Անցնել բովանդակությանը

Հոդված 2. և 3 (ընթացակարգային և նյութաիրավական) • Վատ վերաբերմունքի և մահվան անարդյունավետ քննությունը, որը կենտրոնացած էր բացառապես ինքնասպանության պաշտոնական վարկածի վրա • Հոդված 2-ի և 3-ի ընթացակարգային պահանջների լուրջ խախտումները • Պետության կողմից ապացուցման բեռը չկրելը` մահվան և վնասվածքների համար բավարար բացատրություն չտալով

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2 և 3 (ընթացակարգային և նյութաիրավական) • Վատ վերաբերմունքի և մահվան անարդյունավետ քննությունը, որը կենտրոնացած էր բացառապես ինքնասպանության պաշտոնական վարկածի վրա • Հոդված 2-ի և 3-ի ընթացակարգային պահանջների լուրջ խախտումները • Պետության կողմից ապացուցման բեռը չկրելը` մահվան և վնասվածքների համար բավարար բացատրություն չտալով

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

8 նոյեմբերի 2022 թ.

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer]՝ Նախագահ,

Թիմ Այքը [Tim Eicke],

Յոնկո Գրոզև [Yonko Grozev],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova],

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking],

Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,

և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության չորս քաղաքացիների՝ տկն Անահիտ Վարդանյանի, պրն Վարդան Խալաֆյանի, պրն Հմայակ Խալաֆյանի և տկն Անի Խալաֆյանի (դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2011 թվականի դեկտեմբերի 14-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 2265/12),

իրենց հարազատի՝ պրն Վահան Խալաֆյանի մահվան, նրա նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի և նրա ապօրինի կալանավորմանը, ինչպես նաև իշխանության մարմինների կողմից ենթադրաբար արդյունավետ քննություն չիրականացնելուն առնչվող բողոքների վերաբերյալ Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

2022 թվականի հոկտեմբերի 4-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Գործը վերաբերում է 24 տարեկան հասակում պրն Վահան Խալաֆյանի մահվանը՝ ոստիկանությունում կալանքի տակ պահվելու ընթացքում, և դրանով հիմնականում հարցեր են բարձրացվում Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն:

ՓԱՍՏԵՐԸ

2. Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1962, 1986, 1975 և 1992 թվականներին և բնակվում են Չարենցավան քաղաքում։ Դիմումատուներին ներկայացրել են պրակտիկ գործունեությամբ չզբաղվող իրավաբաններ պրն Ա. Ղազարյանը և պրն Ա. Զեյնալյանը։

3. Կառավարությունը ներկայացրել է կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ:

5. Առաջին դիմումատուն՝ Անահիտ Վարդանյանը, Վահան Խալաֆյանի մայրն է։ Երկրորդ, երրորդ և չորրորդ դիմումատուները՝ Վարդան, Հմայակ և Անի Խալաֆյանները, համապատասխանաբար տուժողի եղբայրը, զարմիկը և քույրն են։

I. Վահան Խալաֆյանի մահը

6. 2010 թվականի ապրիլի 6-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային գլխավոր քննչական վարչության քննչական բաժնի (ԿՄԳՔՎՔԲ) Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ենթադրյալ գողության դեպքի առթիվ։

7. 2010 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 10-ի սահմաններում, Վահան Խալաֆյանը և եւս երեք կասկածյալներ գողության դեպքի առթիվ հարցաքննության համար բերման են ենթարկվել Ոստիկանության Չարենցավանի բաժին՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա.Հ.-ի բանավոր հրամանով: Վահան Խալաֆյանի ձերբակալության վրա, inter alia (ի թիվս այլոց), ազդեցություն է ունեցել ոստիկանության ծառայող Մ.Հ.-ն, և նրա տեղափոխումը ոստիկանության բաժին չի արձանագրվել արգելանքի տակ պահվող անձանց հաշվառման համապատասխան գրանցամատյանում։

8. Համաձայն Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հետագայում հարուցված քրեական գործի արձանագրության՝ Վահան Խալաֆյանը ոստիկանության բաժնում բերման է ենթարկվել Ա.Հ.-ի աշխատասենյակ, որտեղ Ա.Հ.-ն բռնության սպառնալիքով նրան ստիպել է խոստովանել հանցագործությունը։ Այն բանից հետո, երբ Վահան Խալաֆյանը հրաժարվել է խոստովանել, Ա.Հ.-ն բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքներով և ոտքերով հարվածելով մարմնի տարբեր մասերին ոստիկանության ծառայող Մ.Հ.-ի ներկայությամբ։ Ժամը 16:55-ի սահմաններում ոստիկանության ծառայող Մ.Հ.-ն կազմել է «արձանագրություն անձին բերման ենթարկելու մասին», որտեղ նշել է, որ Վահան Խալաֆյանը ոստիկանության բաժին բերման է ենթարկվել ժամը 16:55-ին՝ գողություն կատարելու կասկածանքով։ Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության ծառայող Ա.Հ.-ն երեք այլ ծառայողների՝ Մ.Հ.-ի, Գ.Դ.-ի և Գ.Ղ.-ի ներկայությամբ կրկին հարձակվել է Վահան Խալաֆյանի վրա պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ Կ.Մ.-ի աշխատասենյակում։ Հարձակումից հետո Ա.Հ.-ն լքել է Կ.Մ.-ի աշխատասենյակը: Հոգեբանորեն շատ լարված վիճակում գտնվող Վահան Խալաֆյանը, որը նստած էր աթոռին, ձեռքը տարել է դեպի իր առջև գտնվող պահարանը, որտեղ պահվում էին տարբեր խոհանոցային պարագաներ, այդ թվում՝ խոհանոցային դանակ, բռնել է դանակը, ոտքի կանգնել, բարձրացրել վերնահագուստը և դանակի երկու հարված հասցրել իր որովայնին։ Ոստիկանության ծառայողներ Մ.Հ.-ն և Գ.Դ.-ն վազել են նրա կողմը, սակայն չեն կարողացել կանխել դանակահարությունը։ Վահան Խալաֆյանն ուշաթափվել և ընկել է հատակին։ Սենյակ են ներխուժել ոստիկանության այլ ծառայողներ։ Վահան Խալաֆյանին, որը հատակին անգիտակից ընկած էր, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։

9. Դիմումատուները վիճարկել են դեպքերի վերը նշված վարկածը և պնդել, որ իրականում Վահան Խալաֆյանը կորցրել է գիտակցությունը վատ վերաբերմունքի հետևանքով ստացած գլխուղեղի վնասվածքի պատճառով: Հանցագործությունը կոծկելու համար ոստիկանության ծառայողները որոշել էին ստեղծել ինքնասպանության տպավորություն՝ Վահան Խալաֆյանի որովայնին դանակի երկու հարված հասցնելով։

10. Ժամը 17:15-ին կանչվել է շտապօգնություն, որը Վահան Խալաֆյանին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նա ժամը 17:50-ին մահացել է։

11. Չպարզված ժամին ոստիկանության ծառայողներ Մ.Հ.-ն և Գ.Դ.-ն միջադեպի մասին առանձին զեկուցել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պետին։ Մ.Հ.-ն հայտնել է, որ ինքը և Գ.Դ.-ն Վահան Խալաֆյանի հետ մենակ են եղել Կ.Մ.-ի աշխատասենյակում, երբ Վահան Խալաֆյանը պահարանից վերցրել է խոհանոցային դանակը և դրանով հարված հասցրել իր որովայնին։ Նրանք միջամտել էին և արգելել նրան շարունակել ինքնավնասումը։ Մ.Հ.-ն իր զեկուցագրում նշել է, որ Վահան Խալաֆյանը ոստիկանության բաժին բերման է ենթարկվել ժամը 16.55-ին։ Ոստիկանության ծառայող Գ.Դ.-ն իր զեկուցագրում նշել է, որ ինքը նկատել է, թե ինչպես է Վահան Խալաֆյանը պահարանից հանել դանակը, և իրեն հարվածներ հասցնելուց հետո այն գցել հատակին։ Ամբողջ միջադեպը տևել է մոտ մեկից երկու վայրկյան։

12. Ոստիկանության ավագ ծառայողը ցուցմունք է վերցրել Մ.Հ.-ից, որում նա ներկայացրել է իրադարձությունների նմանատիպ նկարագրություն: Մ.Հ.-ն նշել է, որ չի նկատել, թե ինչպես է Վահան Խալաֆյանը պահարանից վերցրել դանակը, այլ նկատել է միայն այն պահը, երբ նա արդեն դանակահարել է իրեն՝ փորձելով ձախից աջ կտրել փորը։ Այնուհետև նա և Գ.Դ.-ն առջևից և հետևից բռնել են նրա ձեռքերը, իսկ Վահան Խալաֆյանը դանակը ձեռքից գցել է։ Ոստիկանության ծառայող Գ.Ղ.-ն այդ պահին մտել է աշխատասենյակ։ Մ.Հ.-ն հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել պահարանում գտնվող դանակի մասին։ Նրա ներկայությամբ ոչ ոք չի բացել պահարանի դուռը կամ դանակը դրել կամ հանել պահարանից։ Նա դանակահարությունից հետո նկատել է, որ պահարանի դուռը կիսաբաց է եղել, և որքան հիշում էր, նախկինում էլ այն ամբողջությամբ փակված չի եղել, ինչը կարող էր թույլ տալ Վահան Խալաֆյանին նկատել դանակը, երբ նստած էր պահարանի կողքին։ Մ.Հ.-ն հայտնել է նաև, որ Վահան Խալաֆյանը ոստիկանության բաժին բերման է ենթարկվել ժամը 16:55-ին, և որ միջադեպից առաջ ոչ ոք նրա նկատմամբ վատ վերաբերմունք չի ցուցաբերել: Ցուցմունքի վերջում Մ.Հ.-ն հավելել է, որ հիմա հիշում է, թե ինչպես է Վահան Խալաֆյանը հանել դանակը պահարանից։ Սակայն Վահան Խալաֆյանն այնքան արագ է դանակահարել իրեն, որ նրանց համար անհնար էր դա կանխել։

II. Քրեական գործով վարույթները

Ա. Քննությունը

13. Ժամը 20։40-ին ԿՄԳՔՎՔԲ-ի քննիչներից մեկը (այսուհետ՝ ոստիկանության քննիչ) ոստիկանության ծառայողներ Մ.Հ.-ի և Գ.Դ.-ի մասնակցությամբ իրականացրել է դեպքի վայրի զննություն: Ըստ նրանց՝ Վահան Խալաֆյանը նստած է եղել պահարանին ամենամոտ գտնվող աթոռին՝ մոտ 30 սմ հեռավորության վրա։ Գ.Դ.-ն նստած է եղել գրասեղանի մոտ, իսկ Մ.Հ.-ն նստած է եղել բազմոցներից մեկին։ Նստած ժամանակ Վահան Խալաֆյանը բացել է պահարանի ձախ կողմում գտնվող դուռը, որը կիսաբաց է եղել, դարակից վերցրել է դանակը, ոտքի կանգնել, ձախ ձեռքով բարձրացրել վերնահագուստը և աջ ձեռքով դանակով հարվածել որովայնին։ Նրանք բղավել են և շտապել կանգնեցնել նրան, սակայն ժամանակին չեն կարողացել հասնել նրան։ Վահան Խալաֆյանն ինքն իրեն դանակով հարվածելուց հետո ընկել է որովայնի վրա, իսկ դանակն ընկել է նրա կողքին։ Նրանք անհապաղ օգնություն են ցուցաբերել, շտապօգնություն են կանչել և նրան տեղափոխել են հիվանդանոց։ Գ.Դ.-ն հայտնել է նաև, որ Վահան Խալաֆյանին առաջին բուժօգնություն ցուցաբերելիս նա դանակը կոթի ծայրից վերցրել է և նորից դրել դարակում։ Դանակը, որն ուներ 15 սմ երկարությամբ շեղբ և 13 սմ երկարությամբ մետաղական կոթ և ընկած էր դարակներից մեկի վրա, առգրավվել է ոստիկանության քննիչի կողմից որպես ապացույց։

14. Ոստիկանության քննիչը որոշում է կայացրել քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի (ՔՕ) 110-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով (տե՛ս ստորև՝ 55-րդ պարբերությունը): Որոշման մեջ նշվում էր, որ ուսումնասիրելով Վահան Խալաֆյանի ինքնասպանության դեպքի առթիվ պատրաստված նյութերը՝ ոստիկանության քննիչը պարզել է, որ՝

«2010 թվականի ապրիլի 13-ին, ժամը 16։50-ին [Վահան Խալաֆյանը] բերման է ենթարկվել [Ոստիկանության Չարենցավանի բաժին] գողություն կատարելու կասկածանքով, [ԿՄԳՔՎՔԲ]-ի կողմից քննված ... քրեական գործի շրջանակներում: Ժամը 17:15-ի սահմաններում, պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի աշխատասենյակում գտնվելու ժամանակ [նա] պահարանից վերցրել է խոհանոցային դանակը և դրանով հարվածել իր որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այնուհետև Վահան Խալաֆյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է [հիվանդանոց], որտեղ ստացած վնասվածքներից մահացել է»։

15. 2010 թվականի ապրիլի 14-ին երրորդ դիմումատուն քրեական գործով վարույթի նպատակով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։

16. Քրեական գործի քննությունը 2010 թվականի ապրիլի 15-ին ստանձնել է Հատուկ քննչական ծառայության քննիչը (այսուհետ՝ ՀՔԾ քննիչ)։

17. Նույն օրը Վահան Խալաֆյանի դին ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, որի եզրակացությունները շարադրվել են դատաբժշկական փորձագետի թիվ 353 եզրակացությունում։ Փորձագետը նշել է, որ համաձայն ոստիկանության քննիչի՝ փորձաքննություն նշանակելու մասին որոշման՝ Վահան Խալաֆյանն ինքնասպանություն է գործել։ Նա արձանագրել է հետևյալ վնասվածքները. դանակի պերֆորացիոն հարված/որովայնի առջևի հատվածում կտրված վերք, որի հետևանքով վնասվել են վիսցերալ ճարպը և զարկերակներն ու երակները, որոնք տեղակայված են բարակ աղիքի միջընդերքում, ինչը հանգեցրել է սուր ներքին արյունահոսության (վնասվածք թիվ 1), դանակի պերֆորացիոն հարված/որովայնի առջևի հատվածում կտրված վերք՝ առանց ներքին օրգանների վնասման (վնասվածք թիվ 2), որովայնի առջևի հատվածում ընդհատվող երկու քերծվածք, արյունազեղումներ գլխի գագաթային հատվածի տակ, քերծվածքներ վերին շուրթին, կզակի ձախ կողմում և ձախ սրունքին, ճանկռվածքներ քթին, ձախ և աջ ոտքերի սրունքների առջևի հատվածներում, ծնկի հետևի փոսիկում, աջ ոտքի սրունքաթաթային հոդին և աջ ձեռքի արմունկի հետևի կողմում։ Ըստ փորձագետի՝ Վահան Խալաֆյանի մահը վրա է հասել 1-ին վնասվածքի հետևանքով առաջացած սուր ներքին արյունահոսությունից, իսկ վնասվածք թիվ 2-ի և մահվան միջև պատճառահետևանքային կապը բացակայում է։ Թե՛ թիվ 1 և թե՛ թիվ 2 վնասվածքները հասցվել են կյանքի ընթացքում՝ մահից մի քանի տասնյակ րոպե առաջ: Թիվ 1 վնասվածքի վերքային խողովակն ունեցել է 10-12 սմ խորություն և առջևից հետ ուղղություն, աջից ձախ թեքություն և վերևից ներքև թեթևակի թեքություն մարմնի ուղիղ առանցքի նկատմամբ, իսկ վնասվածք թիվ 2-ն ունեցել է 3 սմ խորություն և առջևից հետ ուղղություն՝ մարմնի ուղիղ առանցքի նկատմամբ աջից ձախ և վերևից ներքև թեքությամբ: Մնացած բոլոր վնասվածքները նույնպես հասցվել են կյանքի ընթացքում՝ մահից ոչ շատ առաջ՝ բացառությամբ 2-3 օր առաջ ստացված աջ արմունկի ճանկռվածքի։ Որովայնի քերծվածքները հասցվել են սուր ծայր ունեցող առարկայով, իսկ արյունազեղումները և ճանկռվածքներն առաջացել են սահմանափակ մակերես ունեցող բութ առարկայով կամ առարկաներով։ Քերծվածքները, արյունազեղումները և ճանկռվածքները չեն որակվել որպես թեթև վնասվածքներ, և դրանց և մահվան միջև պատճառահետևանքային կապը բացակայում է: Հնարավոր է, որ որովայնի հատվածում դանակի հարվածը/կտրած վերքերը պատճառվել են տվյալ դանակով, և որ դրանք հասցվել են ինքնավնասման արդյունքում։

18. Նույն օրը ՀՔԾ քննիչի կողմից նշանակվել է դանակի դատահետքաբանական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք դրա վրա մատնահետքեր են եղել, թե՝ ոչ, և մի շարք այլ հարակից հարցեր։

19. 2010 թվականի ապրիլի 19-ին դատահետքաբանական փորձագետի կողմից տրվել է թիվ 11411002 եզրակացությունը։ Փորձագետը նշել է, որ համաձայն ոստիկանության քննիչի՝ փորձաքննություն նշանակելու մասին որոշման՝ Վահան Խալաֆյանն ինքնասպանություն է գործել։ Ի պատասխան առաջադրված հարցերի՝ փորձագետը եզրակացրել է, որ ծայրի ստորին մասում առկա են քրտինքի և ճարպի մասնիկներ, որոնք պարունակում են պապիլյար ծալքերի աննշան հետքեր, որոնք թերի են, աղավաղված և մասամբ համընկնող և հետևաբար պիտանի չեն համեմատական վերլուծության համար:

20. 2010 թվականի ապրիլի 19-ին և 20-ին ՀՔԾ քննիչը հարցաքննել է գողության մեղադրանքով երեք կասկածյալներին, որոնք բերման էին ենթարկվել Վահան Խալաֆյանի հետ միասին (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը), ինչպես նաև այդ օրը հերթապահություն իրականացնող ոստիկանության երկու ծառայողներին։ Առաջինները պնդել են, որ իրենց ձերբակալությունները կատարվել են ապրիլի 13-ի վաղ առավոտյան, իսկ վերջինները խոստովանել են, որ ձերբակալությունները համապատասխան գրանցամատյանում մինչև ուշ կեսօր գրանցված չեն եղել։

21. 2010 թվականի ապրիլի 21-ին ՀՔԾ քննիչը որպես վկա հարցաքննել է ոստիկանության ծառայողներ Մ.Հ.-ին, Գ.Դ.-ին և Ա.Հ.-ին, որոնք պատմել են այդ օրվա դեպքերը։ Մ.Հ.-ն խոստովանել է, որ Վահան Խալաֆյանին ոստիկանություն «հրավիրել են» առավոտյան ժամը 10-ի սահմաններում՝ Ա.Հ.-ի հետ «զրուցելու» համար, սակայն պնդել է, որ ավելի ուշ իրեն թույլ են տվել հեռանալ բաժնից, ապա կրկին բերման են ենթարկել ժամը 16։55-ին։ Մ.Հ.-ն և Գ.Դ.-ն պնդել են, որ դանակահարությունն այնքան արագ է տեղի ունեցել, որ իրենց համար անհնար է եղել այն կանխել։ Ա.Հ.-ն հայտնել է, որ Վահան Խալաֆյանին ժամը 15:30-ից հետո ինչ-որ պահի կալանքի են վերցրել։ Երեք ծառայողներն էլ հերքել են, որ ոստիկանության բաժնում որևէ մեկը վատ վերաբերմունք է ցուցաբերել Վահան Խալաֆյանի նկատմամբ:

22. Նույն օրը ձերբակալվել է ոստիկանության ծառայող Մ.Հ.-ն։

23. 2010 թվականի ապրիլի 23-ին, Մ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) (տե՛ս ստորև՝ 58-րդ պարբերությունը)։ Նա մեղադրվել է 2010 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, առանց ձերբակալման մասին որոշման և բացառապես ոստիկանության ծառայող Ա.Հ.-ի բանավոր կարգադրության հիման վրա Վահան Խալաֆյանին ոստիկանության բաժին տանելու մեջ։ Այնուհետև նա Վահան Խալաֆյանին ապօրինի պահել է ոստիկան Կ.Մ.-ի աշխատասենյակում մինչև ժամը մոտավորապես 17։00-ն և վատ վերաբերմունք ցուցաբերել նրա նկատմամբ, դրանով իսկ նրան հասցրել ինքնասպանության։ Նույն օրը ոստիկանության ծառայող Մ.Հ.-ն դատարանի որոշմամբ կալանավորվել է։

24. 2010 թվականի ապրիլի 26-ին ՀՔԾ քննիչը հարցաքննել է Մ.Հ.-ին որպես մեղադրյալ, որը հայտարարել է, որ Վահան Խալաֆյանի նկատմամբ բռնություն է գործադրվել Ա.Հ.-ի կողմից մոտ երկուսից երեք րոպե տևած հարցաքննության ժամանակ։ Մ.Հ.-ն բռնությամբ հետ է մղվել, սակայն չի միջամտել, քանի որ Ա.Հ.-ն եղել է իր վերադասը։ Այնուհետև նա դուրս է եկել ոստիկանության բաժնից և վերադարձել ժամը 16:00-ի սահմաններում։ Դրանից կարճ ժամանակ անց, երբ գտնվում էր Կ.Մ.-ի աշխատասենյակում, Ա.Հ.-ն հանձնարարել էր կազմել Վահան Խալաֆյանին ոստիկանություն բերման ենթարկելու մասին արձանագրությունը, չնայած իրականում դա տեղի էր ունեցել առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում: Կ.Մ.-ի աշխատասենյակում նաև ներկա են գտնվել ևս երկու սպաներ՝ Գ.Դ.-ն և Գ.Ղ.-ն։ Ա.Հ.-ն շարունակել է ծեծել Վահան Խալաֆյանին իրենց ներկայությամբ՝ բռունցքներով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին, որը տևել է մոտ երեքից չորս րոպե, որից կարճ ժամանակ հետո Ա.Հ.-ն դուրս է եկել աշխատասենյակից։ Մ.Հ.-ն այնուհետև նկարագրել է դանակահարության միջադեպը, որը տեղի է ունեցել իր, Գ.Դ.-ի և Գ.Ղ.-ի ներկայությամբ, և պնդել, որ բացի Ա.Հ.-ից Վահան Խալաֆյանի նկատմամբ ոչ ոք վատ վերաբերմունք չի ցուցաբերել։

25. Նույն օրը ոստիկանության ծառայողներ Մ.Հ.-ի, Ա.Հ.-ի, Գ.Դ.-ի և Գ.Ղ.-ի մասնակցությամբ անցկացվել են մի շարք անընդմեջ առերեսումներ և հարցաքննություններ:

Մ.Հ.-ի և Գ.Դ.-ի միջև առերեսման ժամանակ վերջինս հայտարարել է, որ ինքը միայն նկատել է, թե ինչպես է Ա.Հ.-ն մի քանի անգամ ապտակել Վահան Խալաֆյանին, և հնարավոր է՝ նկատած չլինի բռնության մնացած դրսևորումները, քանի որ հեռուստացույց է դիտել։

Գ.Ղ.-ն հարցաքննվել է որպես վկա և հայտնել, որ իր ներկայությամբ Վահան Խալաֆյանի նկատմամբ ոչ ոք վատ վերաբերմունք չի ցուցաբերել, և որ դանակահարության դեպքին ականատես չի եղել, քանի որ այդ պահին եղել է իր աշխատասենյակում։ Ավելի ուշ՝ Մ.Հ.-ի հետ առերեսման ժամանակ, Գ.Ղ.-ն ընդունել է, որ ականատես է եղել, թե ինչպես է Ա.Հ.-ն մի քանի անգամ բռունցքներով և ոտքերով հարվածել Վահան Խալաֆյանին Կ.Մ.-ի աշխատասենյակում՝ փորձելով ստիպել նրան խոստովանել։

Ա.Հ.-ի և Մ.Հ.-ի միջև առերեսման ժամանակ վերջինս Ա.Հ.-ին մեղադրել է Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունքի, այդ թվում՝ ոտքերով և բռունցքով հարվածելու մեջ։

Ոստիկանության ծառայող Ա.Հ.-ն առերեսվել է նաև ոստիկանության ծառայողներ Գ.Դ.-ի և Գ.Ղ.-ի հետ, որոնք երկուսն էլ հայտնել են, որ տեսել են, թե ինչպես է Ա.Հ.-ն միջադեպից առաջ՝ նախքան ոստիկանության ծառայող Կ.Մ.-ի աշխատասենյակը լքելը, մեկ անգամ ապտակել Վահան Խալաֆյանին։

Ոստիկանության ծառայող Ա.Հ.-ն հերքել է, որ Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերել, և Մ.Հ.-ին, Գ.Դ.-ին և Գ.Ղ.-ին մեղադրել է ստելու մեջ:

26. Նույն օրը ոստիկանության ծառայող Ա.Հ.-ն ձերբակալվել է։

27. 2010 թվականի ապրիլի 29-ին Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (տե՛ս ստորև՝ 58-րդ պարբերությունը): Նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանության բաժնում Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու համար՝ դրանով իսկ անցնելով իր լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ա.Հ.-ն հարցաքննվել է, սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց։ Նույն օրը նա դատարանի որոշմամբ կալանավորվել է։

28. 2010թ. ապրիլի 29-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ՀՔԾ քննիչը հարցաքննել է մի շարք վկաների, այդ թվում՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի այլ ծառայողների, երկրորդ և երրորդ դիմումատուներին, շտապօգնության խմբի անդամներին և մի քանի այլ անձանց: Ոստիկանության ծառայողներ Գ.Դ.-ն և Գ.Ղ.-ն որպես վկա լրացուցիչ հարցաքննվել են. Գ.Դ.-ն հայտնել է, որ Ա.Հ.-ն աջ և ձախ կողմերից ապտակել է Վահան Խալաֆյանին, սակայն չէր կարողանում հիշել, թե քանի անգամ, իսկ Գ.Ղ.-ն ընդունել է, որ դանակահարության դեպքի ժամանակ գտնվել է Կ.Մ.-ի աշխատասենյակում։

29. 2010 թվականի ապրիլին և մայիսին անցկացվել են մի շարք այլ դատաբժշկական փորձաքննություններ, այդ թվում՝ հետմահու դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն և լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն: Առաջինով եզրակացվել է, որ նախքան Վահան Խալաֆյանի մահը նա գտնվել է հոգեբանական զգալիորեն սթրեսային վիճակում, ինչը պատճառահետևանքային կապ է ունեցել ոստիկանության ծառայող Ա.Հ.-ի գործողությունների հետ։ Վահան Խալաֆյանը կյանքի ընթացքում չի տառապել որևէ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ։ Նրա վարքագծում չեն եղել նաև հոգեկան խիստ հուզմունքի վիճակի նշաններ: Լրացուցիչ բուժզննության արդյունքներով՝ Վահան Խալաֆյանի տաբատի հետևի մասում և շապիկի թևատակերի հատվածում կղանքի հետքեր են հայտնաբերվել։ Քննարկվող փորձագիտական բոլոր եզրակացություններում հղում է կատարվել քննիչի՝ փորձաքննություններ կարգադրելու մասին որոշումներին, ըստ որոնց՝ Վահան Խալաֆյանն ինքնասպանություն է գործել։

30. 2010 թվականի մայիսի 10-ին հրապարակվել են Հայաստանի ոստիկանությունում անցկացված ծառայողական քննության եզրակացությունները։ Հանձնարարվել է կարգապահական տույժ կիրառել ոստիկանության ծառայողներ Գ.Դ.-ի և Գ.Ղ.-ի նկատմամբ՝ չբացահայտելու համար այն փաստը, որ նրանք ականատես են եղել Կ.Մ.-ի աշխատասենյակում Վահան Խալաֆյանի նկատմամբ Ա.Հ.-ի կողմից ցուցաբերված վատ վերաբերմունքին։ Այնուհետև հանձնարարվել է կասեցնել ոստիկանության ծառայողներ Ա.Հ.-ի և Մ.Հ.-ի ծառայությունը և որոշել նրանց կարգապահական տույժի հարցը՝ քրեական գործի ավարտից հետո։

31. 2010 թվականի մայիսի 21-ին ոստիկանության ծառայող Մ.Հ.-ին առաջադրված մեղադրանքը փոխարինվել է ՔՕ-ի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով (տե՛ս ստորև՝ 57-րդ պարբերությունը) այն հիմքով, որ նա ականատես է եղել ոստիկանության ծառայող, իր անմիջական ղեկավար Ա.Հ.-ի կողմից Վահան Խալաֆյանի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքին, սակայն օգտագործել է իր պաշտոնեական դիրքն ընդդեմ ծառայության շահերի՝ ընտրելով լավ աշխատանքային հարաբերություններ պահպանելու համար Ա.Հ.-ին եսասիրական նպատակներով մարտահրավեր չնետելը։

32. Նույն օրը Մ.Հ.-ն ազատ է արձակվել կալանքից՝ իր բնակության վայրից չհեռանալու պարտավորությամբ։

33. 2010 թվականի մայիսի 24-ին Հայաստանի ոստիկանապետը ծառայողական քննության եզրակացություններում արված առաջարկությունների (տե՛ս վերևում՝ 30-րդ պարբերությունը) հիման վրա հրաման է արձակել՝ կասեցնելով ոստիկանության ծառայողներ Ա.Հ.-ի և Մ.Հ.-ի ծառայությունը և որպես կարգապահական տույժ իջեցնելով ոստիկանության ծառայողներ Գ.Դ.-ի և Գ.Ղ.-ի պաշտոնը։

34. 2010 թվականի հունիսի 2-ին ոստիկանության ծառայողներ Գ.Դ.-ին և Գ.Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույն հիմքով, ինչ Մ.Հ.-ին առաջադրված մեղադրանքն էր (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը): Նրանք մասամբ ընդունել են իրենց մեղքը՝ խոստովանելով, որ չեն հայտնել Ա.Հ.-ի կողմից Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին, սակայն պնդել են, որ ի վիճակի չեն եղել դա կանխելու, քանի որ ապտակներն արագ են հասցվել։

35. 2010 թվականի հունիսի 7-ին ոստիկանության ծառայող Ա.Հ.-ին առաջադրված մեղադրանքը լրացվել է Վահան Խալաֆյանին ենթադրյալ վատ վերաբերմունքի հետևանքով բութ առարկայով հասցված վնասվածքների մասին մանրամասներով, ինչպես նկարագրված է դատաբժշկական փորձաքննության թիվ 353 եզրակացության մեջ (տե՛ս վերևում՝17-րդ պարբերությունը):

36. Նույն օրը ՀՔԾ քննիչը որոշել է քրեական հետապնդում չիրականացնել ոստիկանության Չարենցավանի բաժնի ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ, այդ թվում՝ այն անձանց, որոնք մասնակցել են Վահան Խալաֆյանին և այլ կասկածյալների բերման ենթարկելուն, և այն անձանց, որոնք արգելանքի տակ պահվող անձանց հաշվառման համապատասխան գրանցամատյանում կատարել են գրառումներ։ Այդ որոշման մեջ նշվել է, որ կասկածյալները ոստիկանության բաժին են բերվել 2010 թվականի ապրիլի 13-ի առավոտյան, սակայն ոստիկանության ծառայող Ա.Հ.-ի ցուցումներով համապատասխան գրանցամատյանում տվյալ պահին որևէ գրառում չի կատարվել, և այդ գրառումները կատարվել են միայն ժամը 15։30-ից հետո: Որոշմամբ եզրակացվել է, որ ոստիկանության ծառայողների գործողություններում հանցակազմը բացակայում է, քանի որ նրանք գործել են ոստիկանության ծառայող Ա.Հ.-ի ցուցումով և վերահսկողությամբ, որն այդ պահին ներգրավված էր դատաքննությանը, և կարծել են, որ իրենց գործողություններն օրինական են:

37. 2010 թվականի հունիսի 18-ին քննությունն ավարտվել է։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Վահան Խալաֆյանը բերման է ենթարկվել 2010 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ոստիկանության ծառայող Ա.Հ.-ի բանավոր ցուցումով, սակայն նրան ազատությունից զրկելը մնացել է չարձանագրված մինչև ժամը 16։55-ը։ Այն բանից հետո, երբ Վահան Խալաֆյանը հրաժարվել է խոստովանել հանցագործությունը, ոստիկանության ծառայող Ա.Հ.-ն փորձել է նրան ստիպել դա անել՝ նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այդ թվում՝ բռունցքներով և ոտքերով հարվածներ հասցնելով Վահան Խալաֆյանի մարմնի տարբեր մասերին։ Դա տեղի է ունեցել սկզբում Ա.Հ.-ի, իսկ ավելի ուշ՝ ժամը 17-ի սահմաններում, Կ.Մ.-ի աշխատասենյակում։ Ոստիկանության ծառայողներ Մ.Հ.-ն, Գ.Դ.-ն և Գ.Ղ.-ն ականատես են եղել բռնությանը, սակայն չեն միջամտել և կանխել այն։ Վատ վերաբերմունքի արդյունքում Վահան Խալաֆյանն ստացել է մի շարք թեթև վնասվածքներ։ Վահան Խալաֆյանը, վատ վերաբերմունքի պատճառով գտնվելով հոգեբանական ծանր վիճակում, Կ.Մ.-ի աշխատասենյակում գտնվող պահարանից վերցրել է խոհանոցային դանակը, երկու անգամ հարվածել իր որովայնին՝ հասցնելով կյանքին վտանգ սպառնացող վերքեր, իսկ ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։

Բ. Դատաքննությունը

38. 2010 թվականի հունիսի 21-ին գործը փոխանցվել է դատաքննության՝ Կոտայքի մարզային դատարան։ Ոստիկանության ծառայողներ Ա.Հ.-ն, Մ.Հ.-ն, Գ.Դ.-ն և Գ.Ղ.-ն դատարանում ցուցմունք են տվել որպես գործով մեղադրյալներ։

39. Ոստիկանության ծառայող Ա.Հ.-ն հերքել է, որ Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերել և պնդել, որ դեպքը տեղի ունենալու ժամանակ ներկա չի եղել։ Աղմուկ լսելուց հետո նա շտապել է ոստիկանության ծառայող Կ.Մ.-ի աշխատասենյակ, որտեղ տեսել է Վահան Խալաֆյանին գետնին արնահոսելիս։ Ոստիկանության ծառայող Մ.Հ.-ն դանակը ձեռքին կանգնած է եղել նրա գլխավերևում և ասել, որ Վահան Խալաֆյանը դանակով հարվածներ է հասցրել ինքն իրեն։ Այն բանից հետո, երբ Ա.Հ.-ն հիվանդանոցից վերադարձել է, ոստիկանության ծառայող Մ.Հ.-ից պարզել է, որ վերջինս և ոստիկանության ծառայողներ Գ.Դ.-ն և Գ.Ղ.-ն հասկացել են, որ դանակը վերցրած Վահան Խալաֆյանը ցանկացել է դանակահարել իրեն և փորձել են խլել դանակը նրա ձեռքից, ինչի հետևանքով ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ դանակը մտել է նրա որովայնը։ Ա.Հ.-ն այդ ժամանակ խորհուրդ է տվել Մ.Հ.-ին ոչ մեկին չպատմել այդ մասին: Մինչև 2010 թվականի ապրիլի 21-ին հարցաքննության ներկայանալը նա և Մ.Հ.-ն համաձայնության են եկել համանման ցուցմունքներ տալ։ Սակայն հետագայում Մ.Հ.-ն սկսել էր նրան սուտ մեղադրանքներ ներկայացնել վատ աշխատանքային հարաբերությունների պատճառով։ Հետևաբար նրան առաջադրված մեղադրանքները շինծու էին, և նա օգտագործվում էր որպես քավության նոխազ։ Ոստիկանության ծառայող Ա.Հ.-ն նաև մեղադրել է Մ.Հ.-ին Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունքի, այն է՝ նրան զուգարան ուղեկցելիս գլուխը պատին հարվածելու համար։

40. Ոստիկանության ծառայող Մ.Հ.-ն ընդունել է իր մեղքը և հաստատել, որ Ա.Հ.-ն վատ է վարվել Վահան Խալաֆյանի հետ՝ հարվածներ հասցնելով նրա ոտքերին, որովայնին և գլխին։ Նա պատմել է դանակահարության միջադեպը՝ ավելացնելով, որ երբ Ա.Հ.-ն Կ.Մ.-ի աշխատասենյակում ծեծի է ենթարկել Վահան Խալաֆյանին, վերջինս պատահաբար դիպել է պահարանին, ինչի հետևանքով դուռը թեթևակի բացվել է։

41. Ոստիկանության ծառայողներ Գ.Դ.-ն և Գ.Ղ.-ն պնդել են, որ Ա.Հ.-ն աշխատասենյակը լքելուց առաջ միայն մեկ անգամ է ապտակել Վահան Խալաֆյանին։ Գ.Դ.-ն հայտնել է, որ մինչդատական վարույթի ընթացքում տրված իր ցուցմունքները, որոնց համաձայն ինքը մի քանի ապտակ է տեսել, եղել են ոչ ճշգրիտ (տե՛ս վերևում՝ 25-րդ և 28-րդ պարբերությունները)՝ հավելելով, որ հնարավոր է՝ բռունցքի այլ հարվածներ կամ ապտակներ չի նկատել, քանի որ հեռուստացույց դիտելիս է եղել։ Գ.Ղ.-ն հայտնել է, որ միայն մեկ ապտակ է նկատել, քանի որ Ա.Հ.-ն փակել էր տեսադաշտը։ Նա ապտակի մասին չի նշել իր մինչդատական ցուցմունքում (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը), քանի որ այն չի համարել վատ վերաբերմունք: Գ.Ղ.-ն հավելել է նաև, որ ինքն ականատես չի եղել դանակահարությանը և միայն տեսել է, թե ինչպես է Վահան Խալաֆյանը դանակը վայր գցում։

42. Երկրորդ դիմումատուն դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը նախկինում երբեք չի նկատել իր եղբոր վրա ինքնավնասման հետևանքով հասցված որևէ վնասվածք և նման բան նրանից չի լսել:

43. Երրորդ դիմումատուն՝ որպես Վահան Խալաֆյանի իրավահաջորդ, պնդել է Մարզային դատարանում, որ Վահան Խալաֆյանը ծեծի է ենթարկվել ոստիկանության ծառայող Կ.Մ.-ի աշխատասենյակում, ինչի հետևանքով նա ստացել է ուղեղի վնասվածք և կորցրել է գիտակցությունը, ինչը, ինքնին, դրսևորվել է տարբեր ախտանիշներով, այդ թվում՝ փսխմամբ։ Հանցագործությունը թաքցնելու նպատակով ոստիկանության ծառայողները՝ ենթադրաբար Մ.Հ.-ն, այնուհետև մահացու հարվածներ է հասցրել Վահան Խալաֆյանի որովայնին, որ այն նմանվեր ինքնասպանության, որից հետո դանակի վրայից սրբել են մատնահետքերը և մաքրել Վահան Խալաֆյանի փսխունքը դեմքի ու հագուստի վրայից։ Երրորդ դիմումատուն պահանջել է փոփոխել ոստիկանության ծառայողների դեմ ներկայացված մեղադրանքները։

