Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) աղբահանություն` բնակավայրերում գոյացող աղբի հավաքում, պահում, փոխադրում և տեղադրում աղբավայրում.
2) աղբ` կենցաղային աղբ, ոչ կենցաղային աղբ և խոշոր եզրաչափերի աղբ.
ա. կենցաղային աղբ` «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` մարդու կողմից սպառման և (կամ) կենսագործունեության հետևանքով առաջացող թափոնները.
բ. ոչ կենցաղային աղբ`
- արտադրական աղբ` արտադրության և արտադրական և (կամ) սպառման թափոններ, որոնք առաջանում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում,
- շինարարական աղբ` քաղաքաշինական գործունեության ընթացքում առաջացող, շինարարական վերանորոգման, շենքերի վերակառուցումից և քանդումից առաջացող թափոններ.
գ. խոշոր եզրաչափերի աղբ` մարդու կենսագործունեության հետևանքով կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում առաջացող արտադրության և սպառման թափոններ, որոնք, հաշվի առնելով դրանց ֆիզիկական հատկությունները (ներառյալ` չափը, ծավալը կամ քաշը), անհնար է հավաքել, պահել կամ փոխադրել կենցաղային աղբի համար նախատեսված` սովորաբար կիրառվող տեխնիկական միջոցներով.
3) սանիտարական մաքրում` համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների (փողոցների, այգիների, պուրակների, հրապարակների, բակերի, մայթերի, անցումների, կամուրջների, սիզամարգերի, լողափերի և ընդհանուր օգտագործման այլ տարածքների) մաքրումը աղբից, տերևակույտերից, փոշուց, կենդանիների դիակներից և փողոցների երթևեկելի մասերի ջրում-լվացումը, փողոցների, կամուրջների, անցումների և մայթերի` ձյունից և սառույցից մաքրումը, համայնքի ընդհանուր օգտագործման համար տեղադրված աղբամանների սպասարկումը.
4) օպերատոր` համայնքին աղբահանության և (կամ) սանիտարական մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպություն (կազմակերպություններ) կամ անհատ ձեռնարկատեր (անհատ ձեռնարկատերեր):
2. Այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն օրենքով, ունեն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունների իմաստը: