Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) արդյունաբերական քաղաքականություն (այսուհետ՝ ԱՔ)` միջոցառումների համակարգ, որն ուղղված է արդյունաբերության ոլորտում առաջադիմական փոփոխությունների իրականացմանը` պետական գերակայություններին համապատասխան, երկրի արտադրական ներուժի արդյունավետ օգտագործմանն ու զարգացմանը.
2) արդյունաբերական քաղաքականության օբյեկտներ՝ արդյունաբերական արտադրանք թողարկող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր.
3) արդյունաբերական գոտի` առանձնացված տարածք, որը համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին, և որտեղ իրականացվում է բացառապես արդյունաբերական գործունեություն: Արդյունաբերական գոտին կարող է ունենալ ազատ տնտեսական գոտու կարգավիճակ, որտեղ իրականացվում է բացառապես արդյունաբերական գործունեություն, և որտեղ ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան.
4) արդյունաբերական գոտու կազմակերպիչ (այսուհետ` կազմակերպիչ)` բացառապես արդյունաբերական գոտու կազմակերպման նպատակով հիմնադրի կողմից ստեղծված (հիմնադրված) կամ ընտրված իրավաբանական անձ, որն ապահովում է արդյունաբերական գոտում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը և ծառայությունների մատուցումը.
5) արդյունաբերական գոտու շահագործող (այսուհետ` շահագործող)` սույն օրենքին համապատասխան՝ բացառապես արդյունաբերական գոտում, բացառապես արտադրական գործունեություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ մասնաճյուղ, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչություն, որն ունի տվյալ գոտու կազմակերպչի հետ կնքված համապատասխան պայմանագիր.
6) լիազոր մարմին` արդյունաբերական գոտիների պետական քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին: