Հոդված 135. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ և լրացումներ կատարելը, մաքսային հայտարարագրի անվավեր համարումը
Հոդված 135. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ և լրացումներ կատարելը, մաքսային հայտարարագրի անվավեր համարումը
1. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել մինչև դրա ընդունումը, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված դեպքերում` ընդունումից հետո:
Մաքսային հայտարարագրի ընդունումից հետո մինչև մաքսային հսկողության ուղու ընտրությունը հայտարարագրի մեջ սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում հայտարարատուն կարող է միջնորդություն ներկայացնել մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմին` հայտարարագրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար և կատարել փոփոխությունները: Մաքսային հայտարարագրում փոփոխություն կատարելու կարգը և փոփոխման ենթակա տվյալների ցանկը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:
2. Եթե մաքսային մարմինների կողմից իրականացված հսկողության արդյունքներով պարզվում է, որ տեղափոխվող ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների վերաբերյալ հայտարարագրված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա`
ա) եթե կան մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքեր, ապա մաքսային մարմինը սկսում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթը: Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննման արդյունքում սույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված որոշում ընդունած պաշտոնատար անձը՝ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, որոշումն ընդունելուց հետո` առնվազն մեկ աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային հայտարարագրի անվավեր համարման միջնորդություն է ներկայացնում մաքսային մարմնի ղեկավարին.
բ) եթե մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքեր չկան, ապա հայտարարագիրն անվավեր է համարվում սույն հոդվածի 5-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում` սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան.
գ) մաքսային մարմինները կարող են որոշում կայացնել մաքսային հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին:
3. Ընդունված մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու խնդրանքով հայտարարատուն կարող է դիմել մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմին:
4. Հայտարարագրի անվավեր համարման դիմումն ստանալու հաջորդ օրը, եթե սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ չի սկսվել, ապա մաքսային մարմնի ղեկավարը կայացնում է հայտարարագրի անվավեր համարման մասին որոշում, իսկ եթե դիմումի ուսումնասիրման արդյունքում չեն բացահայտվում ընդունված մաքսային հայտարարագրի անվավեր համարելու` սույն հոդվածի 5-րդ կետում նշված հիմքերը, ապա դիմումը մերժվում է՝ գրավոր ներկայացնելով մերժման պատճառները:
5. Մաքսային հայտարարագիրը կարող է անվավեր համարվել կամ փոփոխվել, եթե ընդունված մաքսային հայտարարագրում կա անճշտություն կամ սխալ, կամ հայտարարագրված ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները փաստացի չեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով, և այդ հանգամանքը հանգեցրել է կամ, հայտարարագիրն անվավեր չհամարելու կամ չփոփոխելու դեպքում, կարող է հանգեցնել մաքսային կանոնների խախտման:
6. Մաքսային հայտարարագիրը կարող է փոփոխվել հայտարարատուի և մաքսային մարմնի փոխհամաձայնության դեպքում մաքսային մարմնի կամ հայտարարատուի կողմից` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, կամ հայտարարատուի և մաքսային մարմնի փոխհամաձայնության դեպքում անվավեր ճանաչվել մաքսային մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:
7. Անվավեր համարված հայտարարագրերը վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով հանվում են փաստաթղթաշրջանառությունից և տվյալների բազայից:
8. Եթե անվավեր համարված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմիններին ներկայացված է եղել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փաստացի տեղափոխված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների համար, ապա հայտարարատուն պարտավոր է այդ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների համար ներկայացնել նոր մաքսային հայտարարագիր՝ մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում, ընդ որում, մինչև նոր մաքսային հայտարարագրի հիման վրա բացթողումն անվավեր համարված մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները գտնվում են մաքսային հսկողության տակ:
9. Հայտարարագրված ապրանքների և տրանսպորտային միջոցների բաց թողնումից հետո մաքսային մարմինների ընդունած մաքսային հայտարարագիրը կարող է անվավեր համարվել (ամբողջությամբ կամ մասնակի), փոփոխվել և (կամ) լրացվել` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:
(135-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն, 20.05.14 ՀՕ-46-Ն)