Հոդված 14. Աղբահանության վճարի դրույքաչափը
Հոդված 14. Աղբահանության վճարի դրույքաչափը
1. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է՝
1) ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական հիսունից մինչև չորս հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ, կամ
2) ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչև քսանհինգ Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.
1) առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսունից մինչև հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ.
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ քսանից մինչև հիսուն Հայաստանի Հանրապետության դրամ.
3) վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ տասնհինգից մինչև քսան Հայաստանի Հանրապետության դրամ.
4) գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ երեքից մինչև տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ութ Հայաստանի Հանրապետության դրամ.
5) արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչև տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ.
6) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափով.
7) շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափով:
2.1. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսունից մինչև հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ:
2.2. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:
3. Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`
1) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ երեք հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ
2) ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ տասը հազար Հայաստանի Հանրապետության դրամ.
3) ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության սեփականատերը անհամաձայնության մասին գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց՝ աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
3.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված շենքերի, շինությունների և տարածքների մասով աղբի հեռացման հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով:
4. Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու՝ օրենքով սահմանած կարգով` սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի սահմաններում:
5. (մասն ուժը կորցրել է 10.09.19 ՀՕ-165-Ն)
(14-րդ հոդվածը խմբ. 22.05.18 ՀՕ-330-Ն, խմբ., լրաց., փոփ. 10.09.19 ՀՕ-165-Ն)