Հոդված 48. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմը
Հոդված 48. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմը
1. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից վերամշակման նպատակով և հետագա ներմուծման պայմանով ապրանքներ արտահանելը:
1.1. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում կարող է իրականացվել՝
ա) անմիջականորեն տվյալ ապրանքների վերամշակում կամ մշակում.
բ) նոր ապրանքների պատրաստում, այդ թվում՝ ապրանքների հավաքակցում, հավաքում, կազմատում.
գ) ապրանքների վերանորոգում, այդ թվում՝ դրանց վերականգնում, բաղադրամասերի փոխարինում, դրանց սպառողական հատկությունների վերականգնում.
դ) երաշխիքային ժամկետում գտնվող ապրանքների փոխարինում օտարերկրյա ապրանքներով:
2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.
բ) հայտարարատուի դիմումի հիման վրա վերամշակման նպատակով ապրանքների արտահանումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի թերի լինելու դեպքում մաքսային մարմիններն այդ մասին հայտարարատուին տեղեկացնում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հայտարարատուն փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
Թույլտվություն ստանալու մասին դիմումը երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինների կողմից մերժվում է, եթե չի ներկայացված սույն կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը: Մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների արտահանման թույլտվության հիմնավորված մերժումը տրվում է գրավոր ձևով:
Եթե հայտարարատուի ներկայացրած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
Վերամշակման նպատակով ապրանքների արտահանման թույլտվություն ստանալու համար հայտարարատուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- դիմում,
- պայմանագրի պատճենը կամ երաշխիքային սպասարկման ժամկետում գտնվող ապրանքների համար մատակարարի կողմից վերանորոգումը կամ փոխարինումը հավաստող փաստաթուղթը,
- լիազոր մարմնի տրամադրած` «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության վերաբերյալ եզրակացությունը:
Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինները տրամադրում են թույլտվություն:
Երաշխիքային ժամկետում վերաարտահանված ապրանքների փոխարինումը օտարերկրյա ապրանքներով թույլատրվում է, եթե դրանք իրենց նկարագրությամբ, որակով, տեխնիկական ցուցանիշներով համընկնում են վերաարտահանված ապրանքի հետ:
Եթե վերամշակման արտադրանքի փոխարինումը օտարերկրյա ապրանքներով թույլատրվում է, ապա օտարերկրյա ապրանքների ներմուծումը կարող է իրականացվել մինչև վերամշակման համար նախատեսված ապրանքների արտահանումը:
Բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր արտահանումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից` «վերաներմուծում» մաքսային ռեժիմով դրանց հետագա ներմուծման ժամանակ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչև վեց ամիս ժամկետով.
գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ներմուծվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «վերաներմուծում» ռեժիմով կամ ձևակերպվեն «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:
3. Այս ռեժիմով արտահանված ապրանքները ներմուծելիս «վերաներմուծում» ռեժիմով մաքսային ձևակերպումների ժամանակ ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է վճարել վերամշակված ապրանքների ներմուծման համար «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների և վերամշակման նպատակով արտահանված ապրանքների համար «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հաշվարկվող մաքսային վճարների տարբերությունը, բացառությամբ մաքսավճարի, որը հաշվարկվում է առանց նվազեցումների:
4. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանված ապրանքների վերամշակումից առաջացած թափոնները և մնացորդները ենթակա են հայտարարագրման սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետը լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում՝ վճարելով ընտրված մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները:
(48-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն, լրաց., խմբ. 08.12.11 ՀՕ-354-Ն)