Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
փոստային կապ` փոստային առաքանու ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումն ապահովող կապի տեսակ, որը տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր է.
փոստային առաքանի` հասցեագրված նամակագրական թղթակցություն, փոստային ծանրոցներ ու փոստային բեռնարկղեր, համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակություններ.
փոստային առաքում` փոստային առաքանու ընդունում, մշակում, փոխադրում և հանձնում հասցեատիրոջը.
միջազգային փոստային կապ` տարբեր պետությունների իրավասության ներքո գտնվող փոստային կապի օպերատորների միջև փոստային առաքանու փոխանակում.
նամակագրական թղթակցություն` հասարակ և գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ և փոքր փաթեթներ.
գնահատված փոստային առաքանի` փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողի կողմից ներդրվածքի արժեքի գնահատմամբ, ուղարկողին անդորրագրի հանձնումով, և հասցեատիրոջը հանձնվում է ստորագրությամբ: Գնահատված արժեքի գումարի առավելագույն չափը սահմանում է փոստային կապի օպերատորը.
սեկոգրամ` բացառապես կույրերի համար նախատեսված փոստային առաքանի, որը հանձնվում է բաց տեսքով, սեկոգրաֆիայի եղանակով գրված նամակագրական հաղորդակցություններով և հրատարակություններով, սեկոգրաֆիայի նշաններով` կլիշեներով, ձայնագրություններով, տիֆլոտեխնիկական միջոցներով.
դրամական միջոցների փոստային փոխադրություններ` «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն դրամական (փողային) փոխանցումներ.
փոստային կապի ծառայություններ` գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գծով.
փոստային կապի ունիվերսալ ծառայություններ` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային կապի ծառայություններ` նամակագրական թղթակցության, մինչև 20 կիլոգրամ քաշով ծանրոցների և գյուղական բնակավայրերում պաշտոնական պարբերականների առաքման գծով, ինչպես նաև «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փաստաթղթերի հատուկ առաքում.
սուրհանդակային կապի ծառայություն` փոստային կապի գործունեության տեսակ, որի դեպքում փոստային առաքանին առաքման ամբողջ ժամանակահատվածում` ուղարկողից մինչև հասցեատեր, ուղեկցվում է միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից.
հատուկ կապի ծառայություն` սուրհանդակային կապի ծառայության տեսակ, որի դեպքում իրականացվում է հատուկ առաքանիների ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը.
հատուկ առաքանի` փոստային առաքանի, որը պարունակում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով պահպանվող գաղտնի տեղեկություններ և առարկաներ, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, ինչպես նաև դրանցից պատրաստված զարդեր, որոնք ուղարկվում կամ ստացվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից.
փոստային կապի ծառայություններից օգտվող` ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման մարմիններ, որոնք օգտվում են փոստային կապի ծառայություններից կամ փոստային կապի օպերատորի կողմից մատուցվող դրամական փոստային փոխադրությունների ծառայություններից.
սուրհանդակային կապի ծառայություններից օգտվող` ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման մարմիններ, որոնք օգտվում են սուրհանդակային կապի ծառայություններից.
փոստային կապի ծառայությունների մատուցման ժամկետ` փոստային կապի որոշակի ծառայությունների մատուցման ժամկետներից և նորմատիվներից բաղկացած ամբողջություն՝ փոստային կապի օպերատորի սահմանած առանձին տեխնոլոգիական գործողությունների կատարման համար.
սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման ժամկետ` սուրհանդակային կապի որոշակի ծառայությունների մատուցման ժամկետներից և նորմատիվներից բաղկացած ամբողջություն՝ սուրհանդակային կապի օպերատորի սահմանած առանձին տեխնոլոգիական գործողությունների կատարման համար.
հսկիչ ժամկետներ` փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների` փոստային կապի ընդունման վայրից մինչև փոստային կապի օբյեկտի հանձնման վայրն առաքման, ինչպես նաև փոստային կապի օբյեկտներում դրանց վերամշակման առանձին գործառնությունների համար սահմանված ժամանակ.
փոստային կապի ծառայությունների մատուցման սակագին` փոստային կապի ծառայությունների մատուցման վճարման համար սահմանված չափ.
սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման սակագին` սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման վճարման համար սահմանված չափ.
փոստային կապի օպերատոր` փոստային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով սահմանված փոստային կապի օպերատորի կանոնակարգով սահմանված պայմանները և պահանջները.
սուրհանդակային կապի օպերատոր` սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով սահմանված սուրհանդակային կապի օպերատորի կանոնակարգով սահմանված պայմանները և պահանջները.
կանոնակարգ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում փոստային կապի օպերատորի կամ սուրհանդակային կապի օպերատորի գործունեություն իրականացնող անձանց` տվյալ գործունեությանը վերաբերող տարածքային, տրանսպորտային միջոցների, տեխնիկական և տեխնոլոգիական նվազագույն չափանիշներ, ինչպես նաև սույն օրենքից և այլ իրավական ակտերից բխող պարտադիր պայմաններ և պահանջներ սահմանող իրավական ակտ.
փոստային կապի ազգային օպերատոր` փոստային կապի օպերատոր, որը մատուցում է փոստային կապի ունիվերսալ ծառայություններ և կրում է Հայաստանի Հանրապետության փոստի խորհրդանիշը.
փոստային կապի օբյեկտներ` փոստային կապի օպերատորի առանձնացված ստորաբաժանումներ` փոստի տեսակավորման և փոխադրման կենտրոն, օդանավակայաններին կամ երկաթուղային կայարաններին կից փոստի փոխադրման բաժանմունքներ, փոստափոխանակման կետեր, փոստային բաժանմունքներ, փոստային շարժական կետեր և այլն.
փոստային կապի երթուղի` փոստային կապի օբյեկտների միջև փոստային տրանսպորտի երթուղի.
փոստային կապի ցանց` փոստային կապի օբյեկտների և փոստային երթուղիների ամբողջություն.
փոստային կապի միջոցներ` փոստային կապի ծառայություններ մատուցելու համար օգտագործվող շենքեր, շինություններ, ոչ բնակելի տարածքներ, սարքավորումներ և փոստային տրանսպորտ, փոստային ծրարներ, բացիկներ և փոստային տարա.
սուրհանդակային կապի միջոցներ` սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու համար օգտագործվող շենքեր, շինություններ, ոչ բնակելի տարածքներ, սարքավորումներ և տրանսպորտ.
փոստային վճարման պետական նշաններ (նիշեր)` փոստային նամականիշեր, ֆրանկոմեքենաների և նիշավորող մեքենաների դրոշմներ կամ այլ նիշեր, որոնք գործողության մեջ են դրվում փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից և հաստատում են փոստային կապի ծառայությունների մատուցման վճարումը.
ֆրանկոմեքենա և նիշավորող մեքենա` նամակագրական թղթակցության վրա փոստային կապի ծառայությունների մատուցման վճարումը, տվյալ թղթակցության ընդունման ամսաթվերը և այլ տեղեկատվություն հաստատող փոստային վճարման պետական նշաններ դրոշմելու համար նախատեսված մեքենաներ.
փոստային դասիչ` փոստային կապի օբյեկտին տրվող փոստային հասցեի պայմանական թվային նիշավորում, որը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և պարտադիր է փոստային կապի օպերատորների համար.
անվանական իր` սարք (դրոշմ), որը նախատեսված է փաստաթղթերի և փոստային առաքանիների դրոշմվածքների համար` նշելով փոստային կապի օբյեկտի անվանումը, փոստային առաքանու ընդունման և հանձնման ամսաթիվը և այլ տեղեկատվություն.
փոստարկղ` հասարակ նամակների և փոստային բացիկների հավաքման համար նախատեսված հատուկ փակվող արկղ.
հասցեատեր (ստացող)` փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվող, որին հասցեագրված են փոստային առաքանի, դրամական միջոցների փոստային փոխադրություններ, հեռագրային կամ այլ հաղորդագրություններ.
փոստային բաժանորդային արկղ` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար նախատեսված հատուկ փակվող արկղ.
փոստային բաժանորդային պահարան` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար բնակելի շենքերում, ինչպես նաև հանձնման տեղամասերում տեղադրվող փակվող խցիկներով հատուկ պահարան.
փոստային անվանական պահարան` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար որոշակի ժամկետով տրամադրվող` փոստային կապի օբյեկտներում տեղադրվող փակվող խցիկներով հատուկ պահարան.
հենակետային փոստարկղ` փոստային առաքանին ժամանակավորապես պահելու կամ հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար հանձնման կետերում նախատեսվող հատուկ փակվող պահարան:
Սույն օրենքով սահմանված դրամական փոստային փոխադրություններին վերաբերող դրույթները չեն տարածվում սուրհանդակային կապի օպերատորի վրա:
(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.04.07 ՀՕ-173-Ն, խմբ. 11.05.11 ՀՕ-157-Ն)