Հոդված 37. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը
Հոդված 37. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը
Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը`
1) մշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը, պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.
2) (կետն ուժը կորցրել է 20.01.21 ՀՕ-31-Ն)
2.1) սահմանում է կրթության որակի գնահատման չափանիշները՝ ըստ ուղղությունների։ Դրանք կարող են հիմք դառնալ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները սահմանելու համար.
3) ապահովում է օրինակելի հանրակրթական ծրագրերի, ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակումը և հրատարակումը.
3.1) մշակում և հաստատում է արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների.
3.2) հաստատում է արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը.
3.3) հաստատում է արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը.
4) իրականացնում է ուսումնական հաստատությունների լիցենզավորումը.
5) մշակում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.
6) հաստատում է ուսումնական հաստատությունների մանկավարժական և ղեկավար կադրերի որակավորման կարգը.
6.1) հաստատում է որակավորման բնութագրերը՝ ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների.
7) ձևավորում է ուսումնական մասնագիտությունների ցանկերը.
8) մշակում է հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերը.
9) հաստատում է պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնները.
9.1) հավաստում է անձի կարողությունների և սահմանված որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության փաստը՝ սույն օրենքով սահմանված ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացների միջոցով.
9.2) սահմանում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 6.1-ին և 6.2-րդ կետերով սահմանված կարգերի գործարկումը համակարգող, կազմակերպող ու օժանդակող կազմակերպության ընտրության կարգը և ըստ սահմանված պահանջների՝ ընտրում համապատասխան կազմակերպությունը, որը հանդես է գալիս սոցիալական գործընկերների անունից (պետության, գործատուների և արհմիությունների).
9.3) սահմանում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման ենթակա մասնագիտությունների ցանկը և դրանց ներդրման ժամանակացույցը՝ ըստ որակավորման աստիճանների.
9.4) ստեղծում է Ուսուցման ազգային ռեեստրը՝ ընտրված համակարգող կազմակերպության հետ պայմանագրային պատվիրակման հիման վրա.
9.5) հաստատում է Ուսուցման ազգային ռեեստրի վարման կարգը, այդ թվում՝ սույն օրենքի 3.4-րդ մասի 6-րդ կետով սահմանված գործընթացում արձանագրված խախտումների տեսակները, դրանք վերացնելու ժամկետները, ինչպես նաև Ուսուցման ազգային ռեեստրում լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնողի բազաների (հաշվառման համարանիշի) օգտագործումը ապաակտիվացնելու և վերաակտիվացնելու կարգը.
9.6) սահմանում է լրացուցիչ կրթության վկայականի, վկայականի ներդիրի և հավաստագրի, հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգը.
9.7) երաշխավորում է լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը.
9.8) հաստատում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում և ճանաչում անցկացնող գնահատողների ցանկը.
9.9) հաստատում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում և ճանաչում անցած անձանց ցանկը և վավերացնում տրամադրվող հավաստագիրն ու ներդիրը.
9.10) սահմանում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացի կազմակերպման, իրականացման, ճանաչման և հավաստագրման ընթացակարգային և մեթոդաբանական փաստաթղթերը, գնահատողներին և գնահատում իրականացնելու կենտրոններին ներկայացվող պահանջները, կողմերի իրավահարաբերություններն ապահովող պայմանագրի հիմնական պայմանները, գործընթացի կողմերի գործառույթները, լիազորությունները և պարտականությունները.
10) հաստատում է ուսումնական հաստատությունների սովորողների գիտելիքների փոխադրական և ամփոփիչ ստուգման կարգը.
11) սահմանված կարգով հաստատում է հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների շնորհած պատվավոր կոչումները և տիտղոսները.
12) մշակում է կրթության բոլոր աստիճանների գծով պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը.
12.1) սահմանում է հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, հաշվառման և պահպանման կարգերը.
13) սահմանում է օտարերկրյա պետությունների կրթական փաստաթղթերի համարժեքության որոշման և ճանաչման կարգը.
14) ապահովում է պետական ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի ձևավորումը, իրականացումը.
14.1) սահմանում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը.
14.2) մշակում, ներդնում և վարում է կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրները.
14.3) հաստատում է լիցենզիայի ներդիրի և լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերը.
14.4) հաստատում է կազմակերպությունների կրթական ծրագրերի իրականացման մասով լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով՝ նաև կլինիկական ամբիոնների (բազայի), մարզադահլիճի՝ սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակները.
15) համաձայնություն է տալիս մարզպետարանների և համայնքների կրթության վարչությունների (բաժինների) ղեկավարների և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակման ու ազատման վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
15.1) համաձայնություն է տալիս պետական համապատասխան լիազորված մարմնի կողմից ուսումնական հաստատությունների վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ.
16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:
Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը սույն հոդվածի 3-րդ, 6-րդ, 6.1-ին, 7-րդ, 10-րդ և 14-րդ կետերով սահմանված իրավասությունները ռազմական կրթության ոլորտում իրականացնում է պետական համապատասխան լիազորված մարմնի հետ համատեղ:
(37-րդ հոդվածը խմբ. 15.05.01 ՀՕ-187, խմբ., լրաց. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 01.12.03 ՀՕ-58-Ն, 04.02.10 ՀՕ-20-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-151-Ն, լրաց. 30.09.13 ՀՕ-99-Ն, 16.03.16 ՀՕ-34-Ն, փոփ., լրաց. 20.01.21 ՀՕ-31-Ն, լրաց. 04.05.22 ՀՕ-127-Ն, 17.01.23 ՀՕ-7-Ն, 10.02.23 ՀՕ-26-Ն)
(20.01.21 ՀՕ-31-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(04.05.22 ՀՕ-127-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(17.01.23 ՀՕ-7-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(հոդվածը 26.10.22 ՀՕ-391-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունիսի 1-ից)
(10.02.23 ՀՕ-26-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)