Հոդված 3
Հոդված 3
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։
Ա. Ընդունելիությունը
1. Կողմերի փաստարկները
63. Կառավարությունը նախ և առաջ նշել է, որ դիմումատուները չէին կարող պնդել, որ իրենք եղել են տուժող՝ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտման հետևանքով, քանի որ քննությամբ պարզվել են Վահան Խալաֆյանի մահվան և նրա նկատմամբ վատ վերաբերմունքի հանգամանքները, և պատասխանատու բոլոր անձինք բացահայտվել և պատժվել են։ Ոստիկանության ծառայող Ա.Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՔՕ-ի 309-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները սահմանազանցելու և Վահան Խալաֆյանի իրավունքներին վնաս պատճառելու (այսինքն՝ նրա նկատմամբ վատ վերաբերմունքի) համար, որը հանգեցրել է ծանր հետևանքների (այսինքն՝ նրա մահվան)։ Ոստիկանության ծառայող Մ.Հ.-ն նույնպես ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել՝ իր ծառայողական պարտականություններն անձնական շահերից ելնելով չկատարելու համար (տե՛ս վերևում՝ 49-րդ պարբերությունը):
64. Երկրորդ, ըստ Կառավարության՝ առաջին և չորրորդ դիմումատուները, այն է՝ մահացածի մայրը և քույրը, չեն ունեցել տուժողի կարգավիճակ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն իրենց բողոքների առնչությամբ նաև այն պատճառով, որ նրանցից ոչ մեկը չի եղել ներպետական վարույթների կողմ, և հետևաբար նրանք չէին կարող ցույց տալ, որ իրենք մահացածի իրավահաջորդներն են։
65. Դիմումատուները համաձայն չէին Կառավարության հետ, որ Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունքի և նրա մահվան համար պատասխանատու բոլոր անձինք բացահայտվել և պատժվել են։ Նրանք պնդել են, որ քննությունը մանրակրկիտ և արդյունավետ չի եղել, և մի շարք կարևոր հարցեր մնացել են անպատասխան։ Քննչական մարմնի կողմից քննարկվել է միայն մեկ վարկած, այն է՝ ինքնասպանությունը, և ձեռնարկված բոլոր քննչական միջոցառումներն ուղղված են եղել կոնկրետ այդ վարկածի հաստատմանը։ Հանցագործություն կատարած անձանցից միայն չորսն են ներկայացվել դատաքննության, որոնցից երկուսն արդարացվել են, և միայն մեկը՝ ազատազրկվել, սակայն նույնիսկ նրան շնորհվել է համաներում: Ավելին, նա պատիժը կրել է կիսափակ ռեժիմով, ինչը ենթադրում էր բանտում անցկացնել միայն գիշերները։ Հանցագործություն կատարած անձանցից և ոչ մեկը հատուկ չի պատժվել «խոշտանգում» կատարելու համար, քանի որ Հայաստանը չէր կատարել Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնած իր պարտավորությունը՝ իր ներպետական իրավունքում խոշտանգման համար քրեական պատժամիջոցներ սահմանելու մասով: Եթե ներպետական քրեական իրավունքում խոշտանգումը նախատեսվեր որպես առանձին հանցագործություն, ապա այդպիսի արարքների համար պատժվող անձինք համաներման իրավունք չէին ունենա։ Ի վերջո, Վահան Խալաֆյանի իրավունքների խախտման համար պատասխանատու ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում ընդհանրապես չի իրականացվել (տե՛ս վերևում` 36-րդ պարբերությունը):
66. Ինչ վերաբերում է մասնավորապես Կառավարության երկրորդ առարկությանը, ապա դիմումատուները, նախ և առաջ, նշել են, որ ներպետական իրավունքով արգելվում է մեկից ավելի անձանց մասնակցությունը քրեական վարույթներին՝ որպես տուժողի իրավահաջորդ (տե՛ս վերևում՝ 61-րդ պարբերությունը): Ամեն դեպքում, եթե նույնիսկ առաջին և չորրորդ դիմումատուները ներպետական վարույթի ընթացքում հանդես չեն եկել որպես Վահան Խալաֆյանի իրավահաջորդներ, նրանք նրա մայրն ու քույրն են և չպետք է կրեն ապացուցման այն բեռը, որ իրենք տուժել և տառապանք են կրել իրենց որդու և եղբոր կորստի պատճառով։
2. Դատարանի գնահատականը
67. Դատարանը համարում է, որ Կառավարության առաջին առարկությունը սերտորեն կապված է դիմումատուների՝ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքների բովանդակության հետ և հետևաբար պետք է միացվի ըստ էության քննությանը։
68. Ինչ վերաբերում է Կառավարության երկրորդ առարկությանը (տե՛ս վերևում՝ 64-րդ պարբերությունը), ապա համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի՝ այն անձի ընտանիքի մտերիմ անդամները, այդ թվում՝ ծնողը կամ քույրը կամ եղբայրը, որի մահվան պատասխանատվությունը ենթադրաբար կրում է պատասխանող պետությունը, կարող են պնդել, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտման անուղղակի տուժող են, իսկ այն հարցը, թե արդյոք նրանք մահացածի իրավահաջորդներն են, վերաբերելի չէ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Վելիկովան ընդդեմ Բուլղարիայի (որոշում) [Velikova v. Bulgaria (dec.)], թիվ 41488/98, ՄԻԵԴ 1999-V (քաղվածքներ), Վան Քոլն ընդդեմ Միացյալ Թագավորության [Van Colle v. the United Kingdom], թիվ 7678/09, § 86, 2012 թվականի նոյեմբերի 13, և Այվազյանն ընդդեմ Հայաստանի [Ayvazyan v. Armenia], թիվ 56717/08, § 60, 2017 թվականի հունիսի 1): Այն գործերով, ինչպիսին տվյալ գործն է, եթե ենթադրյալ վատ վերաբերմունքը սերտորեն կապված է տուժողի մահվան հետ, ապա ընտանիքի մտերիմ անդամները կարող են նաև իրավաչափորեն պնդել, որ իրենք Կոնվենցիայի 3-րդ հոդվածի թե՛ նյութաիրավական, թե՛ ընթացակարգային հայեցակետերի խախտման տուժող են (տե՛ս՝ Կարպիլենկոն ընդդեմ Ուկրաինայի [ Karpylenko v. Ukraine], թիվ 15509/12, § 105, 2016 թվականի փետրվարի 11, հետագա մեջբերումներով): Այսպիսով հետևում է, որ առաջին, երկրորդ և չորրորդ դիմումատուները, որոնք եղել են տուժողի մայրը, եղբայրը և քույրը, իրավունք ունեն բողոքներ ներկայացնելու Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն՝ անկախ նրանից՝ նրանք մասնակցել են ներպետական վարույթներին որպես տուժողի իրավահաջորդներ, թե՝ ոչ։ Հետևաբար Կառավարության երկրորդ առարկությունը պետք է մերժվի:
69. Մյուս կողմից՝ չնայած Կառավարությունը բացահայտորեն չի վիճարկել երրորդ դիմումատուի «տուժողի» կարգավիճակը՝ ելնելով մահացածի հետ ունեցած փոխհարաբերություններից, այնուամենայնիվ, սույն համատեղելիության հայեցակետը ratione personae (անձանց շրջանակի առումով) պահանջում է Դատարանի կողմից ex officio (ի պաշտոնե) քննարկում (տե՛ս, օրինակ՝ Սեյդիչը և Ֆինչին ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինային [ՄՊ] [Sejdić and Finci v. Bosnia and Herzegovina [GC]], թիվ 27996/06 և 34836/06, § 27, ՄԻԵԴ 2009թ.):
70. Դատարանը նշում է, որ երրորդ դիմումատուն տուժողի զարմիկն է եղել, որի՝ տուժողի կարգավիճակը, ի տարբերություն ընտանիքի մտերիմ անդամների, ինքնաբերաբար չի ճանաչվում Դատարանի կողմից (տե՛ս Ֆաբրիսը և Պարցիալեն ընդդեմ Իտալիայի [Fabris and Parziale v. Italy], թիվ 41603/13, § 38, 2020 թվականի մարտի 19): Չնայած ճիշտ է, որ Դատարանը վարույթ է ընդունել զարմիկների կողմից իրենց մերձավոր ազգականների մահվան վերաբերյալ ներկայացված գանգատները (տե՛ս, օրինակ՝ Խայլոն ընդդեմ Ուկրաինայի [Khaylo v. Ukraine], թիվ 39964/02, § 98, 2008 թվականի նոյեմբերի 13, Վան Մելլեն ընդդեմ Նիդեռլանդների (որոշում) [Van Melle v. the Netherlands (dec.)], թիվ 19221/08, 2009 թվականի սեպտեմբերի 29, Արապխանովին ընդդեմ Ռուսաստանի [Arapkhanovy v. Russia], թիվ 2215/05, §§ 7 և 107, 2013 թվականի հոկտեմբերի 3, և Արմանի Դա Սիլվան ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Armani Da Silva v. the United Kingdom] [GC]], թիվ 5878/08, §§ 12 և 186-189, 2016 թվականի մարտի 30), այնուամենայնիվ, այն նաև վճռել է, որ չորրորդ աստիճանի ազգակցական կապն ինքնին բավարար չէ, որ դիմողը տուժող ճանաչվի Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով (տե՛ս Բելկիզա Կայան և այլք ընդդեմ Թուրքիայի [Belkıza Kaya and Others v. Turkey], թիվ 33420/96 և 36206/97, § 46, 2005 թվականի նոյեմբերի 22, և վերևում հիշատակված՝ Ֆաբրիսի և Պարցիալեի գործը, § 38):
71. Սույն գործով երրորդ դիմումատուն ներպետական վարույթներում հանդես է եկել որպես տուժողի իրավահաջորդ (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը): Դատարանում ներկայանալը հիմնավորող որևէ այլ հիմք, բացի ազգակցական կապից, չի ներկայացվել։ Այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ անհատական գանգատները կարգավորող պայմանները համապատասխանեն դատարան դիմելու իրավունքի ազգային չափորոշիչներին: Այս մասով ազգային կանոնները կարող են ծառայել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված նպատակներից տարբեր այլ նպատակների, և չնայած այդ նպատակները երբեմն կարող են համանման լինել, այնուամենայնիվ, դրանք միշտ չէ, որ պետք է լինեն այդպիսին (տե՛ս Սկոզարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Scozzari and Giunta v. Italy [GC]], թիվ 39221/98 և 41963/98, § 139, ՄԻԵԴ 2000-VIII): Դատարանը գտնում է, որ այն փաստը, որ երրորդ դիմումատուն ներպետական վարույթում հանդես է եկել որպես տուժողի իրավահաջորդ, ինքնին բավարար չէ դատարան դիմելու նրա իրավունքը Դատարանում ճանաչելու համար: Այսպիսով, երրորդ դիմումատուի՝ որպես ազգական իրավաչափ շահ ունենալու մասին տեղեկությունների բացակայության պարագայում, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ մահացածի ընտանիքի մտերիմ անդամները, օրինակ՝ նրա մայրը կամ երկու քույրերը կամ եղբայրները, Դատարանում վարույթի կողմ են, Դատարանը գտնում է, որ երրորդ դիմումատուն չի կարող պնդել, որ ինքը դարձել է Կոնվենցիայի ենթադրյալ խախտման տուժող, և գանգատի այս մասը պետք է անընդունելի հայտարարվի՝ որպես Կոնվենցիայի դրույթների հետ անհամատեղելի՝ ratione personae մասով (համեմատե՛ք վերևում հիշատակված՝ Բելկիզա Կայան և այլք գործը, §§ 46-48, և վերևում հիշատակված՝ Ֆաբրիսի և Պարցիալեի գործը, §§ 39-41)։
72. Ինչ վերաբերում է մնացած երեք դիմումատուներին, որոնց Դատարանը նպատակահարմարության նկատառումներով կշարունակի անվանել «դիմումատուներ», ապա Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն ներկայացված նրանց բողոքները ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում թվարկված որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուները
73. Դիմումատուները վիճարկել են ինքնասպանության վարկածը և պնդել, որ Կառավարությունը չի տվել արժանահավատ, բավարար և համոզիչ բացատրություն: Բազմաթիվ ապացույցներ են եղել, այդ թվում՝ միջադեպի ժամանակ Վահան Խալաֆյանի կողմից դրսևորված բազմաթիվ ախտանիշներ, որոնք վկայում են այն մասին, որ նա մահացել է ոստիկանության ծառայողների կողմից նրա նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի հետևանքով ստացած ուղեղի լուրջ վնասվածքից։ Հանցագործությունը թաքցնելու համար ոստիկանության ծառայողները նմանակել էին նրա ինքնասպանությունը։ Դիմումատուները պնդում էին, որ անհնար էր, որ Վահան Խալաֆյանը կատարեր բոլոր ենթադրյալ գործողությունները մեկից երկու վայրկյանում, ինչպես պնդում էին ոստիկանության ծառայողները: Դանակի հարվածից ստացված վերքերի բնույթը և դիրքը նույնպես կասկածներ են հարուցել, որ դրանք կարող էին պատճառվել այդքան կարճ ժամանակում։ Դանակի կոթի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել, թեև տուժողը, ենթադրաբար, պահել է դանակը, և ոստիկանության ծառայողներից մեկը նույնպես բարձրացրել է այն՝ նորից պահարան դնելու համար, ինչից կարելի էր ենթադրել, որ դրանք սրբվել են։ Ավելին, եթե տուժողը հաներ իր վերնահագուստը նախքան իրեն դանակահարելը, ապա նա չէր կարող իր շապիկի թևատակերի հատվածում ունենալ կղանքի հետքեր (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը), քանի որ նրա տաբատի և վերնահագուստի միջև կապը կընդհատվեր: Սրանից կարելի էր ենթադրել, որ նրա փորը մերկացվել էր ավելի ուշ, երբ նա արդեն պառկած էր հորիզոնական դիրքով։ Ամեն դեպքում, Վահան Խալաֆյանի մահվան պատասխանատվությունը կրում էին իշխանության մարմինները՝ անկախ մահվան հանգամանքներից և պատճառներից և նրանից, թե արդյոք դա տեղի է ունեցել ինքնասպանության կամ վատ վերաբերմունքի հետևանքով, թե՝ ոչ։
74. Դիմումատուները նաև պնդել են, որ իշխանության մարմինները չեն իրականացրել մահվան պատճառի մասով արդար և արդյունավետ քննություն։ Քննվել է միայն ինքնասպանության վարկածը, և ձեռնարկված բոլոր քննչական միջոցառումներն ուղղված են եղել այդ վարկածի հաստատմանը, մինչդեռ դիմումատուների պնդումներն առ այն, որ տուժողը մահացել է ոստիկանության կողմից դրսևորած դաժանության անմիջական հետևանքով, չեն դիտարկվել։ Հանցագործության վայրը չի պահպանվել, իսկ հիմնական ապացույց հանդիսացող դանակին ձեռք էին տվել։ Դանակի կոթի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել, և միակ բացատրությունն այն է, որ դրանք սրբվել են։ Միջադեպը վերարտադրելու վերաբերյալ նրանց պահանջը, որը թույլ կտար պարզել, թե արդյոք հնարավոր էր Վահան Խալաֆյանի կողմից այդքան կարճ ժամկետում կատարել բոլոր գործողությունները, ինչպես պնդում էին ոստիկանության ծառայողները, մերժվել էր առանց հիմնավոր պատճառների։ Քննությամբ պատասխան չի տրվել այն հարցին, թե ինչպես կարող էր նրա թևատակերի տակ կղանք հայտնաբերվել, եթե նա ենթադրաբար մերկացրել է իր փորը։ Սրանից կարելի էր ենթադրել, որ չընդհատվող կապ է եղել տաբատի և նրա շապիկի միջև, և որ նրա փորը մերկացվել է ավելի ուշ, երբ նրան պառկեցրել են հատակին: Մի շարք իրարամերժ ցուցմունքներ չեն պարզաբանվել, իսկ տուժողի կրած բաճկոնն անհետացել է և նույնիսկ որպես իրեղեն ապացույց ներառված չի եղել։ Վատ վերաբերմունքի ոչ բոլոր հանգամանքներն են ենթարկվել քննության։ Նրանց իրավունքներն անհիմն կերպով սահմանափակվել են բողոքարկման վարույթում, քանի որ վերաքննիչ դատարանը կիրառել է արագացված ընթացակարգ և գործը քննել է ըստ վճռաբեկության կանոնների, այլ ոչ թե անցկացրել լիարժեք դատական քննություն։ Ներպետական դատարաններն ակնհայտորեն չեն ճանաչել տուժողի կյանքի իրավունքի խախտումը և չեն նշանակել արդար, համարժեք և համաչափ պատիժներ։ Միայն ոստիկանության ծառայող Ա.Հ.-ն է դատապարտվել ազատազրկման, սակայն նույնիսկ նա պատիժը կրել է կիսափակ ռեժիմով, այսինքն՝ քրեակատարողական հիմնարկում միայն գիշերներն անցկացնելով, և օգտվել է համաներումից՝ իր պատիժը կրճատելով մեկ երրորդով։
75. Դիմումատուներն ի վերջո պնդել են, որ տվյալ պահին եղել է համակարգային խնդիր, քանի որ Հայաստանի իրավունքով խոշտանգման համար քրեական պատժամիջոցներ նախատեսված չեն եղել։ ՔՕ-ի 119-րդ հոդվածը, որով արգելվում էր «խոշտանգումը» (տե՛ս վերևում՝ 56-րդ պարբերությունը), կիրառելի էր միայն ոչ պետական դերակատարների նկատմամբ, և պետական գործակալների կողմից կատարված խոշտանգումների գործողությունները սովորաբար ենթարկվել են քրեական հետապնդման՝ ՔՕ-ի 309-րդ հոդվածի համաձայն, որը ներառված էր «Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունները» գլխում (տե՛ս վերևում՝ 58-րդ պարբերությունը): Սույն հոդվածը, սակայն, չի պարունակում խոշտանգման սահմանում և բավարար հիմք չի տալիս այդպիսի արարքների համար համապատասխան պատիժ նշանակելու համար։ Այսպիսով, Վահան Խալաֆյանին խոշտանգողներից և ոչ մեկը չի պատժվել «խոշտանգման» համար։ Ավելին, եթե տվյալ պահին խոշտանգման համար պատժամիջոցներ լինեին, ապա նման պատժամիջոցները համաներման ենթակա չէին լինի։ Այս բացերն ընդունվել են իշխանության մարմինների կողմից, և օրենսդրական փոփոխություններ են առաջ քաշվել (տե՛ս վերևում՝ 59-րդ և 60-րդ պարբերությունները):
բ) Կառավարությունը
76. Կառավարությունը նշել է, որ իշխանության մարմիններն արժանահավատ, բավարար և համոզիչ բացատրություն են տվել Վահան Խալաֆյանի մահվանը հանգեցնող իրադարձություններին, ինչի արդյունքում մեղավորները պատժվել են։ Տրված բացատրությունն արժանահավատ էր, քանի որ այն հաստատված էր իրեղեն ապացույցներով, որոնք հիմնավորում էին այն, որ Վահան Խալաֆյանի վնասվածքները հասցվել են իր իսկ կողմից։ Մի շարք նյութեր, այդ թվում՝ հոգեբուժական փորձագիտական եզրակացությունը (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը), ցույց են տվել, որ Վահան Խալաֆյանը նախքան միջադեպը գտնվել է հոգեբանական շատ լարված վիճակում։ Բացի այդ, եղել են ապացույցներ, որոնք ենթադրում էին, որ նրա վերքերը բնորոշ են եղել ինքն իրեն հասցված վնասվածքների (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը): Կառավարությունն ընդունել է, որ ոստիկանության ծառայող Ա.Հ.-ի ապօրինի գործողությունների և Վահան Խալաֆյանի ինքնասպանության միջև կա ուղիղ պատճառահետևանքային կապ, սակայն պնդել է, որ ոստիկանության ծառայողները չեն իմացել և չէին կարող իմանալ Վահան Խալաֆյանի հոգեբանական վիճակի մասին, որպեսզի պատասխանատվություն կրեին նրա կյանքի կորստի համար։ Նրանք չէին կարող իմանալ, որ ճնշումների և իրեն հասցված թեթև վնասվածքների հետևանքով նա կարող էր դանակահարել իրեն։ Այսպիսով, հաշվի առնելով մարդու վարքագծի անկանխատեսելիությունը՝ անհնարին և անհամաչափ բեռ կդրվեր իշխանության մարմինների վրա, եթե նրանք կրեին Վահան Խալաֆյանի ինքնավնասման պատասխանատվությունը նրա հոգեբանական վիճակի մասին նշանների կամ տեղեկությունների բացակայության պարագայում։
77. Կառավարությունը նաև պնդել է, որ քննությունը եղել է մանրակրկիտ և արդյունավետ, և պատասխանատու բոլոր անձինք բացահայտվել և պատժվել են: Դեպքից անմիջապես հետո հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ դեպքի վայրի զննությունը, դատաբժշկական փորձաքննությունը, ոստիկանության ծառայողներ Մ.Հ.-ից և Գ.Դ.-ից ցուցմունքներ վերցնելը։ Վերցվել են Վահան Խալաֆյանի եղունգների և մազերի նմուշներ, անմիջապես նշանակվել են մի քանի դատաբժշկական փորձաքննություններ, այդ թվում՝ դատահետքաբանական և կենսաբանական փորձաքննություններ։ Միջադեպից երկու օր անց գործը ստանձնել է ՀՔԾ-ն, որը ձեռնարկել է բոլոր համապատասխան և անհրաժեշտ միջոցառումները` դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ Միջադեպի վերաբերյալ հավաքվել են մեծ քանակությամբ համապատասխան ապացույցներ, օրինակ՝ մի շարք փորձագիտական եզրակացություններ, ցուցմունքներ, հարցազրույցներ և առերեսումներ՝ Դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան: Ինչ վերաբերում է դանակին, ապա ծայրի ստորին հատվածում որոշ հետքեր են հայտնաբերվել, սակայն դրանք համեմատական վերլուծության համար պիտանի չեն եղել։ Եթե մատնահետքերը դանակի վրայից սրբվել են, ինչպես պնդում են դիմումատուները, ապա դանակի վրա ընդհանրապես հետքեր չէին հայտնաբերվի։ Ինչ վերաբերում է դիմումատուների այն փաստարկին, որ քննվել է միայն ինքնասպանության վարկածը, ապա Կառավարությունը նշել է, որ 110-րդ հոդվածով նախատեսված մեղադրանքը (Ինքնասպանության հասցնելը) քննության ընթացքում փոխարինվել է 309-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մեղադրանքով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը), որով նախատեսվում էր շատ ավելի խիստ պատիժ։ Ավելին, քննության ընթացքում որևէ ապացույց ձեռք չի բերվել, որը կստիպեր իշխանության մարմիններին ենթադրել, որ եղել է իրադարձությունների այլ զարգացում, քան այն, ինչ բացահայտվել էր:
2. Դատարանի գնահատականը
78. Դատարանը միասին կքննի Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքները՝ այդ դրույթներից բխող համընկնող սկզբունքների լույսի ներքո և հաշվի առնելով, որ այդ բողոքները ծագում են միևնույն փաստերի ամբողջությունից։
79. Դատարանը կալանքի տակ գտնվող անձանց առնչությամբ նախկինում նշել է, որ այդ անձինք գտնվում են խոցելի իրավիճակում, և որ իշխանության մարմինները պարտավոր են ստանձնել նրանց պաշտպանությունը։ Հետևաբար երբ անհատին առողջ վիճակում տանում են ոստիկանության՝ կալանքի տակ պահելու վայր, և նա ազատվում է վնասվածքով, ապա պետության պարտականությունն է ներկայացնել արժանահավատ բացատրություն այն մասին, թե ինչպես են պատճառվել այդ վնասվածքները։ Իշխանության մարմինների՝ անհատի նկատմամբ ոստիկանությունում կալանքի տակ պահելու վայրում վատ վերաբերմունք ցուցաբերելու համար պատասխանատվություն կրելու սույն պարտականությունը հատկապես պարտադիր է, երբ այդ անհատը մահանում է։ Ապացույցները գնահատելիս Դատարանը, ընդհանուր առմամբ, կիրառել է ապացուցման «ողջամիտ կասկածից վեր» չափանիշը։ Այնուամենայնիվ, նման ապացույցները կարող են բխել համատեղ գոյություն ունեցող՝ բավականաչափ արժանահավատ, հստակ և համահունչ ենթադրությունների կամ փաստի գոյության վերաբերյալ համանման անհերքելի կանխավարկածների առկայությունից։ Այն դեպքում, երբ պետական մարմիններն ամբողջությամբ կամ առավելապես ծանոթ են խնդրո առարկա իրադարձություններին, ինչպես օրինակ՝ իրենց հսկողության ներքո կալանքի տակ գտնվող անձանց պարագայում է, կառաջանան այդպիսի կալանավորման ընթացքում ստացված վնասվածքների և մահվան փաստի գոյության վերաբերյալ ծանրակշիռ կանխավարկածներ: Իսկապես, ապացուցման պարտականության առումով կարելի է համարել, որ բավարար և համոզիչ բացատրություն տրամադրելն իշխանության մարմինների պարտականությունն է (տե´ս Սալմանն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Salman v. Turkey [GC]], թիվ 21986/93, §§ 99 և 100, ՄԻԵԴ 2000-VII, և Բուիդն ընդդեմ Բելգիայի [ՄՊ] [Bouyid v. Belgium [GC]], թիվ 23380/09, § 83, ՄԻԵԴ 2015թ.):
80. Ինչ վերաբերում է մասնավորապես պաշտոնական արդյունավետ քննություն իրականացնելու պահանջին, ապա Դատարանը կրկնում է՝ որպեսզի քննությունն արդյունավետ լինի, այն իրականացնելու համար պատասխանատու անձինք պետք է անկախ լինեն նրանցից, ում այն ուղղված է: Սա նշանակում է ոչ միայն աստիճանակարգային կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլև գործնական անկախություն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [Mocanu and Others v. Romania] ([ՄՊ] [GC], թիվ 10865/09 և 2 այլ, § 320, ՄԻԵԴ 2014թ. (քաղվածքներ)):
81. Բացի այդ, քննությունը պետք է հանգեցնի պատասխանատու անձանց բացահայտմանը և անհրաժեշտության դեպքում՝ պատժելուն: Չնայած սա ոչ թե արդյունքի, այլ միջոցների պարտավորություն է, այնուամենայնիվ, քննության ցանկացած թերություն, որը խաթարում է գործի հանգամանքները կամ պատասխանատու անձին բացահայտելու դրա կարողությունը, կառաջացնի արդյունավետության պահանջվող չափանիշին չհամապատասխանելու վտանգ (նույն տեղում՝ §§ 321-322, և վերևում հիշատակված՝ Արմանի Դա Սիլվայի գործը, § 233):
