Հոդված 10. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 10. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Մասնագիտացված անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջներն առաջին անգամ խախտելու դեպքում Կենտրոնական բանկը տալիս է նախազգուշացում` խախտումը վերացնելու կամ ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով կամ նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
2. Մասնագիտացված անձանց կողմից արժութային օրենքների և դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջները երկրորդ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կասեցնում է գործունեության լիցենզիան կամ նշանակում է տուգանք` խախտման գումարի չափով, կամ խախտման մեջ գումարի բացակայության դեպքում` նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով արժութային օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:
3. Մասնագիտացված անձի կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջները երեք և ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան:
4. Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից լիցենզավորած անձանց նկատմամբ սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:
5. Սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերում չնշված ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջների խախտումների համար կառավարության լիազորած մարմինը կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
6. Արտարժույթի դիլերային առուվաճառք իրականացնող անձանց (արժութային դիլերների), արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց (փոխանակման կետերի), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձանց կողմից իրենց հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր) չտրամադրելու դեպքում Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան:
Հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր) չտրամադրելու համար բանկերը և վարկային կազմակերպությունները պատասխանատվություն են կրում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Բանկերի և վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
7. Արտարժույթի դիլերային առուվաճառք իրականացնող անձանց (արժութային դիլերների), արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց (փոխանակման կետերի), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձանց կողմից Կենտրոնական բանկի տված լիցենզիաների պայմանները խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է կիրառել սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները:
8. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
9. Եթե անձը սույն հոդվածով սահմանված կարգով պատասխանատվությունը կրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների նոր խախտում թույլ չի տալիս, ապա նա համարվում է սույն հոդվածով սահմանված պատասխանատվության չենթարկված:
Սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով պատասխանատվություն կրելու պահ է համարվում անձի կողմից իր նկատմամբ պատասխանատվություն կիրառելու մասին որոշման պահանջները կատարելը:
10. Արտարժույթի դիլերային առուվաճառք իրականացնող անձի (արժութային դիլերի), արտարժույթի առուվաճառք իրականացնող անձի (փոխանակման կետի), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում (լիցենզիայի պայմանները կամ արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները խախտելու համար) անձն իրավունք չունի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահից երեք տարի ժամկետով որևէ կերպ (ուղղակիորեն կամ իրավաբանական անձ հիմնադրելով կամ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում որևէ մասնակցություն ունենալով կամ առանց մասնակցության իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունենալով կամ արտարժույթի դիլերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի և արտարժույթի առուվաճառքի սակարկությունների գործունեություն իրականացնող անձանց կողմից որպես աշխատակից ներգրավվելով) իրականացնելու արտարժույթի դիլերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի և արտարժույթի առուվաճառքի սակարկությունների գործունեություն: