Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 10. Աղբի հավաքմանը և պահմանը ներկայացվող պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Աղբի հավաքմանը և պահմանը ներկայացվող պահանջները

1. Աղբի հավաքումը կատարվում է`

1) անմիջապես աղբ գոյացնողից և տեղափոխվում է անմիջապես աղբատար մեքենա` առանց աղբամաններում կուտակելու.

2) աղբամանների միջոցով` աղբը հավաքվում կամ պահվում է համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում այդ նպատակով սահմանված կամ նախատեսված հատուկ հարթակների վրա տեղադրված՝ համայնքի կամ օպերատորի տրամադրած տարողություններում` սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ.

3) աղբամուղների միջոցով` աղբը հավաքվում է աղբահավաք խցերում` սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ.

4) փոխաբեռնման կայանների միջոցով, որտեղ ժամանակավոր հավաքվում, սեղմվում և ըստ անհրաժեշտության՝ տեսակավորվում է աղբը` սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ, այնուհետև տեղափոխվում վերամշակման, օգտահանման արտադրամասեր կամ աղբավայր.

5) աղբի հավաքման կենտրոնների միջոցով, որտեղ ժամանակավոր հավաքվում է տեսակավորված աղբը դրա հետագա գործածության նպատակով: Ընդ որում, աղբի հավաքման կենտրոններ տեսակավորված աղբը կարող են տեղափոխել օպերատորը, ինչպես նաև ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը իրենց միջոցների հաշվին՝ համայնքի ղեկավարի թույլտվությամբ:

2. Համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում առաջացող աղբի համար համայնքը կամ օպերատորը տեղադրում է աղբամաններ կամ կոնտեյներներ` սանիտարահիգիենիկ կանոններին և նորմերին, ինչպես նաև սանիտարական սխեմային համապատասխան:

3. Շինարարական աղբը, ինչպես նաև խոշոր եզրաչափերով աղբը հավաքվում է անմիջապես աղբ գոյացնողից՝ առանց աղբամաններում կուտակելու կամ պահվում է աղբահանության վճար վճարողների ձեռք բերած կամ համայնքի կամ օպերատորի կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց տրամադրած և դրանց համար նախատեսված աղբամաններում կամ կոնտեյներներում, որոնք տեղադրվում են աղբահանության վճար վճարողների համապատասխան տարածքներում, եթե այլ բան չի սահմանել համայնքի ավագանին: Ընդ որում, համայնքը կամ օպերատորը աղբամանները կամ կոնտեյներները աղբահանության համար վճարողների պահանջով կարող է տրամադրել վարձակալության հիմունքներով:

3.1. Օգտահանման և վերամշակման ենթակա աղբը (թղթե, ապակե, պլաստիկ և կենսաքայքայվող աղբը) հավաքվում է համայնքի, օպերատորի կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց տրամադրած առանձնացված աղբամաններում կամ կոնտեյներներում:

3.2. Վտանգավոր թափոնների հավաքման գործընթացներն իրականացվում են «Թափոնների մասին» օրենքով սահմանված կարգով:

4. Աղբահանության իրականացման կարգը, այդ թվում` աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը, աղբամանների կամ կոնտեյներների տեղադրման վայրերը, դրանց տեսակները և քանակը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնները և նորմերի պահանջները: Ընդ որում, աղբը պետք է փոխադրվի մինչև կոնտեյներների ամբողջությամբ լցվելը:

4.1. Աղբամաններում արգելվում է տեղադրել կամ պահել արտադրական թափոնները, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնները, սնդիկ պարունակող լամպերը և այլ արտադրանք, էլեկտրական կուտակիչները և մարտկոցները, անվադողերը, այրվող, շիկացած կամ տաք աղբը, բժշկական թափոնները, խոշոր եզրաչափերի աղբը, ձյունը և սառույցը, հեղուկ թափոնները, ինչպես նաև այլ վտանգավոր թափոններ, որոնք կարող են վնաս հասցնել աղբահանություն կատարող անձանց կյանքին և առողջությանը:

5. Արգելվում է աղբը պահել և թափել դրա համար չսահմանված կամ չնախատեսված վայրերում:

(10-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 13.04.23 ՀՕ-137-Ն)

(13.04.23 ՀՕ-137-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։