջանում են էժան դիվիդենտներ շահել, կոչ եմ անում պաշտպանել նախևառաջ համամարդկային ու ազգային արժեքները»: «Ամնեսթի ինթերնեշնլ»-ը կարծում է, որ պաշտոնական դիսկուրսի այս տեսակը վտանգավոր է, աջակցում է խտրականությանը և խաթարում մարդու իրավունքների պաշտպանների դերը:

Դ. Լեսբուհիների և գեյերի միջազգային ասոցիացիան (ԼԳՄԱ)՝ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի իրավիճակի մասին

64. ԼԳՄԱ-ն Հայաստանում ԼԳԲՏ համայնքի իրավիճակի վերաբերյալ 2009 թվականին հրապարակված իր զեկույցում արել է հետևյալ մեկնաբանությունները.

«Ընդհանուր առմամբ ԼԳԲՏ անձինք Սահմանադրության համաձայն ունեն իրավական պաշտպանության այն նույն իրավունքը, որն ունեն Հայաստանի բոլոր քաղաքացիները։ Այնուամենայնիվ, գործնականում ԼԳԲՏ անձինք մեծ մասամբ չեն օգտվում այդ պաշտպանությունից, քանի որ բացակայում է երաշխիքն առ այն, որ նրանց իրավունքները թե՛ դատարաններում, թե՛ ոստիկանական բաժիններում կպաշտպանվեն: Մարդու իրավունքների վերաբերյալ ԼԳՄԱ-Եվրոպային ներկայացված բազմաթիվ զեկույցներ և ցուցմունքներ վկայում են իրավապահ մարմիններում համասեռամոլների նկատմամբ խիստ բացասական, խտրական վերաբերմունքի մասին։ Դրանք ցույց են տալիս, որ որոշ ԼԳԲՏ անձինք (հիմնականում գեյեր և սեռափոխված տրանսգենդերներ), որոնք բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, ենթարկվել են խոշտանգումների, կամայական կալանավորման և շանտաժի:

...

«Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հասարակական կազմակերպության կողմից իրականացված հարցման արդյունքում մանրամասն ներկայացվել են լեսբուհի կամ բիսեքսուալ կանանց ուղղված ոտնձգությունների, բռնության և մարդու իրավունքների ոտնահարման տեսակները: …Հարցվածների 61%-ը իրենց սեռական կողմնորոշման պատճառով ենթարկվել է բանավոր ոտնձգությունների, 31%-ին սպառնացել են բռնությամբ, 1,5%-ի վրա զենքով հարձակվել են կամ վիրավորանք են հասցրել, 37%-ին հասցվել է անձնական գույքային վնաս կամ գույքը ոչնչացվել է, իսկ 13%-ի վրա առարկաներ են նետվել այդ պատճառով։ Ավելին, սեռական կողմնորոշման պատճառով այդ կանանց 70%-ի վրա թքել են, իսկ 24%-ը ենթարկվել է բռունցքներով, ոտքերով հարձակման կամ ծեծի, իսկ 12%-ը ցուցմունք է տվել այն մասին, որ իրենց վտարել են կամ դիտավորյալ անտեսել են: Ինչ վերաբերում է սեքսուալ բնույթի բռնի գործողություններին, ապա հարցվածների 12%-ն արձանագրել է, որ այդպիսի դեպք իրենց հետ պատահել է, 20%-ն ասել է, որ իրենց նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարվել, իսկ 1,5%-ը՝ բռնաբարվել է»:

ԻՐԱՎՈՒՆՔԸ

I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ

65. Հաշվի առնելով գանգատների առարկայի համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել միասին՝ մեկ վճռի շրջանակում (Դատարանի կանոնակարգի 42-րդ կանոնի 1-ին կետ)։

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ ԱՌԱՆՁԻՆ ԵՎ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ՀԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ

66. Դիմումատուն բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 3-րդ, 8-րդ և 14-րդ հոդվածների առնչությամբ այն մասին, որ պետական իշխանությունները չեն պաշտպանել իրեն մասնավոր անձանց՝ միասեռականների նկատմամբ նախապաշարմունքի շարժառիթով պայմանավորված հարձակումներից և բռնություններից և արդյունավետ քննություն չեն իրականացրել 2012 թվականի մայիսի 8-ի՝ հրկիզմամբ ուղեկցված հարձակման և դրան հաջորդող դեպքերի, այդ թվում՝ այն բռնության և նվաստացման առնչությամբ, որին ինքը ենթարկվել է, պարզելով մասնավորապես հանցագործություն կատարած անձանց խտրական շարժառիթը։ Դիմումատուն նաև նույն դրույթների համաձայն բողոքել է ԼԳԲՏ փոքրամասնության դեմ ուղղված՝ ատելության հիմքով հանցագործությունների դեմ պայքարելու պատշաճ օրենսդրական դաշտի բացակայության վերաբերյալ։ Դիմումատուի կողմից վկայակոչված հոդվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։