Հոդված 10. Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորումը
Հոդված 10. Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորումը
1. Փրկարարական կազմավորումները և փրկարարները ենթակա են պարտադիր որակավորման: Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորումն իրականացնում է լիազոր մարմինը:
2. Փրկարարական կազմավորումների և փրկարարների հերթական որակավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
3. Փրկարարական կազմավորումների և փրկարարների արտահերթ որակավորումն անցկացվում է հերթական որակավորումից առնվազն մեկ տարի հետո` փրկարարական կազմավորումներ ստեղծած մարմնի, փրկարարին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հիմնավորված որոշման հիման վրա և փրկարարական կազմավորումների ու փրկարարի ցանկությամբ:
4. Որակավորումն անցկացվում է որակավորվողների անմիջական մասնակցությամբ:
5. Փրկարարական կազմավորումները և փրկարարները որակավորման ենթակա չեն`
ա) նոր որակավորում անցնելուց, նոր որակավորման դաս ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե նման ցանկություն չեն հայտնել.
բ) միջազգային կարգի փրկարարները.
գ) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի, առողջության ժամանակավորապես կորստի կապակցությամբ արձակուրդում գտնվող փրկարարները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:
6. Հղիության կամ երեխայի խնամքի, առողջության ժամանակավորապես կորստի կապակցությամբ արձակուրդում գտնվող փրկարարները ենթակա են որակավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ որակավորվելու համար:
7. Որակավորումից առնվազն երկու շաբաթ առաջ փրկարարական կազմավորումների, փրկարարի անմիջական ղեկավարը ներկայացնում է նրանց ցուցանիշները, ծառայողական բնութագիրը:
8. Փրկարարական կազմավորումների ցուցանիշները որակավորման հանձնաժողովին ներկայացվելուց առաջ հաստատում է այդ կազմավորումներն ստեղծած մարմինը:
9. Փրկարարի ծառայողական բնութագիրը հաստատում են անմիջական ղեկավարները և ստորաբաժանումների ղեկավարները:
Փրկարարի ծառայողական բնութագիրը բովանդակում է տվյալներ փրկարարի մասին ու նրա գործնական հատկանիշների և գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը հիմնվում է նախորդ որակավորումից հետո ընկած ժամանակահատվածում փրկարարի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:
10. Փրկարարը որակավորման անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ իրավունք ունի ծանոթանալու իր ծառայողական բնութագրին:
11. Առաջին անգամ որակավորվող փրկարարական կազմավորումների կամ փրկարարների համար ցուցանիշներ, ծառայողական բնութագրեր չեն պահանջվում:
12. Որակավորման հանձնաժողովը կազմավորում է լիազոր մարմնի ղեկավարը: Ելնելով փրկարարական որակավորման առանձնահատկություններից, ըստ փրկարարական աշխատանքների` լիազոր մարմնի ղեկավարը կարող է ձևավորել մեկից ավելի որակավորման հանձնաժողովներ:
13. Որակավորման արդյունքում որակավորման հանձնաժողովը ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը՝
ա) փրկարարի նկատմամբ`
- շնորհել նրան որակավորման դաս,
- հաստատել նրան տրված որակավորման դասը,
- բարձրացնել նրա որակավորման դասը,
- հետաձգել նրա որակավորումը և առաջարկել` փրկարարին գործուղել վերապատրաստման,
- չի համապատասխանում տրված որակավորման դասը.
բ) փրկարարական կազմավորման նկատմամբ`
- թույլատրել կատարել փրկարարական աշխատանքներ.
- արգելել կատարել փրկարարական աշխատանքներ.
- հետաձգել որակավորումը և առաջարկել վերապատրաստվել:
Որակավորման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ է արտահայտվել հանձնաժողովի անդամների երկու երրորդը:
14. Որակավորվողներն իրավունք ունեն ծանոթանալու որակավորման արդյունքներին և բողոքարկելու դրանց հետ ծանոթանալուց հետո` յոթ օրվա ընթացքում:
15. Որակավորման արդյունքներն ու կայացված որոշումները որակավորման հանձնաժողովը որակավորման օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ներկայացնում է որակավորվող փրկարարական կազմավորման վերադաս մարմին կամ փրկարարին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է համապատասխան որոշում` հիմք ընդունելով որակավորման հանձնաժողովի որոշումները:
16. Փրկարարի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ որակավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
17. Որակավորման արդյունքները պահվում են փրկարարական կազմավորման գրանցման և որակավորման մատյաններում, փրկարարի անձնական գործում:
18. Որակավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: