Հոդված 27. Զենքի հավաքածու ցուցադրելը
Հոդված 27. Զենքի հավաքածու ցուցադրելը
1. Իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց և այլ սեփականատերերի պատկանող զենքի հավաքածուի ցուցահանդեսները, ցուցահանդես-վաճառքները (այսուհետ՝ ցուցահանդես) կատարում են զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվության հիման վրա:
2. Ցուցահանդես չի համարվում արտադրության վայրում արտադրողին կամ առևտրի սրահում մատակարարներին պատկանող զենքի ցուցադրումը:
3. Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի գիտական, տեղեկատվական, ճանաչողական և քրեագիտական նշանակության հատուկ հավաքածուների ցուցահանդեսներ կազմակերպում են առանց թույլտվության:
4. Զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց պատկանող զենքը կարող են ցուցադրել զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցով՝ նրանց հետ կնքած համապատասխան պայմանագրի հիման վրա: Ցուցահանդեսի անցկացման պատասխանատվությունը կրում է զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը:
5. Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են՝
1) ապահովել ցուցասրահների, զետեղարանների անվտանգությունը, ցուցանմուշների պահպանությունը.
2) ապահովել ցուցանմուշների հաշվառումը.
3) Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել ցուցադրման ենթակա զենքի համարային հաշվառման ցուցակները:
6. Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց արգելվում է՝
1) ցուցադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության չհաշվառած զենքը.
2) ցուցահանդեսում զենք ցուցադրել այլ առարկաների հետ համատեղ, բացառությամբ զենքի պահեստամասերի, արտադրության սարքերի և գործիքների, սպորտային, որսորդական ու ձկնորսական հարմարանքների, զենքի տեխնիկական սպասարկման և նորոգման առարկաների.
3) զենքը պահել ցուցահանդեսի ընթացքում զենք պահելու պայմաններին չհամապատասխանող զետեղարանում:
7․ Զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու կարգը և զենքի անվանացանկը սահմանում է Կառավարությունը: