Հոդված 11. Թույլտվություններին ներկայացվող հիմնական պահանջները
Հոդված 11. Թույլտվություններին ներկայացվող հիմնական պահանջները
1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ քաղաքացիական և ծառայողական զենքի համապատասխան թույլտվությունները տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
2. Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններն են`
1) քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ձեռք բերելու թույլտվություններ` վեց ամիս գործողության ժամկետով.
2) քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու թույլտվություն` վեց ամիս գործողության ժամկետով.
3) զենք պահելու և օգտագործելու թույլտվություն՝ 10 տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 10 տարով երկարաձգելու իրավունքով.
4) զենքի հավաքածու կազմելու թույլտվություն՝ 10 տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 10 տարով երկարաձգելու իրավունքով.
5) զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն` վեց ամիս գործողության ժամկետով.
6) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների` զենք կրելու թույլտվություն` հինգ տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ հինգ տարով երկարաձգելու իրավունքով:
3. Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններն են`
1) քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու թույլտվություն՝ վեց ամիս գործողության ժամկետով.
2) գազային զենք պահելու և կրելու թույլտվություն՝ անժամկետ.
3) քաղաքացիական և ծառայողական զենք (բացառությամբ սառը և գազային զենքերի) պահելու և կրելու թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 10 տարով երկարաձգելու իրավունքով.
4) զենքի հավաքածու կազմելու թույլտվություն՝ 10 տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 10 տարով երկարաձգելու իրավունքով.
5) զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն՝ վեց ամիս գործողության ժամկետով.
6) որպես պարգև ստացած զենքը պահելու և կրելու թույլտվություն՝ անժամկետ.
7) զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու կամ արտահանելու թույլտվություն` վեց ամիս գործողության ժամկետով.
8) որպես պարգև ստացած և կրակոց արձակելու համար ոչ պիտանի դարձրած (մալած) մարտական կամ ծառայողական զենքը ժառանգելու դեպքում պահելու թույլտվություն՝ անժամկետ:
4. Օտարերկրյա քաղաքացիներին տրվող թույլտվություններն են`
1) քաղաքացիական զենք ձեռք բերելու, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ արտահանելու թույլտվություն` հնգօրյա գործողության ժամկետով.
2) Հայաստանի Հանրապետությունից որպես պարգև տրված զենք արտահանելու թույլտվություն` երկու ամիս գործողության ժամկետով:
5. Սառը զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդությամբ զբաղվող և քաղաքացիական հրազեն պահելու և կրելու կամ հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող քաղաքացին: Սառը զենք վաճառելու ժամանակ կազմակերպությունը զենքի անհատական տվյալները, գնման ամսաթիվը գրանցում է քաղաքացու՝ որսորդությամբ զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթում և հաստատում կազմակերպության կնիքով։
6. Զենք պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող քաղաքացին յուրաքանչյուր հինգ տարին մեկ պարտավոր է անցնել համապատասխան բժշկական հետազոտություն՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայության կամ բացակայության վերաբերյալ, որի արդյունքները տվյալ բժշկական կազմակերպության կողմից էլեկտրոնային եղանակով ինքնաշխատ փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Ընթացիկ հետազոտությունների ընթացքում զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայության վերաբերյալ տեղեկությունը բժշկական կազմակերպության կողմից էլեկտրոնային եղանակով ինքնաշխատ փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն։
7. Թույլտվություն տրամադրելու կարգը և թույլտվության ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
8. Թույլտվություն տրամադրելու իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումները:
9. Թույլտվություն ստանալու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու դիմումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քննարկվում է օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ զենք կրելու, պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու, զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվությունները տրվում են հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
10. Թույլտվություն ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է դիմումատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
1) սահմանված ձևի դիմում.
2) զենքի պահպանման պայմանների առկայության վերաբերյալ հաշվառման կամ բնակության վայրի (կախված զենքը պահելու վայրից) ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված տեղեկանք.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
4) 3x4 սմ չափի երկու լուսանկար.
5) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացությունը.
6) պետական տուրքի վճարման անդորրագիր (անդորրագրեր)՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով.
7) զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ:
12. Սույն հոդվածով նախատեսված թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար դիմումը ներկայացվում է դրանց գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ։
13. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում նաև թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար, բացառությամբ 7-րդ կետով նախատեսված փաստաթղթի:
14. Թույլտվություն ստանալու դիմումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մերժում է, եթե`
1) դիմողը ներկայացրել է ոչ ճիշտ տեղեկատվություն, կամ ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ ներկայացվել են անճշտություններով, և սահմանված ժամկետում դիմումատուն չի վերացրել նշված թերությունները.
2) դիմողը չի ապահովել զենք պահելու անհրաժեշտ պայմանները.
3) առկա է սույն օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
15. Թույլտվություն ստանալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու դիմումը մերժելու դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին` նշելով մերժման հիմքը: Թույլտվություն ստանալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու դիմումը մերժելու որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
16. Թույլտվություն ստացած անձի կողմից տվյալ թույլտվությունն ստանալու համար ներկայացված տեղեկությունների փոփոխության դեպքում թույլտվությունը վերաձևակերպվում, իսկ ոչ պիտանի դարձած կամ կորցրած թույլտվությունը վերականգնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դիմումը և թույլտվությունը վերաձևակերպելու կամ վերականգնելու համար հիմք հանդիսացող հանգամանքները հավաստող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Թույլտվության վերաձևակերպումը կամ վերականգնումը կատարվում է առանց թույլտվության գործողության ժամկետի փոփոխության:
17. Թույլտվությունը հետագա oգտագործման համար ոչ պիտանի է համարվում, եթե թույլտվության վրա առկա գրառումներից որևէ մեկն անընթեռնելի է, թույլտվությունն ունի մեխանիկական կամ քիմիական վնասվածքներ, գունազրկվել է, վնասվել է լուսանկարը, կամ թույլտվությունը տրամադրած մարմնի կնիքի դրոշմվածքն աղավաղված է:
18. Իրավաբանական անձանց տրված՝ զենք պահելու և օգտագործելու թույլտվությունը ենթադրում է տվյալ իրավաբանական անձի կողմից ձեռք բերված զենքը պահելը, իր գործունեության նպատակների համար՝ այն բաշխելը, հաշվառելը: Զենք պահելու և օգտագործելու թույլտվություն ստացած իրավաբանական անձը պատասխանատու է իր ձեռք բերած զենքի ամբողջականության և անվտանգության ապահովման համար:
19. Սույն հոդվածով նախատեսված թույլտվություններն ստանալու, դրանք երկարաձգելու, վերաձևակերպելու կամ վերականգնելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով: