Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 17. Քաղաքաշինական փաստաթղթերը
1. Քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են և բաժանվում են երկու խմբի՝ քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթեր և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր:
2. Քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթերը մշակվում են Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների, դրանց խմբերի կամ առանձին հատվածների համար:
3. Քաղաքաշինական գործունեությունը տարածական պլանավորման բնագավառում` տնտեսական, սոցիալական, մշակութային և բնապահպանական գործոնների փոխկապակցված տարածական ամրագրումն է և նպատակաուղղված է կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորմանը` քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթերում տարաբնակեցման համակարգերի, տարածքների համաչափ զարգացման և նպատակային օգտագործման հիմնական ուղղություններն ու պայմանները սահմանելու միջոցով:
4. Քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման, այսուհետ` տարածական պլանավորման) փաստաթղթեր են՝
ա) Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր նախագծերը.
բ) Հայաստանի Հանրապետության մարզերի, ինչպես նաև մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող տարածքային հատակագծման նախագծերը.
գ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերը.
դ) գոտիավորման նախագծերը.
ե) բնակավայրերի պատմամշակութային հիմնավորումների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիների, բնության հատուկ պահպանվող տարածքների նախագծերը.
զ) լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն, գործառական այլ համակարգերի տարածքային կազմակերպման, ինչպես նաև արտադրական կարողությունների, ինժեներական, տրանսպորտային, կոմունալ և սոցիալական ենթակառուցվածքների տեղաբաշխման նախագծերը` հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար:
5. Սույն հոդվածի չորրորդ մասի «ա» և «բ» կետերով սահմանված փաստաթղթերի մշակումը պարտադիր է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության և մարզերի համար, «գ» կետով սահմանված փաստաթղթերինը` համայնքների համար, իսկ «դ» կետով սահմանված փաստաթղթերինը` համայնքների և համայնքների սահմաններից դուրս գտնվող կառուցապատված կամ կառուցապատման ենթակա տարածքների համար:
6. Սույն հոդվածի չորրորդ մասի «ե» կետով սահմանված փաստաթղթերը մշակվում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:
7. Սույն հոդվածի չորրորդ մասի «զ» կետով սահմանված փաստաթղթերը մշակվում են ըստ անհրաժեշտության և հաստատվում են պատվիրատուի կողմից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
8. Սույն հոդվածի չորրորդ մասով ներառված փաստաթղթերը կազմելիս պարտադիր կարգով հաշվի են առնվում սահմանված կարգով հաստատված տարածական պլանավորման այլ փաստաթղթերի դրույթները` կազմվող փաստաթղթին առնչվող մասով:
9. Հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի դրույթները հաշվի են առնվում ճյուղային, պետական նպատակային և համայնքային սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման ծրագրերի մշակման ընթացքում՝ տվյալ ծրագրին առնչվող մասով:
10. Սույն հոդվածի չորրորդ մասի «ա» և «բ» կետերով սահմանված պարտադիր մշակման ենթակա տարածական պլանավորման փաստաթղթերը մշակվում են պետական բյուջեի միջոցների հաշվին և հաստատվում են սույն օրենքի 10-րդ հոդվածի «դ» կետին համապատասխան:
11. Սույն հոդվածի չորրորդ մասի «գ» և «դ» կետերով սահմանված պարտադիր մշակման ենթակա տարածական պլանավորման փաստաթղթերը մշակվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին և հաստատվում են Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (բացառությամբ սույն օրենքի 143 հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքերի):
12. Երևանի գլխավոր հատակագիծը և դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
13. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օգտագործման պայմանները չեն կարող հակասել հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պահանջներին:
14. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր են՝
ա) կառուցապատման նախագծերը, ինչպես նաև քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով գործառական տարածքների հատակագծման և բարեկարգման նախագծերը.
բ) բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների կառուցման, դրանց վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման նախագծերը, ինչպես նաև ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների և դրանց մասերի նախագծերը։
15. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը, ելնելով հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջներից, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման և քաղաքաշինական պարտադիր պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ։
16. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
17. Նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով պատվիրատուի կողմից նախագծային փաստաթղթեր մշակողին տրվող նախագծային առաջադրանքը չի կարող հակասել ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին:
18. Սույն հոդվածի 16-րդ կետով սահմանված մարմնի կողմից համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը հաստատում է քաղաքաշինական օբյեկտի սեփականատերը կամ նրա լիազորած անձը, բացառությամբ քաղաքացիների սեփական կարիքների համար մշակված նախագծային փաստաթղթերի, որոնք սահմանված կարգով համաձայնեցումից հետո համարվում են հաստատված:
19. Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերը հիմք են հանդիսանում քաղաքաշինական գործունեության վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար։
20. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»: