Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 10.1-ին հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 10.1. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը».
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը Քաղաքաշինության կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե):».
3) 3-րդ մասի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24) քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության բնագավառում մշակում է պլաններ, կազմակերպում է կոմիտեի զորահավաքային ռեսուրսների հաշվառումը և քաղաքացիական պաշտպանության բնագավառի քաղաքաշինական գործունեությանն առնչվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքները.».
4) 3-րդ մասի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27) հաստատում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված մասնագիտական գործունեության տեսակներին և ենթատեսակներին համապատասխան պահանջվող մասնագիտական որակավորումների ցանկը.».
5) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-48-րդ կետերով.
«28) հաստատում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան քաղաքաշինական գործունեության օբյեկտներում իրականացվող աշխատանքների և ծառայությունների մատուցման գործելակարգերը և պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրերը.
29) հաստատում է որակավորման, էթիկայի և որակի գնահատման hանձնաժողովների անհատական կազմը, աշխատակարգը, անդամների ընտրության և գործերի քննության կարգերը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը.
30) հաստատում է լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության և մասնագետների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը, թեստավորման հարցաշարերը, հայտարարության տեքստին ներկայացվող պահանջները.
31) հաստատում է ՇՄԶ-ն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, յուրաքանչյուր մասնագիտության գծով շնորհվող ՇՄԶ-ի կրեդիտների տեսակները, քանակը և դրանց շնորհման չափորոշիչները.
32) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետների գրանցումը.
33) օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է մասնագետների հավաստագրումը և հաստատում մասնագետներին տրվող հավաստագրերը.
34) իրականացնում է 1-ին, 2-րդ և 3-րդ կարգերի մասնագետների և 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի քաղաքաշինական գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների գրանցամատյանների վարումը, որտեղ առնվազն ներառվում են մասնագետների անհատական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի), կրթության, որակավորման, վերաորակավորման, մասնագիտացման, մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի, լիցենզավորված անձի տվյալների (անվանում և գտնվելու վայր, ազգանուն, անուն, բնակության վայր և հաշվառման հասցե), լիցենզիայի գործունեության տեսակի, գործողության ժամկետի, գործողության ժամկետների երկարաձգման, լիցենզիայի, ներդիրի կամ հավաստագրերի վերաձևակերպման, գործողության կասեցման, գործողության դադարեցման և վարկանիշավորման վերաբերյալ տեղեկություններ, օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկություններ.
35) սահմանում է լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչները.
36) հաստատում է կառուցվող, հիմնանորոգվող, վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, ընդլայնվող, արդիականացվող, վերազինվող, նորոգվող, քանդվող կամ ապամոնտաժվող շենքերի, շինությունների, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները.
37) մշակում և հաստատում է քաղաքաշինական գործունեության ապահովման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումներ, ուղեցույցներ, ձեռնարկներ և սահմանում (տեղայնացնում) է քաղաքաշինության բնագավառում կիրառվող տերմիններ.
38) մշակում է շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարելավման գործողությունների իրականացման ծրագիրը.
39) սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի ու շինությունների, այդ թվում՝ տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների շահագործման մատչելիությունն ապահովող քաղաքաշինական միջոցառումների համալիրը (նորմերը, կանոնները), դրանց կիրառման պայմանները.
40) վարում է քաղաքաշինության բնագավառի լիցենզավորված կազմակերպությունների և մասնագետների էլեկտրոնային գրանցամատյանները.
41) մշակում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը, ինչպես նաև դրանց նպատակային (գործառնական) նշանակության դասակարգման ցանկը (մեթոդաբանությունը), շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակության և դրանց փոփոխման կարգերը.
42) բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների տեխնիկական վիճակից ելնելով՝ մշակում է դրանք շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը.
43) մշակում և հաստատում է շենքերի ու շինությունների անձնագրերի օրինակելի ձևերը, անձնագրերի լրացման մեթոդաբանությունը.
44) մշակում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը.
45) մշակում է քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը.
46) համակարգում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով սահմանված կառուցապատման և ներդրումային ծրագրերը.
47) ստեղծում է կոմիտեի նախագահին կից գործող Քաղաքաշինական խորհուրդը.
48) ստեղծում է կոմիտեի նախագահին կից գործող Գիտատեխնիկական խորհուրդը:
Քաղաքաշինական խորհուրդը ճարտարապետաճարտարագիտական, քաղաքաշինական համալիր խնդիրների կոլեգիալ քննարկման և գնահատման նպատակով ստեղծված խորհրդատվական մարմին է, որի կազմը և աշխատակարգը հաստատում է կոմիտեի նախագահը:
Գիտատեխնիկական խորհուրդը քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ սահմանված նորմերի կիրառման հետ կապված գիտականորեն հիմնավորված մասնագիտական դիրքորոշումներ, եզրակացություններ և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծված խորհրդատվական մարմին է, որի կազմը և աշխատակարգը հաստատում է կոմիտեի նախագահը։»: