Հոդված 37. «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմը
Հոդված 37. «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմը
1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետագա արտահանման պայմանով ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:
2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ վճարների.
բ) ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով, բացառությամբ օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին և դրանց անձնակազմին պատկանող ապրանքների և տրանսպորտային միջոցների, որի դեպքում մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա ժամանակավոր ներմուծման ժամկետները կարող է երկարաձգել հայտարարատուի խնդրարկած ժամկետով.
«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով բացթողնված ապրանքների ներմուծման ժամկետը նշված ռեժիմով մեկ տարուց ավելի ժամկետով երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից միայն ֆինանսական վարձակալության տրման նպատակով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով բաց թողնված ԱՏԳ ԱԱ 84-ից 89-ը ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների համար:
Ֆինանսական վարձակալության տրման նպատակով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով բաց թողնված ԱՏԳ ԱԱ 84-ից 89-ը ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների համար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի համար խնդրարկվող ժամկետը չի կարող գերազանցել ֆինանսական վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով ներմուծված ապրանքների համար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:
գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ միջոցների.
դ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է վերահայտարարագրվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետագա արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված.
ե) արգելվում են բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների և տրանսպորտային միջոցների այլ փոփոխությունները:
զ) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է այդ ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները հայտարարագրել «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով:
(37-րդ հոդվածը լրաց. 20.05.02 ՀՕ-352-Ն, փոփ., լրաց., խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն, փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-125-Ն)