Հոդված 10. Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելը
Հոդված 10. Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելը
1. Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասվում են ըստ դրանց բնագավառի կամ գերատեսչական պատկանելության:
2. Տեղեկությունների գաղտնագրման բնագավառում միասնական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով Կառավարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը՝ ըստ գերատեսչական պատկանելության:
3. Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերում նշվում է նաև դրանցում ներառված տեղեկություններից յուրաքանչյուրի գաղտնիության աստիճանը: Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի և դրանցում կատարվող փոփոխությունների ու լրացումների նախագծերը ներկայացվում են լիազոր մարմնի համաձայնեցմանը: Լիազոր մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը նախագծերը հաստատելու վերաբերյալ կամ իր առարկություններն է ներկայացնում դրանք լրամշակելու համար: Գերատեսչական ցանկերի և դրանցում կատարվող փոփոխությունների ու լրացումների՝ լիազոր մարմնի դիտողությունների հիման վրա լրամշակված նախագծերը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կրկին ուղարկվում են լիազոր մարմնի համաձայնեցմանը: Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի և դրանցում կատարվող փոփոխությունների ու լրացումների նախագծերը հաստատում են պետական մարմինների համապատասխան պաշտոնատար անձինք: Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի, դրանցում կատարված փոփոխությունների և լրացումների մեկ օրինակն ուղարկվում է լիազոր մարմին:
4․ Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական գաղտնիք: Այդպիսի տեղեկությունների գաղտնագրումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով: