Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
փոստային կապ` փոստային առաքանու, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը ապահովող կապի տեսակ, որն իրենից ներկայացնում է տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր.
փոստային առաքանի` հասցեագրված նամակագրական թղթակցություն, փոստային ծանրոցներ ու բեռնարկղեր, համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակություններ.
փոստային առաքում` փոստային առաքանու ընդունում, մշակում, փոխադրում և հանձնում հասցեատիրոջը.
միջազգային փոստային կապ` տարբեր պետությունների իրավասության ներքո գտնվող փոստային կապի օպերատորների միջև փոստային առաքանու փոխանակում.
նամակագրական թղթակցություն` հասարակ և գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ և փոքր փաթեթներ.
գնահատված փոստային առաքանի` փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողի կողմից ներդրվածքի արժեքի գնահատմամբ, ուղարկողին անդորրագրի հանձնումով, և հասցեատիրոջը հանձնվում է ստորագրությամբ.
սեկոգրամ` բացառապես կույրերի համար նախատեսված փոստային առաքանի, որը հանձնվում է բաց տեսքով, սեկոգրաֆիայի եղանակով գրված նամակագրական հաղորդակցություններով և հրատարակություններով, սեկոգրաֆիայի նշաններով կլիշեներով, ձայնագրություններով, տիֆլոտեխնիկական միջոցներով.
փոքր փաթեթ` ապրանքների նմուշներով և ոչ ծավալուն առարկաներով միջազգային պատվիրված փոստային առաքանի.
դրամական միջոցների փոստային փոխադրություններ` փոստային կապի օպերատորի կողմից մատուցվող ծառայություն դրամական միջոցների, ինչպես նաև գանձված կոմունալ վարձերի և այլ տեսակի գումարների ընդունման, մշակման, փոխադրության և քարտերի հանձնման գծով, որոնք ոչ բանկային գործարքներ են, սակայն հավասարեցվում են դրամական (փողային) փոխանցումներին` փոստային կապի և հեռահաղորդակցության ցանցերի օգտագործմամբ:
Դրամական միջոցների փոստային փոխադրություններն իրականացվում են սույն օրենքով փոստային կապի ծառայությունների համար սահմանված կանոններով, եթե դրամական (փողային) փոխանցումները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով այլ կանոններ սահմանված չեն.
տպագիր հրատարակությունների տարածում` տպագիր հրատարակությունների բաժանորդագրություն և առաքում բաժանորդներին.
փոստային կապի ծառայություններ` գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման և պարբերականների բաժանորդագրության գծով.
փոստային կապի ունիվերսալ ծառայություններ` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային կապի ծառայություններ` նամակագրական թղթակցության, մինչև 20 կիլոգրամ քաշով ծանրոցների և գյուղական բնակավայրերում պարբերականների առաքման գծով, ինչպես նաև «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փաստաթղթերի հատուկ առաքում.
փոստային կապի ծառայություններից օգտվող` ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման մարմիններ, որոնք օգտվում են փոստային կապի ծառայություններից.
փոստային կապի ծառայությունների մատուցման ժամկետ` փոստային կապի որոշակի ծառայությունների ժամկետներից և նորմատիվներից բաղկացած ամբողջություն՝ սահմանված առանձին տեխնոլոգիական գործողությունների կատարման համար.
հսկիչ ժամկետներ` փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների` փոստային կապի ընդունման վայրից մինչև փոստային կապի օբյեկտի հանձնման վայրը առաքման, ինչպես նաև փոստային կապի օբյեկտներում դրանց վերամշակման առանձին գործառնությունների համար սահմանված ժամանակ.
փոստային կապի ծառայությունների սակագին` փոստային կապի ծառայությունների վճարման սահմանված չափ.
փոստային կապի օպերատոր` փոստային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է տրված լիցենզիայի համաձայն.
փոստային կապի ազգային օպերատոր` փոստային կապի օպերատոր, որը մատուցում է փոստային կապի ունիվերսալ ծառայություններ և կրում է Հայաստանի Հանրապետության փոստի խորհրդանիշը.
փոստային կապի օբյեկտներ` փոստային կապի օպերատորի առանձնացված ստորաբաժանումներ` փոստի տեսակավորման և փոխադրման կենտրոն, օդակայաններին կամ երկաթուղային կայարաններին կից փոստի փոխադրման բաժանմունքներ, փոստափոխանակման կետեր, փոստային բաժանմունքներ, փոստային շարժական կետեր և այլն.
փոստային կապի երթուղի` փոստային կապի օբյեկտների միջև փոստային տրանսպորտի երթուղի.
փոստային կապի ցանց` փոստային կապի օբյեկտների և փոստային երթուղիների ամբողջություն.
փոստային կապի միջոցներ` փոստային կապի ծառայություններ մատուցելու համար օգտագործվող
շենքեր, շինություններ, ոչ բնակելի տարածքներ, սարքավորումներ և փոստային տրանսպորտ, փոստային ծրարներ, բացիկներ և փոստային տարա.
փոստային վճարման պետական նշաններ (նիշեր)` փոստային նամականիշեր կամ այլ նիշեր, որոնք դրվում են փոստային առաքանիների վրա և հաստատում են փոստային կապի ծառայությունների վճարումը.
ֆրանկոմեքենա և նիշավորող մեքենա` նամակագրական թղթակցության վրա փոստային կապի ծառայությունների վճարումը, տվյալ թղթակցության ընդունման ամսաթվերը և այլ տեղեկատվություն հաստատող փոստային վճարման պետական նշաններ դրոշմելու համար նախատեսված մեքենաներ.
փոստային դասիչ` փոստային կապի օբյեկտին տրվող փոստային հասցեի պայմանական թվային նիշավորում, որը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և պարտադիր է փոստային կապի օպերատորների համար.
անվանական իր` սարք (դրոշմ), որը նախատեսված է փաստաթղթերի և փոստային առաքանիների դրոշմվածքների համար` նշելով փոստային կապի օբյեկտի անվանումը, փոստային առաքանու ընդունման և հանձնման ամսաթիվը և այլ տեղեկատվություն.
փոստարկղ` հասարակ նամակների և փոստային բացիկների հավաքման համար նախատեսված հատուկ փակվող արկղ.
հասցեատեր` ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, որին հասցեագրված են փոստային առաքանի, դրամական միջոցների փոստային փոխադրություններ, հեռագրային կամ այլ հաղորդագրություններ.
փոստային բաժանորդային արկղ` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար նախատեսված հատուկ փակվող արկղ.
փոստային բաժանորդային պահարան` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար բնակելի շենքերում, ինչպես նաև հանձնման տեղամասերում տեղադրվող փակվող խցիկներով հատուկ պահարան.
փոստային անվանական պահարան` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար որոշակի ժամկետով տրամադրվող` փոստային կապի օբյեկտներում տեղադրվող փակվող խցիկներով հատուկ պահարան.
հենակետային փոստարկղ` փոստային առաքանին ժամանակավորապես պահելու կամ հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար հանձնման կետերում նախատեսվող հատուկ փակվող պահարան:
(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.04.07 ՀՕ-173-Ն)