Հոդված 10. Լիցենզավորմանը ներկայացվող հիմնական պահանջները
Հոդված 10. Լիցենզավորմանը ներկայացվող հիմնական պահանջները
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությունը, առևտուրը, հարդարումը, հրաձգարանի գործարկումը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են լիցենզավորման:
2. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաները տալիս է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
3. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի, հարդարման, հրաձգարանի գործարկման լիցենզիաները տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
4. Լիցենզիաները տրվում են անժամկետ:
5. Լիցենզավորվող կազմակերպություններում զենքի հետ առնչվող աշխատողների նկատմամբ կիրառվում են սույն օրենքով նախատեսված սահմանափակումները:
6. Լիցենզավորվող կազմակերպությունները պարտավոր են ապահովել օրենքով և համապատասխան լիցենզավորման կարգերով սահմանված՝ զենքի զետեղարաններին, պահոցներին, պահեստներին և առևտրի սրահներին ներկայացվող պահանջները:
7. Լիցենզիայի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:
8․ Լիցենզիա ստանալու դիմումը համապատասխան մարմինը քննարկում է դիմումն ստանալու օրվանից հաշված՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել օրենքով սահմանված կարգով: Դիմումում նշվում են տեղեկություններ արտադրության, առևտրի, հարդարման ենթակա զենքի տեսակի, դրա արտադրության լիակատար անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Դիմողը պարտավոր է ներկայացնել նաև իրավաբանական անձի հիմնադրմանը և գրանցմանը վերաբերող, քաղաքացու անձը հաստատող և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
9․ Լիցենզիան մերժելու հիմքերն են`
1) դիմողի կողմից անհրաժեշտ տեղեկություններ չներկայացնելը կամ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելը, եթե հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ թերությունները չեն վերացվել.
2) զենքի արտադրության անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման անհնարինությունը կամ այդ պայմանները չապահովելը.
3) օրենքով նախատեսված այլ հիմքեր:
10․ Լիցենզիա ստանալու դիմումը մերժելու դեպքում համապատասխան մարմինը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին` նշելով մերժման հիմքը: Լիցենզիա ստանալու դիմումը մերժելու որոշումը, ինչպես նաև դիմումի քննարկման ժամկետների խախտումները դիմումատուն կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:
(հոդվածը 16.12.22 ՀՕ-475-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)