Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.3-րդ հոդվածով՝

«Հոդված 14.3. Քաղաքաշինական գործունեության և հողօգտագործման կանոնակարգումը համայնքի վարչական սահմաններում

Համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է բնակավայրի գլխավոր հատակագծով (բացառությամբ թաղային համայնքների) և գոտիավորման նախագծերով:

Համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` տարածքային ռեսուրսների և կառուցապատման փաստացի վիճակի վերլուծության և համալիր գնահատականի հիման վրա հիմնավորում և ամրագրում է համայնքի տարածքային զարգացման ուղղությունները, որոշում է սոցիալական, մշակութային, արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, ինժեներական և տրանսպորտային համակարգերի տեղադրման ու զարգացման, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանության, բնական լանդշաֆտների, բնության հուշարձանների, պատմամշակութային ժառանգության պահպանման միջոցառումները, հիմնական (բազային) գոտիավորմամբ կանոնակարգում է բնակավայրի (բնակավայրերի) և դրա (դրանց) սահմաններից դուրս քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող տարբեր նպատակային և գործառական նշանակության հողերի օգտագործման խնդիրները, սահմանում է դրանց նկատմամբ պարտադիր պահանջները և տարածքների իրացման և կառուցապատման հերթականությունը:

Համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերն առաջին անգամ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց փոփոխությունները (առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության) իրականացնում են ըստ անհրաժեշտության և հաստատում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Բնակավայրերի, դրանց առանձին մասերի, բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող քաղաքաշինական նպատակներով նախատեսված տարածքների գոտիավորումն ըստ օժանդակ գոտիների կանոնակարգվում է գոտիավորման նախագծերով (այսուհետ՝ գոտիավորման նախագիծ)` «սահմանված գոտի-թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքով, համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով (այսուհետ` բնակավայրի գլխավոր հատակագիծ) սահմանված հիմնական (բազային) գոտիավորման հիման վրա:

Մինչև տասնհինգ հազար բնակչություն ունեցող համայնքներում գոտիավորման նախագիծը կազմվում է բնակավայրի, ինչպես նաև բնակավայրից դուրս գտնվող կառուցապատված կամ կառուցապատման ենթակա բոլոր տարածքների համար` բնակավայրի գլխավոր հատակագծի կազմում:

Տասնհինգ հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում գոտիավորման նախագիծը կազմվում է բնակավայրի գլխավոր հատակագծով առաջնահերթ կառուցապատման համար առանձնացված տարածքների համար:

Թաղային համայնքների գոտիավորման նախագծերը մշակվում են Երևանի գլխավոր հատակագծով սահմանված հաջորդականությամբ և ժամկետներում:

Համայնքի վարչական սահմաններում (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված տարածքների) հողօգտագործումը կանոնակարգվում է հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներով` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։