Հոդված 6. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը
Հոդված 6. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը
1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն է, որն ապահովում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված խնդիրների իրականացումը իր կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների միջոցով:
2. Քրեակատարողական վարչությունը ղեկավարում է քրեակատարողական վարչության պետը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պետական հիմնարկ է, որը գործում է սույն օրենքին և իր կանոնադրությանը համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում է: Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումն ունի տարածքային մարմիններ, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքի համայնքներում: Այլընտրանքային պատիժների կատարման մարզային ստորաբաժանումը մարզի ենթատարածքներում կարող է ունենալ նստավայրեր:
6. Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումն իրականացնում է ազատությունից զրկելու հետ չկապված քրեական պատիժների կատարումը և վերահսկողություն պատժից պայմանական վաղաժամկետ կամ պատժի հետաձգումով ազատված անձանց նկատմամբ:
7. Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում է և գործում է քրեակատարողական վարչության պետի անմիջական ղեկավարությամբ:
9. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումն իրականացնում է արագ արձագանքման աշխատանքներ` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով, ինչպես նաև աջակցում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության, ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթների և ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումների իրականացմանը: