Հոդված 128. Ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումը
Հոդված 128. Ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումը
1. Ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատներում կամ մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, եթե`
ա) դրանք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով.
բ) փոփոխվում է դրանց նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմը.
գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-155-Ն)
դ) դրանք ենթակա են հայտարարագրման` սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն.
ե) դրանք հանդիսանում են «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» և «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխված ապրանքների վերամշակումից առաջացած թափոններ կամ մնացորդներ:
2. Հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով` գրավոր կամ բանավոր` նշելով ճշգրիտ տեղեկություններ` ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
3. Ապրանքները, անկախ իրենց քանակից և բնույթից, կարող են հայտարարագրվել մաս-մաս, սույն օրենսգրքով սահմանված ժամկետում, այդ թվում` նաև տարբեր մաքսային ռեժիմներով, եթե օրենքով և այլ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:
(128-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, 26.02.07 ՀՕ-125-Ն, փոփ., լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)