Հոդված 22. Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների առևտուրը
Հոդված 22. Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների առևտուրը
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և դրա բաղկացուցիչ մասերի առևտուր կատարելու իրավունք ունեն քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, որոնք պարտավոր են՝
1) ունենալ վաճառվող քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների համապատասխանության սերտիֆիկատ․
2) պահանջել գնորդից ներկայացնել համապատասխան զենք ձեռք բերելու թույլտվություն․
3) ապահովել ձեռք բերվող և վաճառվող զենքի գրանցումը և հաշվառումը և հաշվառման փաստաթղթերի պահպանությունը 10 տարի ժամկետով.
4) ամենամսյա տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ վաճառված քաղաքացիական, ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և դրանց բաղկացուցիչ մասերի և դրանք ձեռք բերող անձանց մասին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած ձևով և կարգով.
5) գնորդին տրամադրել վաճառվող զենքի տվյալները Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալու նպատակով.
6) գնորդին վաճառված զենքը տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության տրամադրած՝ զենք պահելու և կրելու կամ պահելու և օգտագործելու թույլտվության առկայության դեպքում.
7) ապահովել զենքի և ռազմամթերքի պատշաճ պահպանությունը և այն պահելու անվտանգությունը.
8) կոմիսիոն վաճառքի ընդունված և վերադարձված զենքերի վերաբերյալ երկօրյա ժամկետում գրավոր հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն.
9) կենտրոնացված հաշվառում կատարելու նպատակով հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնել ակոսափող քաղաքացիական և ծառայողական զենքը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:
2. Արգելվում են՝
1) քաղաքացիական և ծառայողական զենք վաճառելը տվյալ տեսակի զենք ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած իրավաբանական և ֆիզիկական անձանց, իսկ դրանց փամփուշտները՝ տվյալ տեսակի զենք պահելու և կրելու կամ պահելու և օգտագործելու թույլտվություն չներկայացրած իրավաբանական և ֆիզիկական անձանց.
2) քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միևնույն վաճառասրահում զենքի հետ կապ չունեցող այլ ապրանքների համատեղ վաճառք կատարելը, բացառությամբ սպորտային, որսորդական կամ ձկնորսական պատկանելության հարմարանքների, զենքի պահեստամասերի և սույն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված միջոցների․
3) տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան համապատասխանության գնահատման փաստաթուղթ, հայերեն մակնշում, անհատական համար չունեցող քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ վաճառելը․
4) քաղաքացիական և ծառայողական զենքի վաճառքի կետերում, խանութ-սրահներում զենքի ցուցադրումն առանց ձգանը արգելափակող հատուկ գործարանային արտադրության կողպեքի.
5) մանրածախ առևտրի սրահներում 50 կիլոգրամից ավել վառոդ և 15 հազարից ավել փամփուշտ պահելը.
6) շահագործման համար տեխնիկապես ոչ պիտանի զենքեր վաճառելը:
3. Մինչև 7.5 ջոուլ փողային էներգիան չգերազանցող օդաճնշիչ զենքերը վաճառվում են առանց թույլտվության միայն քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող վաճառքի կետերում։
4. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց դուստր կազմակերպությունները պարտավոր են նույն գործունեությամբ զբաղվելու համար սահմանված կարգով ձեռք բերել առանձին լիցենզիա:
5. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք վաճառքի են ընդունում զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտներին պատկանող քաղաքացիական և ծառայողական զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները։
(հոդվածը 16.12.22 ՀՕ-475-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)