44. Մարզային դատարանը լսել է նաև բժիշկ փորձագետին (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը), հետքաբանական փորձագետին (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը) և հոգեբաններից մեկին (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը):

45. Բժիշկ փորձագետը բացառել է Վահան Խալաֆյանի՝ սեփական փսխունքից խեղդվելը, քանի որ եթե անգամ փսխունքը հնարավոր լիներ մաքրել նրա դեմքից և բերանի հատվածից, ապա նրա բրոնխային խողովակները կլցվեին փսխունքով, մինչդեռ դրանք մաքուր են եղել։ Նրա որովայնի երկու վնասվածքները՝ համապատասխանաբար 12 սմ և 3 սմ խորությամբ, վկայում էին ինքն իրեն վնասելու փորձ կատարելու մասին։ Այն դեպքերում, երբ վնասվածքների խորությունը հավասար էր, ավելի դժվար էր որոշել դրանց հերթականությունը, սակայն տարբեր խորություններ ունեցող վնասվածքները բնորոշ էին ինքնավնասմանը: Նրա կարծիքով՝ դանակի առաջին հարվածը եղել է ավելի կարճ, քանի որ ինքնասպանության փորձ կատարելիս անձն առաջին հերթին ինքն իրեն կհարվածեր մակերեսորեն, սակայն հետո կդիմեր ավելի մեծ ռիսկի և դանակով ավելի վստահ հարված կհասցներ։ Ինքնավնասումը սովորաբար հասցվում է մարմնի դիմային հատվածներին, որոնք ավելի տեսանելի ու հասանելի են։ Անձը կարող է իրեն դանակով հարվածել ավելի քան մեկ անգամ, և եղել են դեպքեր, երբ մարդիկ իրենց հասցրել են դանակի ավելի քան 20 հարված։ Նման դեպքերի համեմատ Վահան Խալաֆյանի դեպքը նվազագույն չափով ինքնավնասում է պարունակել։ Ուստի, հաշվի առնելով վերքերի ուղղությունը և դրանց հատկանիշները, պարզ է դարձել, որ դրանք բնորոշ են ինքնասպանությանը։

46. Հետքաբանության փորձագետը հաստատել է ավելի վաղ կատարած իր եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը)՝ հավելելով, որ հնարավոր է որոշակի տեսակի նյութերի կամ մասերի վրա մատնահետքեր չլինեն։ Այս դեպքում դանակի կոթի մի կողմի նախշերը, ինչպես նաև գամերը, խաթարել են դանակի կոթի ընդհանուր հարթ մակերեսը, և այդ պատճառով նման մասերը պիտանի չեն եղել վերլուծության համար: Հետևաբար կոթի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել։ Ավելին, կոթն ունեցել է ոչ միատարր մակերես, և հնարավոր է, որ մատնահետքեր մնացած չլինեն։ Փորձագետն այնուհետև բացատրել է, որ հնարավոր է, որ ճարպային հետքերը հեռացվեին: Առաջին հերթին, դրանք կարող էին գոլորշիանալ որոշակի ժամանակ անց։ Երկրորդ, դրանք կարող էին մաքրվել ցանկացած առարկայի միջոցով: Այնուամենայնիվ, եթե օգտագործվի այնպիսի ներծծող մակերես ունեցող առարկա, ինչպիսին, օրինակ, թուղթն է, դա միայն կխեղաթյուրի այն, ինչ տպվում է, սակայն ամբողջությամբ չի հեռացնի դրանք: Ճարպային հետքերը կարելի է մաքրել նաև կտորի, ձեռքի ափի մի կողմի և այլ առարկաների միջոցով:

47. Հոգեբան-փորձագետը նշել է, որ մարդիկ տարբեր կերպ են արձագանքում սթրեսային իրավիճակներին, ինչպես եղավ Վահան Խալաֆյանի դեպքում. ոմանք կարող են արձագանքել կառուցողականորեն, ոմանք դիմադրում են, ոմանք էլ կարող են դիմել ինքնավնասման, չնայած այդ վարքագիծը շատ տարածված չի եղել փորձագետի հետազոտության ոլորտում:

48. 2010 թվականի սեպտեմբերի 18-ին երրորդ դիմումատուն Մարզային դատարանից պահանջել է նշանակել քննչական փորձարարություն, ինչպիսին է դեպքի հանգամանքների վերարտադրումը, որպեսզի պարզի, թե արդյոք իրատեսական է, որ դրանք տեղի են ունեցել այնպես, ինչպես նկարագրել են ոստիկանության ծառայողները (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը): Մարզային դատարանը մերժել է պահանջը՝ քրեական դատավարության վերաբերելի կանոններին չհամապատասխանելու հիմքով։

49. 2010 թվականի նոյեմբերի 29-ին Կոտայքի մարզային դատարանը վճիռ է կայացրել։

Ոստիկանության ծառայող Ա.Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՔՕ-ի 309-րդ հոդվածի 3-րդ մասով՝ լիազորությունների սահմանազանցման համար, որն ուղեկցվել է բռնությամբ և ծանր հետևանքներ է առաջացրել, և դատապարտվել է ութ տարի ժամկետով ազատազրկման։ Դատարանը հաստատված է համարել, որ նա Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերել նախ իր աշխատասենյակում, իսկ ավելի ուշ՝ Կ.Մ.-ի աշխատասենյակում, ինչը հանգեցրել է Վահան Խալաֆյանի ինքնասպանությանը (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը): Դատարանը մերժել է Ա.Հ.-ի պնդումները (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը) և գտել, որ նրա մեղքն ապացուցված է ոստիկանության ծառայողներ Մ.Հ.-ի, Գ.Դ.-ի և Գ.Ղ.-ի ցուցմունքներով և գործում առկա այլ ապացույցներով։ Նրա պնդումներն առ այն, թե իրեն մեղադրել են ոստիկանության ծառայող Մ.Հ.-ի հետ վատ աշխատանքային հարաբերությունների պատճառով, կամ այն, որ Վահան Խալաֆյանը դանակահարվել է ծեծկռտուքի հետևանքով, հակասական են և ոչ համոզիչ։ Լիովին հիմնավորվել է, որ նա Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերել ժամը 16։30-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում, ինչը միակ հակասությունն էր ոստիկանության ծառայող Մ.Հ.-ի ցուցմունքի, համաձայն որի՝ վատ վերաբերմունքը տևել էր որոշ ժամանակ, և ոստիկանության ծառայողներ Գ.Դ.-ի և Գ.Ղ.-ի ցուցմունքների միջև, համաձայն որոնց՝ նրանք ականատես են եղել ընդամենը մեկ-երկու ապտակի:

Ոստիկանության ծառայող Մ.Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ նշանակվել է երկու տարի ժամկետով կասեցված պատիժ։ Դատարանը վճռել է, որ նա ականատես է եղել Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունքին, սակայն այն կանխելու համար չի միջամտել։

Ոստիկանության ծառայողներ Գ.Դ.-ն և Գ.Ղ.-ն արդարացվել են 308-րդ հոդվածի 1-ին մասով։ Դատարանը վճռել է, որ նրանք նույնպես ականատես են եղել վատ վերաբերմունք ցուցաբերելու որոշ դեպքերի, սակայն դա տեղի է ունեցել այնքան կարճ և արագ (մեկ կամ երկու ապտակ), որ անհիմն էր ակնկալել, որ նրանք կկանխեն դա:

Դատարանը, ի վերջո, մերժել է երրորդ դիմումատուի պնդումները (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը)՝ գտնելով, որ դրանք հակասում են գործում առկա ապացույցներին, հատկապես՝ բժիշկ փորձագետի՝ դատարանում արված հայտարարությանը, որը վերաբերում էր Վահան Խալաֆյանի բրոնխային խողովակներում փսխունքի բացակայությանը։

50. 2010 թվականի դեկտեմբերի 28-ին երրորդ դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել, որում նա, inter alia, պնդել է, որ Վահան Խալաֆյանը մահացել է ցուցաբերված վատ վերաբերմունքի, այլ ոչ թե ենթադրյալ ինքնասպանության հետևանքով, որը կեղծվել էր ոստիկանության ծառայողների կողմից՝ հանցագործությունը կոծկելու համար։ Այնուամենայնիվ, քննության ընթացքում քննվել է իրադարձությունների նկարագրության միայն ինքնասպանության վարկածը։ Մարզային դատարանը բացահայտորեն չի ճանաչել Վահան Խալաֆյանի կյանքի իրավունքի, խոշտանգումների չենթարկվելու և ազատության ու անվտանգության իրավունքի խախտումը։ Քննչական մարմինը և Մարզային դատարանը չեն իրականացրել օբյեկտիվ քննություն և չեն պարզել ճշմարտությունը։ Վահան Խալաֆյանին սպանող անձանց ինքնությունը չի բացահայտվել, և նրանք չեն ստացել համարժեք և համաչափ պատիժներ։

51. Չհստակեցված օրերին մեղադրյալը նույնպես վերաքննիչ բողոքներ է ներկայացրել։

52. 2011 թվականի հունիսի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանը, արագացված ընթացակարգով գործը քննելով, անփոփոխ է թողել Մարզային դատարանի վճիռը։ Այն որոշել է նաև համաներում կիրառել՝ ազատ արձակելով ոստիկանության ծառայող Մ.Հ.-ին նշանակված պատժից և մեկ երրորդով կրճատելով ոստիկանության ծառայող Ա.Հ.-ի պատժի մնացած մասը։ Ինչ վերաբերում է երրորդ դիմումատուի՝ քննչական փորձարարություն անցկացնելու մասին պահանջին, ապա դեպքի նման վերարտադրությունը ոչ միայն կհակասեր քրեական դատավարության համապատասխան կանոններին՝ վտանգելով դրա մասնակիցների կյանքը կամ առողջությունը, այլև չէր կարող նույնիսկ համապատասխանել այն իրական հանգամանքներին, որոնցում Վահան Խալաֆյանը ինքնավնասում էր կատարել, հատկապես նրա հոգեբանական վիճակի առումով։

53. 2011 թվականի հուլիսի 14-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել։

54. 2011 թվականի օգոստոսի 18-ին Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

I. Քրեական օրենսգիրք (2003Թ.)

1. Կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ

55. Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասը (Ինքնասպանության հասցնելը) նախատեսում է, որ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

56. 119-րդ հոդվածը (Խոշտանգումը), որը գործում էր տվյալ պահին, նախատեսում էր առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում խոշտանգման համար, այն է՝ ցանկացած այնպիսի գործողություն, որի միջոցով դիտավորյալ կերպով անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք (բացառությամբ այն դեպքերի, երբ այն ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառել առողջությանը, որի դեպքում արարքները պետք է քննվեին ՔՕ-ի համապատասխան այլ դրույթների համաձայն): Մի շարք ծանրացնող հանգամանքների առկայության դեպքում պատժի ժամկետը երեքից դարձել է յոթ տարի։

2. Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ

57. 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսվում է, որ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

58. 309-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) սահմանվում է, որ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

3. 2015 թվականի փոփոխությունները

59. 2015 թվականի հունիսի 9-ին ՔՕ-ում կատարվել են փոփոխություններ։ Համաձայն համապատասխան հիմնավորման՝ 119-րդ հոդվածով համարժեք պատասխան չէր տրվում խոշտանգման հանցագործությանը։ Այդ դրույթով սահմանված հանցանքը ենթակա էր քրեական հետապնդման միայն տուժողի բողոքի հիման վրա։ Ավելին, այդ դրույթը վերաբերում էր միայն մասնավոր անձանց և նույնիսկ իր շրջանակից բացառում էր առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառող ցանկացած արարք։ Արդյունքում պետական պաշտոնյաների կողմից կատարված խոշտանգումների և վատ վերաբերմունքի մյուս դրսևորումները գործնականում ենթարկվել են քրեական հետապնդման ՔՕ-ի այլ դրույթների համաձայն, այդ թվում՝ 308-րդ և 309-րդ հոդվածների համաձայն, որոնք, սակայն, մի շարք տարրերի պատճառով այդպիսի արարքների համար չեն նախատեսել համապատասխան իրավական արձագանք։ Հետևաբար խոշտանգման հանցագործությունն արգելող նոր դրույթի կարիք կար:

60. «Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունները» կատեգորիայում ավելացվել է նոր՝ 309.1 հոդվածը՝ «Խոշտանգումը» վերտառությամբ, որը նախատեսում է պատիժ՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար, եթե դա կատարվել է պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ։ 119-րդ հոդվածի «Խոշտանգումը» վերնագիրը փոփոխվել է «Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը» վերնագրով՝ դրա շրջանակից բացառելով ՔՕ-ի նոր՝ 309.1 հոդվածի շրջանակում գտնվող ցանկացած արարք։

II. Քրեական դատավարության օրենսգիրք (1999թ.)

61. Քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի իրավունքները և պարտականությունները:

ԻՐԱՎՈՒՆՔԸ

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

62. Դիմումատուները բողոք են ներկայացրել այն մասին, որ ոստիկանությունում կալանքի տակ գտնվելիս Վահան Խալաֆյանի մահը և իշխանության մարմինների կողմից նրա մահվան հանգամանքների առթիվ արդյունավետ քննություն չիրականացնելը հանգեցրել են Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտմանը, որոնք, այնքանով, որքանով վերաբերելի են, ունեն հետևյալ բովանդակությունը.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։