Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-07-ից մինչև 2022-04-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 27.2. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը

գործել է մինչև 2022-04-22Բացել ARLIS-ում

Հոդված 27.2. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը

1. Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով:

2. Կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, սննդի համար օգտագործելու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու և որսի նպատակներով:

3. Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներ կիսաազատ պայմաններում պահելու և օգտագործելու թույլտվություն ունեցողները, սկսած երկրորդ սերնդից, կարող են լիազորված մարմնի սահմանած կարգով օգտագործել որսի, սննդի նպատակներով, եթե տվյալ տեսակի բուծման շնորհիվ ապահովել են դրանց վերարտադրությունը:

4. Կիսաազատ պայմաններում պահվող` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների, սկսած երկրորդ կենսունակ սերնդից, մինչև 10 տոկոսը լիազորված մարմնի թույլտվությամբ տրամադրվում է պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց՝ որսի կամ այլ նպատակներով օգտագործելու համար, իսկ կոնկրետ տեսակի քանակի ավելացման վերաբերյալ հիմնավորված տվյալների առկայության դեպքում լիազորված մարմնի թույլտվությամբ կարող է տրամադրվել սահմանված չափից ավելի:

5. Կիսաազատ պայմաններում պահվող` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների, սկսած երկրորդ կենսունակ սերնդից, Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք բնություն են բաց թողնում սույն օրենքի 14 հոդվածով սահմանված՝ կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի եզրակացությամբ տրված չափաքանակներին համապատասխան:

6. Որսի կամ այլ եղանակներով վայրի կենդանիներին օգտագործելու թույլտվություն չի կարող տրվել, եթե տվյալ տարածքում համապատասխան կենդանիների միջին քանակը ցածր է լիազորված մարմնի սահմանած նվազագույն չափաքանակից:

7. Կենդանիների տվյալ տեսակին բնորոշ կազմվածքին կամ այլ հատկանիշներին չհամապատասխանող` կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների առանձնյակները չեն կարող օգտագործվել սերունդ ստանալու և բնության մեջ բաց թողնելու նպատակով, իսկ որսորդական տնտեսություններում նման կենդանիները ենթակա են պարտադիր որսման: Լիազորված մարմնի թույլտվությամբ որսման կարող են ենթարկվել նաև`

1) ծերության պատճառով վերարտադրության տարիքն անցած,

2) պահվող կենդանիների հանդեպ չափազանց ագրեսիվ վարք դրսևորող,

3) մարդկանց կյանքին կամ առողջությանը անմիջական սպառնացող,

4) անբուժելի կամ վարակիչ հիվանդությամբ վարակված վայրի կենդանիները:

(27.2-րդ հոդվածը լրաց. 26.03.14 ՀՕ-6-Ն)

ՀՈԴՎԱԾ 28. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողն իրավունք ունի`

ա) ինքնուրույն ընտրել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակները.

բ) իրացնել կենդանական աշխարհի օգտագործումից ստացված արտադրանքը և տնօրինել եկամուտները.

գ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ գործունեություն:

ՀՈԴՎԱԾ 29. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողը պարտավոր է`

ա) գործել բնության պահպանության մասին օրենսդրության պահանջներին համապատասխան.

բ) ապահովել պայմանագրով իրեն հատկացված կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը.

գ) չխախտել կենդանական համակեցությունների ամբողջականությունը.

դ) կատարել պայմանագրային պարտականությունները.

ե) իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրության և պաշտպանության նպատակով.

զ) աջակցել պետական մարմինների գործունեությանը` կենդանական աշխարհի օբյեկտների հսկողության, պետական հաշվառման և մոնիտորինգի իրականացման համար.

է) ժամանակին մուծել կենդանական աշխարհից օգտվելու համար սահմանված վճարները.

ը) չխախտել կենդանական աշխարհի օբյեկտների այլ օգտագործողների իրավունքները.

թ) հատուցել Հայաստանի Հանրապետության բնապահպանության օրենսդրության խախտման հետևանքով պատճառված վնասը:

ՀՈԴՎԱԾ 30. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման իրավունքը դադարում է`

ա) սույն օրենքի 29 հոդվածի պահանջները խախտելու դեպքում.

բ) կենդանական աշխարհի օբյեկտները պետական կամ հանրային կարիքների համար օգտագործելիս պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողի կամավոր հրաժարման դեպքում.

դ) կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործող ձեռնարկության կամ կազմակերպության լուծարման դեպքում.

ե) պայմանագրային ժամկետներն ավարտվելու դեպքում.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

ՀՈԴՎԱԾ 31. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի արդյունավետ պահպանությունը և շարունակական օգտագործումն ապահովելու նպատակով պետությունն օգտագործողների նկատմամբ կիրառում է տնտեսական խթանման հետևյալ միջոցները`

ա) բյուջետային հատկացումներ` կենդանական աշխարհի վերականգնման նպատակով (եթե այն խախտվել է ոչ օգտագործողի մեղքով).

բ) բյուջետային հատկացումներ` կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրությունն իրականացնելու նպատակով.

գ) բյուջետային հատկացումներ` էկոլոգիապես մաքուր կենդանական հումքի մթերման և կենդանական աշխարհի պաշտպանության անվնաս տեխնոլոգիաներ և մեթոդներ ներդնելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։