Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետից հանել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը․
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով․
«7.1) իր գործունեության ֆինանսավորման, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նպատակով ստանալու վարկեր Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից, վարկային կազմակերպություններից, ինչպես նաև ներդնել ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում․»․
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Կուսակցության կողմից իր գույքի վաճառքի կամ վարձակալության գինը չպետք է էականորեն գերազանցի պայմանագրի կնքման պահին համանման գույքի վաճառքի կամ վարձակալության համար գործող շուկայական գինը։ Կուսակցության կողմից իր գույքը համանման գույքի համար շուկայական գնից էականորեն բարձր գնով վաճառվելու կամ վարձակալության հանձնվելու դեպքում վաճառքի գնի կամ վարձակալության վճարի՝ շուկայական գինը գերազանցող մասը դիտվում է որպես կուսակցության օգտին կատարվող նվիրատվություն, և դրա նկատմամբ համապատասխանաբար կիրառելի են սույն օրենքի 24-րդ հոդվածի 1.2-րդ, 8.1-ին և 9-րդ մասերով սահմանված դրույթները։ Գործող շուկայական արժեքից տարբերվող գինը համարվում է էականորեն բարձր, եթե այն գործող շուկայական արժեքից տարբերվում է նվազագույնը քսան տոկոսը գերազանցող չափով։»․
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. Կուսակցությունն իրավունք չունի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև լինելու առևտրային իրավաբանական անձի հիմնադիր կամ մասնակից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։»․
5) 4-րդ մասը «Ազգային ժողովի ընտրություններում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև համայնքների՝ համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու ընտրություններում» բառերով․
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով․
«6. Կուսակցության կողմից հիմնադրված զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների գործունեության արդյունքում ստացված և կուսակցությանը փոխանցված եկամուտը կարող է օգտագործվել միայն կուսակցության կանոնադրությամբ և ծրագրով սահմանված նպատակների համար։»։