Հոդված 7. Զենքի շրջանառության վրա տարածվող սահմանափակումները
Հոդված 7. Զենքի շրջանառության վրա տարածվող սահմանափակումները
1. Արգելվում է, որպես քաղաքացիական և ծառայողական զենք, շրջանառության մեջ մտցնել՝
1) 250 մմ-ից պակաս երկարություն ունեցող ակոսավոր փողով, 400 մմ-ից պակաս երկարություն ունեցող ողորկ փողով կամ փողային տուփով և փողով և 600 մմ-ից պակաս ընդհանուր երկարություն ունեցող երկարափող հրազեն, ինչպես նաև այնպիսի կառուցվածքով երկարափող հրազեն, որը թույլ է տալիս դրա երկարությունը կարճացնել 600 մմ-ից՝ առանց կրակ արձակելու ունակության կորստի.
2) ինքնաշեն զենք, իր ձևով և տեսքով այլ առարկաների նմանեցված զենք, կառուցվածքային փոփոխության ենթարկված ակոսափող և ողորկափող հրազեն՝ առանց կրակելու ունակության կորստի.
3) ակոսափող հրազենի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ողորկափող հրազեն.
4) ակոսափող հրազենի փամփուշտների չափերին համապատասխան պատրաստված ողորկափող հրազեն.
5) գազային զենք կամ ազդանշանային զենք, որի կառուցվածքը հնարավորություն է տալիս կրակելու հրազենի փամփուշտներ.
6) լախտեր, կռփազենք (կաստետներ), բումերանգներ և որպես զենք կիրառելու համար հարմարեցված հարվածող, ջարդող, մանրացնող և նետողական հատկություններով օժտված այլ առարկաներ, բացառությամբ սպորտային գործիքների․
7) զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուսածիր գործողության գնդակով փամփուշտներ.
8) տեխնիկական կանոնակարգով օգտագործման համար չթույլատրված նյարդակաթվածահարող, թունավոր և այլ ներգործող նյութերով լիցքավորված փամփուշտներ, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային սարքեր, մեկ մետրից ավել հեռավորության վրա գտնվող անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու ունակությամբ օժտված գազային զենք.
9) Կառավարության հաստատած քրեագիտական պահանջներին չհամապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող զենք և ռազմամթերք.
10) զենք և այլ առարկաներ, որոնց խոցելու ունակությունը պայմանավորված է էլեկտրամագնիսական, լուսային, ջերմային, ենթաձայնային կամ ուլտրաձայնային ճառագայթման օգտագործմամբ․
11) սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազեն և վնասվածքային գործողության փամփուշտ, բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների.
12) 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով սառը զենք, որի շեղբը կամ սայրը դուրս է գալիu բռնակից հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով կամ ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցությամբ և ինքնաբերաբար ամրակցվում, բացառությամբ մշակութային արժեք ունեցող, այդ թվում՝ պատմական նշանակություն ունեցող սառը զենքի, դրանց պատճենների և կրկնօրինակների:
2. Արգելվում է՝
1) 7.5 ջոուլ փողային էներգիայից ավել էներգիայով և 4.5 մմ տրամաչափը գերազանցող օդաճնշիչ զենք, սառը և նետողական զենք oգտագործելն սպորտային oբյեկտներից և հրաձգարաններից դուրս, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կարող են օգտագործվել նաև գիտահետազոտական կամ կանխարգելիչ աշխատանքներ կատարելու նպատակով կենդանիներին ներարկելու համար.
2) քաղաքացիական և ծառայողական զենքի վրա անաղմուկ հրաձգության նպատակով կառուցված կամ արտադրված հարմարանքներ տեղադրելը.
3) զենք ուղարկել կամ առաքել փոստով կամ ուղեբեռով.
4) հավաքների կամ հանրային միջոցառումների մասնակցելիս քաղաքացիների կողմից զենք կրելը կամ տեղափոխելը (փոխադրելը).
5) քաղաքացիական զենք (բացառությամբ գազային զենքի) կրելը, բացառությամբ սիրողական և սպորտային հրաձգությամբ, որսորդությամբ զբաղվելու և մշակութային միջոցառումներին մասնակցելու ընթացքում.
6) տեխնիկական կանոնակարգով օգտագործման համար արգելված՝ թունավոր նյութերով լիցքավորված ատրճանակների (ռևոլվերների) նմանվող սարքերի և դրանց փամփուշտների, ատրճանակների նմանվող սարքերի, կայծային պարպիչների և այլ կրովի էլեկտրահարող սարքերի շրջանառությունը.
7) էլեկտրահարող զենք հանդիսացող ատրճանակի նմանվող՝ հեռահար կամ լարի միջոցով էներգիա փոխանցող տայզերի ձեռքբերումը, բացառությամբ պետական ռազմականացված կառույցների.
7.1) անչափահասների կողմից մեխանիկական փոշեցրիչների, աերոզոլային և այլ սարքերի, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող զենքերի ու կայծային պարպիչների շրջանառությունը.
8) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար ներկայացված՝ տեխնիկական կանոնակարգին չհամապատասխանող զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ վաճառելը, փոխանցելը և ձեռք բերելը.
9) շրջանառության մեջ դնել զենք, որի խոցելու ունակությունը պայմանավորված է ռադիոակտիվ ճառագայթների, քիմիական և կենսաբանական գործոնների օգտագործմամբ.
10) ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիների կողմից սառը զենք կրելը.
11) ողորկափող հրազեն օգտագործելը բնակավայրերում, բնակավայրերից, մայրուղիներից, միջպետական և միջհամայնքային նշանակության ճանապարհներից 500 մետր, իսկ ակոսափող հրազեն՝ 3000 մետր հեռավորությունից մոտ տարածքում, բացառությամբ հրաձգարանների:
(7-րդ հոդվածը փոփ. 13.07.23 ՀՕ-268-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.01.24 ՀՕ-34-Ն)
(13.07.23 ՀՕ-268-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)