Հոդված 3. Եկամտահարկով չհարկվող եկամուտները
Հոդված 3. Եկամտահարկով չհարկվող եկամուտները
1. Հարկման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ստացված եկամուտների մեջ չեն մտցվում`
ա) պետական սոցիալական ապահովության և պետական սոցիալական ապահովագրության նպաստները (բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության, այդ թվում հիվանդ երեխայի խնամքի նպաստների), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված հասարակական, այդ թվում բարեգործական կազմակերպությունների, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների միջոցներից ֆիզիկական անձանց դրամական ու բնամթերային ձևով ցույց տրվող օգնության գումարները.
բ) բոլոր տեսակի կենսաթոշակները, որոնք նշանակվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև կենսաթոշակների կամավոր ապահովագրության պայմաններով վճարվող լրացուցիչ կենսաթոշակները.
գ) այն գումարները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացվում են որպես վնասի փոխհատուցում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղումների, առողջության այլ վնասումների կամ մահվան հետևանքով.
դ) փոխհատուցման վճարները` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված նորմաների սահմաններում` բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների.
ե) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող միանվագ վճարները.
զ) պարենային բավարարման արժեքը, որը նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև այդ բավարարման փոխարեն վճարվող գումարները.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործազրկության նպաստները.
ը) տարերային աղետների, մյուս արտակարգ իրավիճակների կապակցությամբ տրվող նյութական օգնության, ինչպես նաև այլ օգնության գումարները` անկախ դրանց չափից, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության, գործադիր իշխանության տեղական մարմինների, սոցիալական ապահովագրության ֆոնդի և օտարերկրյա պետությունների կողմից.
թ) Հայաստանի Հանրապետության պետական փոխառությունների պարտատոմսերի շահումները և այդ փոխառությունների մարումների դիմաց ստացված գումարները.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող վիճակախաղերի տոմսերի ոչ դրամական շահումները.
ժա) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի տոկոսներն ու շահումները.
ժբ) արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ֆիզիկական անձանց ստացած գումարները.
ժգ) ալիմենտները.
ժդ) ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի վաճառքից ստացված գումարները` բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով գույքի վաճառքից ստացված գումարների.
ժե) գյուղատնտեսական գործունեությունից (գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունից) ստացված եկամուտները, ինչպես նաև ոչ գյուղատնտեսական գործունեությունից ստացված եկամուտները, եթե վերջիններիս տեսակարար կշիռը չի գերազանցում ընդհանուր եկամուտների 25 տոկոսը:
Գյուղատնտեսական գործունեության համար վճարողներից գանձվում է հողի հարկ:
Սույն ենթակետում նշված դրույթը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ հաստատված ցանկում նշված արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական ձեռնարկությունների սեփականատերերի վրա.
ժզ) ֆիզիկական անձանց ստացած ապահովագրական գումարները` բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովագրական մուծումներն իրականացվում են ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջոցներից.
ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պայմանների համաձայն ժառանգության և նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացված դրամական ու բնամթերային տեսքով եկամուտները` բացառությամբ հեղինակային վարձատրության այն գումարների, որոնք ստանում են գիտության, գրականության, արվեստի ստեղծագործությունների, ինչպես նաև հայտնագործությունների, գյուտերի և արդյունաբերական նմուշների հեղինակների ժառանգները (իրավահաջորդները).
ժը) ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից տարվա ընթացքում ամսական նվազագույն աշխատավարձի հնգապատիկ չափի սահմաններում ստացված նվերների (իրային պարգևների և ծառայությունների) արժողության գումարները.
ժթ) մրցույթներում և մրցություններում ստացված ոչ դրամական մրցանակների արժեքն ամբողջությամբ, իսկ դրամական մրցանակների արժեքը` տարվա ընթացքում սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի քսանչորսապատիկ չափի շրջանակներում.
ի) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարվող կրթաթոշակները.
իա) ֆիզիկական անձանց կողմից սեփականաշնորհման սերտիֆիկատների ձեռքբերման և դրանց` օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրման դեպքում` սեփականաշնորհման սերտիֆիկատների անվանական արժեքի և դրանց ձեռքբերման գնի միջև տարբերությունը:
2. Հարկման ենթակա եկամուտները յուրաքանչյուր ամսում պակասեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի տասնապատիկ չափով, եթե դրանք ստանում են հետևյալ ֆիզիկական անձինք`
ա) Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները, նախկին Խորհրդային Միության հերոսները, «Փառքի» երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք.
բ) երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով, նախկին պարտիզանների թվից հաշմանդամները, ինչպես նաև կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան` զինծառայողների վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամները.
գ) առաջին և երկրորդ աշխարհամարտերի մասնակիցները, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի պաշտպանության այլ մարտական գործողությունների մասնակից այն զինծառայողները, ովքեր ծառայել են գործող բանակի կազմի մեջ մտած զորամասերում, շտաբներում ու հիմնարկներում, և նախկին պարտիզանները.
դ) ի ծնե հաշմանդամները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները.
ե) այն անձինք, ովքեր հիվանդացել և ատոմային օբյեկտների վթարների հետևանքով տարել են ճառագայթային հիվանդություն, մասնակցություն են ունեցել այդպիսի վթարների վերացմանն օտարացման գոտու սահմաններում, վթարի հետևանքների վերացման ժամանակաշրջանում զբաղվել են ատոմային օբյեկտների շահագործմամբ կամ այլ աշխատանքներով:
3. Հարկման ենթակա եկամուտները յուրաքանչյուր ամսում պակասեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի ութապատիկ չափով, եթե դրանք ստանում են զինծառայողները` աշխատավարձի, կոչումների, դրամական բավարարման, դրամական մյուս վարձատրությունների և վճարումների գծով:
4. Հարկման ենթակա եկամուտները յուրաքանչյուր ամսում պակասեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի վեցապատիկ չափով, եթե դրանք ստանում են հետևյալ ֆիզիկական անձինք`
ա) Հայաստանի Հանրապետությունը և նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի կամ խեղման հետևանքով զոհված կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով մահացած զինծառայողների, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված պետական ծառայողների ծնողները և ամուսինը.
բ) օտարերկրյա պետություններում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զինվորական պարտականություններ կատարած զինծառայողները, այդ գործողությունների ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնական և վարժական հավաքներին մասնակցած զինապարտները.
գ) համատեղ ապրող և մշտական խնամք պահանջող ի ծնե հաշմանդամին, 1-ին խմբի հաշմանդամին խնամող ծնողներից մեկը (իրենց ընտրությամբ), ամուսինը, խնամակալը.
դ) խնամքի տակ զառամյալ ծնողներ կամ անչափահասներ ունեցող 3-րդ խմբի հաշմանդամները:
5. Հարկման ենթակա եկամուտները յուրաքանչյուր ամսում պակասեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկ չափով, եթե դրանք հիմնական աշխատավայրում ստանում են սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում չթվարկված ֆիզիկական անձինք:
6. Սույն հոդվածի 2-5-րդ կետերում նախատեսված մի քանի հիմքերով միաժամանակ եկամուտները պակասեցնելու իրավունքի առկայության դեպքում վերապահվում է արտոնություններից մեկը` առավելագույնը:
7. Հարկման ենթակա եկամուտները պակասեցվում են` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի չափով` յուրաքանչյուր երեխայի և խնամառուի մինչև 18 տարեկան դառնալը, ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների մինչև 24 տարեկան դառնալը` եկամտի ինքնուրույն աղբյուրներ չունեցող յուրաքանչյուր խնամառուի համար:
Նշված կարգը պահպանվում է մինչև երեխաների 18, ուսանողների և սովորողների 24 տարին լրանալը, ինչպես նաև երեխաների և խնամառուների մահվան դեպքում:
Եկամտից նախատեսված նվազեցումը վերապահվում է ամուսիններից երկուսին, ինչպես նաև խնամակալին` հիմնական աշխատավայրում ստացած եկամուտների գծով:
Ֆիզիկական անձանց հարկվող եկամուտների նվազեցումը կատարվում է սկսած այն ամսից, երբ ծնվել է երեխան կամ, երբ ֆիզիկական անձը հանդես է եկել որպես խնամառու:
Խնամառուների թվաքանակի կրճատման (բացառությամբ մահվան դեպքերի) կամ տարվա ընթացքում նրանց եկամտի ինքնուրույն աղբյուր առաջանալու դեպքում, խնամառուների համար արտոնությունը չի կիրառվում այն ամսվան հաջորդող ամսից, երբ կրճատվել է խնամառուների թիվը կամ առաջացել է նրանց եկամտի ինքնուրույն աղբյուր:
Հարկման նպատակով խնամառուների թվին են դասվում ֆիզիկական անձանց եկամուտների հաշվին ապրող և եկամտի այլ աղբյուր չունեցող անձինք:
Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում աշխատանքային պարտականությունների կատարման դիմաց եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց յուրաքանչյուր ամսվա հարկվող եկամուտը պակասեցվում է այդ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից:
Այլ ֆիզիկական անձանց հարկվող եկամտի պակասեցումը իրականացվում է հարկային մարմինների կողմից տարին ավարտվելուց հետո տարեկան հարկի հաշվարկման ժամանակ` ելնելով այն ամիսներից, որոնց ընթացքում ստացվել են եկամուտները:
(3-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11, լրաց. 05.03.96 ՀՕ-41)
Գ լ ու խ II
Աշխատանքային եվ քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտների հարկման կարգը