82. Ավելին, քննությունը պետք է լինի մանրակրկիտ, ինչը նշանակում է, որ իշխանության մարմինները պետք է միշտ լրջորեն ձգտեն պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, և իրենց քննությունը փակելու համար չպետք է հիմնվեն հապճեպ արված կամ անհիմն եզրակացությունների վրա (նույն դեպքում, § 325): Հետաքննության համար ակնհայտորեն անհրաժեշտ միջոցները պատշաճորեն չձեռնարկելը խոչընդոտում է գործի փաստական հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում՝ մեղավորներին ի հայտ բերելու՝ քննության հնարավորությունը (տե՛ս Կոլևին ընդդեմ Բուլղարիայի [Kolevi v. Bulgaria], թիվ 1108/02, § 201, 2009 թվականի նոյեմբերի 5, և վերևում հիշատակված՝ Արմանի Դա Սիլվայի գործը, § 234)։
83. Ի վերջո, երբ պաշտոնական քննությունը հանգեցրել է ազգային դատարաններում վարույթ հարուցելուն, դատավարությունն ամբողջությամբ, այդ թվում՝ դատաքննության փուլը, պետք է բավարարի Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված դրական պարտավորության պահանջները (տե՛ս Օներյիլդիզն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Öneryıldız v. Turkey [GC]], թիվ 48939/99, § 95, ՄԻԵԴ 2004-XII, և Սաբալիքն ընդդեմ Խորվաթիայի [Sabalić v. Croatia], թիվ 50231/13, § 97, 2021 թվականի հունվարի 14)։ Սա ներառում է վարույթի ավարտին նշանակված պատժամիջոցները (տե՛ս Մյումյունն ընդդեմ Բուլղարիայի [Myumyun v. Bulgaria], թիվ 67258/13, § 67, 2015 թվականի նոյեմբերի 3): Չնայած բացարձակ պարտավորություն չկա, որ բոլոր քրեական հետապնդումները հանգեցնեն դատապարտման կամ որոշակի պատժի, այնուամենայնիվ, ազգային դատարանները ոչ մի դեպքում չպետք է պատրաստ լինեն թույլ տալ, որ կյանքին վտանգ սպառնացող հանցագործությունները կամ ֆիզիկական և մտավոր անձեռնմխելիության նկատմամբ ծանր հարձակումները մնան անպատիժ, կամ լուրջ հանցագործությունները պատժվեն չափազանց թեթև պատիժներով։ Հետևաբար Դատարանի խնդիրն է վերանայել այն, թե արդյոք դատարաններն իրենց եզրակացությանը հանգելիս գործը հանձնել են Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով պահանջվող մանրազնին քննությանը, թե՝ ոչ, և որքանով է դա հաջողվել, որ չխաթարվեն գործող դատական համակարգի զսպող ազդեցությունը և այն դերի կարևորությունը, որը նա պետք է խաղա կյանքի իրավունքի խախտումները կանխելու կամ վատ վերաբերմունքն արգելելու գործում (տե՛ս վերևում հիշատակված՝ Օներյիլդիզի գործը, § 96, և վերևում հիշատակված՝ Սաբալիքի գործը, § 97):
84. Սույն գործով Կառավարությունը հիմնվել է պաշտոնական քննության արդյունքների վրա՝ Վահան Խալաֆյանի մահվան և ոստիկանությունում կալանքի տակ պահվելու ժամանակ ստացած վնասվածքների վերաբերյալ իրենց բացատրության մեջ, մինչդեռ դիմումատուները վիճարկել են ինքնասպանության պաշտոնական վարկածը։ Հետևաբար Դատարանը գտնում է, որ պարզելու համար, թե արդյոք պետությունը բավարար չափով կատարել է Վահան Խալաֆյանի մահվան և վնասվածքների համար պատասխանատվության ենթարկելու իր պարտավորությունը, նախ և առաջ, այն պետք է հաշվի առնի իշխանության մարմինների կողմից իրականացված քննությունը և նրանց կողմից արված եզրակացությունները (համեմատե՛ք Գուլյանն ընդդեմ Հայաստանի [Gulyan v. Armenia], թիվ 11244/12, § 84, 2018 թվականի սեպտեմբերի 20):
ա) Ընթացակարգային հայեցակետը
85. Դատարանը Վահան Խալաֆյանի մահվան գործով իրականացված պաշտոնական քննության և դրան հաջորդած դատավարության առնչությամբ դիտարկում է, որ նրա ինքնասպանության վարկածը իշխանության մարմինների կողմից հապճեպ կերպով և առանց որևէ հիմնավորման ընդունվել է քննության հենց առաջին օրը (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը): Ընդ որում, իրադարձությունների այս նկարագրությունն ամբողջությամբ հիմնված է եղել ոստիկանության ծառայողների՝ Մ.Հ.-ի և Գ.Դ.-ի ցուցմունքների վրա (տե՛ս վերևում՝ 11-13-րդ պարբերությունները), որոնք մասնակից են եղել միջադեպին և չէին կարող անաչառ վկաներ համարվել: Հատկանշական է, որ ինքնասպանությունը որպես մահվան պատճառ քննելու որոշումը կայացվել է այն փուլում, երբ քննությունը վարվում էր ԿՄԳՔՎՔԲ-ի կողմից, այսինքն՝ ոստիկանության այն մարմնի կողմից, որը քննում էր Վահան Խալաֆյանի կողմից ենթադրաբար կատարված հանցագործությունը (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը), և ունեցել է աստիճանակարգային և ինստիտուցիոնալ կապ Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների հետ՝ դրանով իսկ չունենալով անհրաժեշտ անկախությունը։
86. Դատարանը նշում է, որ ընթացքի փոփոխություն չի եղել նույնիսկ այն բանից հետո, երբ քննությունը ստանձնել է անկախ մարմինը, այսինքն՝ ՀՔԾ-ն (տե՛ս վերևում`16-րդ պարբերությունը), որը շարունակել է քննությունը վարել նույն հիմքով՝ երբեք լրջորեն կասկածի տակ չդնելով իրադարձությունների նկարագրությունը, որը տրամադրվել էր ոստիկանության ծառայողների կողմից, կամ փորձելով ստուգել այլ հնարավոր սցենարներ (համեմատե՛ք՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի [Virabyan v. Armenia], թիվ 40094/05, § 153, 2012 թվականի հոկտեմբերի 2, և վերևում հիշատակված՝Գուլյանի գործը, § 86)՝ չնայած օրըստօրե աճող այն նշաններին, որ նրանք արժանահավատ և վստահելի վկաներ չեն եղել։ Դատարանն այս կապակցությամբ վկայակոչում է քննության ընթացքում ծառայողների կողմից տրված ակնհայտ սուտ ցուցմունքները, այդ թվում՝ Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունքի փաստը թաքցնելը և իշխանության մարմիններին մոլորեցնելը նրա ձերբակալման ժամանակի վերաբերյալ, ինչպես նաև վարույթի տարբեր փուլերում նրանց ցուցմունքների և նրանցից յուրաքանչյուրի կողմից տրված ցուցմունքների միջև առկա բազմաթիվ հակասությունները (տե՛ս վերևում՝ 11-13-րդ, 21-րդ, 24-րդ, 25-րդ, 28-րդ և 39-41-րդ պարբերությունները): Մարմինների կողմից ոչ մի կարևորություն չի տրվել կեղծ և մոլորեցնող ցուցմունքների փաստին։ Նշված հակասությունները ճշտելու իրական փորձեր նույնպես չեն արվել։
87. Դատարանը հատկապես կարևորում է այն փաստը, որ չնայած միջադեպին նրանց անմիջական մասնակցությանը՝ տվյալ ոստիկանության ծառայողներն անմիջապես չեն մեկուսացվել և չեն հարցաքննվել՝ կանխելու ցանկացած հնարավոր դավադրություն, որը, Դատարանի կարծիքով, զգալի թերություն է եղել քննության համարժեքության մեջ (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ռամսահայը և այլք ընդդեմ Նիդեռլանդների [ՄՊ] [Ramsahai and Others v. the Netherlands [GC]], թիվ 52391/99, § 330, ՄԻԵԴ 2007-II): Փաստորեն, բացի ոստիկանության ծառայող Մ.Հ.-ից վերցված ցուցմունքից, որն ըստ երևույթին եղել է ոստիկանության ավագ ծառայողի կողմից՝ պաշտոնական քննության շրջանակներից դուրս (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը), քննչական մարմինները չեն հարցաքննել ոստիկանության ծառայողներ Մ.Հ.-ին, Գ.Դ.-ին և Ա.Հ.-ին միջադեպից մինչև ութ օր հետո (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը):
88. Դատարանը նաև նշում է, որ քննության միակողմանիությունն արտացոլվել է նաև դատաբժշկական փորձաքննությունների անցկացման եղանակում, ինչը կասկածի տակ է դնում համապատասխան փորձագիտական եզրակացությունների օբյեկտիվությունն ու համարժեքությունը։ Այսպիսով, փորձագետներին մշտապես ներկայացվել է ինքնասպանության վարկածը որպես հաստատված փաստ, և չնայած զգալի ուշադրություն է դարձվել ինքնասպանության տեսությանը, այնուամենայնիվ, նրանց երբեք չեն խնդրել կամ խրախուսել դիտարկել կամ մեկնաբանել որևէ այլ հավանական սցենար: Այսպիսով, թեև բժիշկ փորձագետը չի բացառել ինքնասպանության հավանականությունը (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը) և ավելի ուշ իր ցուցմունքում նույնիսկ ենթադրել է, որ դանակահարության հետևանքով հասցված վերքերը բնորոշ են ինքնասպանությանը (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը), քննչական մարմինները և դատարանները չեն հետաքննել, թե արդյոք հնարավոր է եղել բեմադրել ենթադրյալ ինքնասպանությունը, կամ արդյոք տվյալ վերքերը հասցվել են այլ հանգամանքներում, թե՝ ոչ։ Նրանք նաև չեն քննել, թե ինչպես է հնարավոր եղել, որ դանակի կոթը, որը Վահան Խալաֆյանը ենթադրաբար օգտագործել է իրեն դանակահարելու համար, և որն ավելին, մինչև միջադեպն ըստ երևույթին որպես խոհանոցային դանակ կանոնավոր կերպով օգտագործվել է, չունենա մատնահետքեր, և նաև այն, թե արդյոք հնարավոր էր, որ դրանք սրբվել են (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը): Թեև հետքաբանության փորձագետին ըստ երևույթին խնդրել են մեկնաբանել այդ հնարավորությունը դատաքննության ընթացքում (տե՛ս վերևում՝ 46-րդ պարբերությունը), թվում է, թե այդ առումով որևէ կարևորություն չի տրվել նրա պնդումներին։ Չի կարելի նաև ասել, որ բավարար բացատրություն է տրվել մատնահետքերի բացակայության վերաբերյալ։ Իշխանության մարմինների կողմից այս հարցը մանրակրկիտ չուսումնասիրելը հատկապես մտահոգիչ է թվում, քանի որ եղել են նշաններ, որ այդ ապացույցները կարող էին կեղծվել ոստիկանության ծառայողների կողմից՝ հանցանքի վայրի ամբողջականությանը նրանց միջամտության և միջադեպից հետո դանակին ձեռք տալու պատճառով (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը):
89. Ինչ վերաբերում է միջադեպի վերարտադրման պահանջը մերժելուն, ապա Դատարանի իրավասությունը չէ շահարկել, թե արդյոք նման քննչական միջոցառման արդյունքը կարող էր նպաստել ճշմարտության բացահայտմանը: Այնուամենայնիվ, հրամայական է, որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտման մասին պնդումների հետ կապված դեպքերում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է այնպիսի զգայուն հարցի, ինչպիսին է վատ վերաբերմունքը և կասկածյալի մահը ոստիկանության կալանքի տակ պահելու վայրում, իշխանության մարմինները ձեռնարկեն բոլոր հնարավոր և անհրաժեշտ միջոցները, որոնք կարող են արդյունավետորեն նպաստել այդ նպատակին։ Դատարանը նշում է, որ Մարզային դատարանը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել պահանջվող քննչական փորձարարության կարգադրումը մերժելու համար (տե՛ս վերևում՝ 48-րդ պարբերությունը), իսկ Վերաքննիչ դատարանի կողմից ներկայացված նման մերժման պատճառները, Դատարանի կարծիքով, բավականաչափ համոզիչ չեն թվում (տե՛ս վերևում՝ 52-րդ պարբերությունը):
90. Դատարանը նաև նշում է, որ Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունքի հանգամանքների քննությունն իրականացվել է նմանատիպ ձևով։ Իշխանության մարմինների եզրահանգումները նույնպես ամբողջությամբ հիմնված են եղել ոստիկանության նույն ծառայողների ցուցմունքների վրա (տե՛ս վերևում՝ 24-րդ, 25-րդ և 28-րդ պարբերությունները)՝ առանց հաշվի առնելու այդ վկաների նկատմամբ վստահության պակասը, և նույն կերպ հապճեպ կերպով ընդունվել են որպես միակ վարկած՝ առանց որևէ այլ հնարավոր սցենարների ուսումնասիրության, այդ թվում՝ դեպքի վայրում վատ վերաբերմունք դրսևորող մեկից ավելի հանցագործներ լինելու հավանականությունը: Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունքի հանգամանքները ներկայացվել են շատ վերացական ձևով, զուրկ են եղել մանրամասներից և ստեղծել են երկու կարճ դրվագով սահմանափակված լինելու տպավորություն՝ մեկը վաղ առավոտյան Ա.Հ.-ի աշխատասենյակում, իսկ մյուսը՝ Կ.Մ.-ի աշխատասենյակում ժամը 17։00-ի սահմաններում։ Դատարանը նշում է սակայն, որ նախքան դանակահարության դեպքը տեղի ունենալը Վահան Խալաֆյանը մոտ ութ ժամ փաստացի մնացել է ոստիկանության բաժնում։ Այդ ամբողջ ընթացքում նա եղել է շատ խոցելի վիճակում, նրա կալանավորումը հիմնված չի եղել ձերբակալման մասին որոշման վրա և փոխարենը հիմնավորվել է իր հետ «զրուցելու» անհրաժեշտությամբ, նրան ազատությունից զրկելը չի արձանագրվել, և նա զրկված է եղել կասկածյալի կողմից իրացվող ցանկացած իրավունքից: Չի կարելի ասել, որ իշխանության մարմինները բավականաչափ և անկեղծ ջանքեր են գործադրել՝ բացահայտելու այն վերաբերմունքի բոլոր հանգամանքները, որը երկար ժամանակ ցուցաբերվել է նրա նկատմամբ, երբ գտնվել է նման անորոշ իրավիճակում, ինչպես նաև պարզելու ոստիկանության ծառայողների՝ դեպքերի նկարագրությունում առկա բազմաթիվ հակասությունները։
91. Ի վերջո, Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ նույնիսկ եթե ոստիկանության ծառայողներից մեկն ի վերջո մեղավոր է ճանաչվել Վահան Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, նրա նկատմամբ կիրառվել է համաներում, որի արդյունքում պատժի ժամկետը կրճատվել է (տե՛ս վերևում` 52-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, Դատարանն արդեն վճռել է, որ պետական գործակալների կողմից խոշտանգման կամ վատ վերաբերմունքի հետ կապված գործերում չպետք է հանդուրժել համաներումը և ներումը (տե՛ս Յեթերն ընդդեմ Թուրքիայի [Yeter v. Turkey], թիվ 33750/03, § 70, 2009 թվականի հունվարի 13, և վերևում հիշատակված ՝ Մոկանուն և այլք գործը, § 326)։ Այս սկզբունքը նույնպես չի պահպանվել սույն գործում:
92. Վերոշարադրյալը բավարար է, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ իշխանության մարմինները չեն կարողացել իրականացնել Վահան Խալաֆյանի մահվան և նրա նկատմամբ վատ վերաբերմունքի հանգամանքների արդյունավետ քննությունը։ Հանգելով այս եզրակացությանը՝ Դատարանն անհրաժեշտ չի գտնում պարզել նաև, թե արդյոք տվյալ պահին Հայաստանի իրավական համակարգում եղել է համակարգային խնդիր, թե ոչ՝ կապված խոշտանգումների վերաբերյալ գործերով իրավական պաշտպանության համարժեք միջոցների առկայության հետ (տե՛ս վերևում՝ 75-րդ պարբերությունը):
93. Համապատասխանաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ընթացակարգային հայեցակետի խախտում:
94. Հանգելով այս եզրակացությանը՝ Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Կառավարության առաջին առարկությանը (տե՛ս վերևում՝ 63-րդ պարբերությունը): Դատարանը կրկին նշում է, որ դիմումատուի համար բարենպաստ ցանկացած որոշում կամ միջոց սկզբունքորեն բավարար չէ նրան «տուժողի» կարգավիճակից զրկելու համար, եթե ազգային մարմինները հստակորեն կամ ըստ էության ընդունած չլինեն Կոնվենցիայի խախտումը և այնուհետև դրա համար հատուցում տրամադրած չլինեն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Սկորդինոն ընդդեմ Իտալիայի (թիվ 1) [ՄՊ] [Scordino v. Italy (no. 1) [GC]], թիվ 36813/97, § 180, ՄԻԵԴ 2006-V): Տրամադրվող փոխհատուցումը պետք է լինի համապատասխան և բավարար։ Սա կախված կլինի գործի բոլոր հանգամանքներից՝ հատուկ ուշադրություն դարձնելով Կոնվենցիայի քննարկվող խախտման բնույթին (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Գեֆգենն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Gäfgen v. Germany [GC]], թիվ 22978/05, § 116, ՄԻԵԴ 2010թ.)։ Մահվան հանգեցնող դիտավորյալ վատ վերաբերմունքի դեպքերում բավարար փոխհատուցում տրամադրելու համար իշխանության մարմիններն առաջին հերթին և առավելապես պետք է իրականացնեն այնպիսի մանրակրկիտ և արդյունավետ քննություն, որն ունակ է հանգեցնելու պատասխանատու անձանց բացահայտմանը և պատժելուն (տե՛ս Նիկոլովան և Վելիչկովան ընդդեմ Բուլղարիայի [Nikolova and Velichkova v. Bulgaria], թիվ 7888/03, §§ 55-56, 2007 թվականի դեկտեմբերի 20, և վերևում հիշատակված՝ Գեֆգենի գործը, § 116):
95. Սույն գործով Դատարանը նշում է, որ Վահան Խալաֆյանի մահվան և վատ վերաբերմունքի վերաբերյալ քրեական գործը փոխանցվել է դատաքննության, և ոստիկանության երկու ծառայողներ ի վերջո մեղավոր են ճանաչվել, որոնցից մեկը մասնավորապես Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու համար (տե՛ս վերևում՝ 49-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշվել է վերևում, այդ քրեական գործով քննությունը մանրակրկիտ և արդյունավետ չի եղել և իրականացվել է Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ընթացակարգային պահանջների լուրջ խախտումներով։ Հետևաբար չի կարելի ասել, որ պետությունը համապատասխան և բավարար փոխհատուցում է տրամադրել այդ դրույթների ենթադրյալ խախտումների համար: Հետևաբար Դատարանը համարում է, որ դիմումատուները դեռևս կարող են պնդել, որ իրենք Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների թե՛ նյութաիրավական, թե՛ ընթացակարգային հայեցակետերի ենթադրյալ խախտման տուժող են, և մերժում է Կառավարության առաջին առարկությունը:
բ) Նյութաիրավական հայեցակետը
96. Դատարանը գտնում է, որ ազգային մակարդակում իրականացված քննությունն ակնհայտորեն այնքան ոչ լիարժեք է եղել և այնքան կարևոր հարցեր է թողել անպատասխան, որ այն չի կարողացել պարզել դիմումատուների ազգականի մահվան հետ կապված իրական հանգամանքները։ Հետևաբար Դատարանը չի կարող այդ քննության ավարտին արված եզրակացություններն ընդունել որպես հավաստի եզրակացություններ, հատկապես, որ դրանք չէին հիմնավորվել որևէ օբյեկտիվ ապացույցով (համեմատե՛ք վերևում հիշատակված՝ Գուլյանի գործի հետ, § 91 և դրանում հիշատակված գործերի հետ): Չնայած դիմումատուների փաստարկն առ այն, որ Վահան Խալաֆյանը մահացել է գլխուղեղի վնասվածքից, ուղղակիորեն հակասում է դատաբժշկական փորձագետի՝ նրա մահվան պատճառի վերաբերյալ արված եզրակացություններին (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը), այնուամենայնիվ, Դատարանի խնդիրը չէ պարզել տուժողի մահվան պատճառը։ Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետին, ապա Դատարանը գտնում է, որ ոստիկանությունում կալանքի տակ գտնվելու ընթացքում նրա մահվան և ստացած վնասվածքների վերաբերյալ Կառավարության կողմից տրված բացատրությունը գոհացուցիչ, բավարար և համոզիչ չէր: Հետևաբար նրանք չեն կատարել կալանքի տակ գտնվելիս Վահան Խալաֆյանի հանդեպ վերաբերմունքի համար պատասխանատվություն կրելու և դրանով իսկ իշխանության մարմինների վրա դրված ապացուցման բեռն իրենց վրա վերցնելու իրենց պարտականությունը։
97. Համապատասխանաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների նյութաիրավական հայեցակետի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
98. Դիմումատուները նաև պնդել են, որ Վահան Խալաֆյանի ձերբակալման, նրա մահվան հանգամանքների և հետագա քննության մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի և 13-րդ հոդվածի խախտում։
99. Կառավարությունը վիճարկել է այս պնդումները։
100. Հաշվի առնելով գործի փաստերը, կողմերի փաստարկները և Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն կատարած իր եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 93-րդ և 97-րդ պարբերությունները)՝ Դատարանը համարում է, որ այն քննել է սույն գանգատում բարձրացված հիմնական իրավական հարցը և չկա սույն բողոքների ընդունելիության և ըստ էության քննության վերաբերյալ առանձին որոշում կայացնելու անհրաժեշտություն (տե՛ս, mutatis mutandis, Կամիլ Ուզունն ընդդեմ Թուրքիայի [Kamil Uzun v. Turkey], թիվ 37410/97, § 64, 2007 թվականի մայիսի 10, և Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի, ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin Câmpeanu v. Romania [GC]], թիվ 47848/08, § 156, ՄԻԵԴ 2014թ.)։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
101. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
102. Դիմումատուները պահանջել են ընդհանուր 1 267 000 ՀՀ դրամ՝ նյութական վնասի մասով, որը ներառել է հուղարկավորության, գերեզմանի և դատական նիստերին ներկա գտնվելու համար ծախսված բենզինի ծախսերը: Նրանք նաև պահանջել են 30 000 եվրո (ԵՎՐՈ) ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
103. Կառավարությունը նշել է, որ դիմումատուների պահանջները չեն հիմնավորվել փաստաթղթային ապացույցներով: Նրանց ոչ նյութական վնասի վերաբերյալ պահանջները նույնպես չափազանցված են։
104. Դատարանը նշում է, որ դիմումատուներն ապացույցներով չեն հիմնավորել նյութական վնասի իրենց պահանջները, ուստի մերժում է սույն պահանջները: Այն, այնուամենայնիվ, դիմումատուներին միասին շնորհում է 50 000 ԵՎՐՈ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
Բ. Ծախսերը և ծախքերը
105. Դիմումատուները նաև պահանջել են 200 000 և 695 000 ՀՀ դրամ՝ ներպետական վարույթում իրենց երկու օրինական ներկայացուցիչների ծախսերի համար: Նրանք նշված վերջին գումարի վերաբերյալ ներկայացրել են երրորդ դիմումատուի և փաստաբանի միջև կնքված պայմանագիր։
106. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուների՝ 200 000 ՀՀ դրամի վերաբերյալ պահանջը չի հիմնավորվել փաստաթղթային ապացույցներով։ Ինչ վերաբերում է մնացած գումարին, ապա տվյալ պայմանագիրը ներառել է միայն այդ գումարը վճարելու խոստում։ Ավելին, համաձայն պայմանագրի՝ այդ վճարումն արդեն պետք է կատարված լիներ, մինչդեռ դիմումատուները դրա մասին որևէ ապացույց չեն ներկայացրել։
107. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործով Դատարանը նշում է, որ իրենց առաջին փաստաբանի մասով պահանջվող գումարը, այն է՝ 200 000 ՀՀ դրամը, որևէ ապացույցով չի հիմնավորվել։ Ինչ վերաբերում է 695 000 ՀՀ դրամ գումարին, ապա Դատարանը նշում է, որ այդ գումարը վճարելու պարտավորությունը պարունակող պայմանագիրը կնքվել է երրորդ դիմումատուի կողմից, որը համարվել է տուժողի կարգավիճակ չունեցող անձ, և որի բողոքները ճանաչվել են անընդունելի (տե՛ս վերևում՝ 71-րդ պարբերությունը): Դատարանը, հետևաբար, մերժում է դիմումատուների՝ ծախսերի և ծախքերի մասին պահանջները։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝
1. Միաձայն միացնում է գործի ըստ էության քննությունը Կառավարության այն առարկությանը, որը վերաբերում է դիմումատուների՝ տուժողի կարգավիճակին, և մերժում է այն.
2. Միաձայն հայտարարում է Վահան Խալաֆյանի մահվան վերաբերյալ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն առաջին, երկրորդ և չորրորդ դիմումատուների բողոքներն ընդունելի, իսկ մնացածը՝ անընդունելի.
3. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների նյութաիրավական և ընթացակարգային հայեցակետերի խախտում.
4. Ձայների՝ վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ վճռում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի և 13-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքների ընդունելիության և ըստ էության քննության վերաբերյալ առանձին որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա.
5. Միաձայն վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է առաջին, երկրորդ և չորրորդ դիմումատուներին համատեղ նյութական վնասի դիմաց վճարի 50 000 եվրո (հիսուն հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
6. Միաձայն մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի նոյեմբերի 8-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Իլզե Ֆրայվըրթ
Քարտուղարի տեղակալի
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր
Նախագահ