Հոդված 34. Հրաձգության հրահանգիչը
Հոդված 34. Հրաձգության հրահանգիչը
1. Հրաձգության հրահանգիչը հրաձգարանի տարածքում հրաձգության վարժանքներ, հրաձգության և տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնող և հրաձգության հետ կապված այլ գործունեություն իրականացնող և վերահսկող անձ է, որին ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը տվել է հրաձգության հրահանգչի որակավորում:
2. Հրաձգության հրահանգիչը պարտավոր է՝
1) վերահսկել հրաձգարանի տարածքի համապատասխանությունը զենք և ռազմամթերք օգտագործելու ու դրանց հետ վարվելու անվտանգության կանոնների պահանջներին.
2) տեղեկացված լինել շրջանառության մեջ գտնվող՝ սույն օրենքով նախատեսված զենքի տեսակներից ու դրանց համար նախատեսված ռազմամթերքից և դրանց օգտագործման հնարավորություններից.
3) վերահսկել հրաձգարանի տարածքում զենքի և ռազմամթերքի համապատասխանությունը դրանց օգտագործման նպատակներին.
4) վերահսկել հրաձգարանում զենքի և ռազմամթերքի նպատակային նշանակությամբ օգտագործումը.
5) դիտարկել և անհրաժեշտության դեպքում ուղղորդել զենքի հետ վարվելակերպը հրաձիգների կողմից.
6) վերահսկել զենքի և ռազմամթերքի օգտագործման և դրանց հետ վարվելու անվտանգության կանոնները.
7) անհրաժեշտ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել դժբախտ պատահարների դեպքում.
8) կատարել համապատասխան իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:
3. Հրաձգության հրահանգչին անհրաժեշտ որակավորում տրվում է հրաձգության հրահանգիչների համար ուսուցում անցած և քննություն հանձնած անձին: Քննության ընթացքում ստուգվում են սույն հոդվածի 2-րդ մասում նշված պարտականությունները կատարելիս հրաձգության հրահանգչի գիտելիքներն ու ունակությունները:
4. Հրաձգության հրահանգչի որակավորման գործողության ժամկետը հինգ տարի է և կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ ևս հինգ տարով:
5. Հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները և հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանում է ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:
(34-րդ հոդվածը փոփ. 16.12.22 ՀՕ-475-Ն)