Հոդված 13. Վտանգավոր բեռներ փոխադրողի իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 13. Վտանգավոր բեռներ փոխադրողի իրավունքներն ու պարտականությունները
1. Փոխադրողն իրավունք ունի`
1) հրաժարվելու վտանգավոր բեռների փոխադրումից, եթե հայտնաբերում է տվյալ վտանգավոր բեռի փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումներ կամ անհամապատասխանություն.
2) ստանալու հատուցում բեռնառաքողի կամ բեռը ստացողի մեղքով պատճառված վնասի դիմաց:
2. Փոխադրողը պարտավոր է`
1) փոխադրելու համար ընդունել վտանգավոր բեռները.
2) տրամադրել տվյալ վտանգավոր բեռների փոխադրման համար նախատեսված և (կամ) համապատասխան կահավորված սարքին ավտոտրանսպորտային միջոցներ.
3) վտանգավոր բեռները նշանակման վայր հասցնել պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ այդպիսի ժամկետների բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում.
4) ապահովել վտանգավոր բեռների փոխադրման անվտանգությունը` փոխադրման ընթացքում վթարային իրավիճակների առաջացումը կանխելու, իսկ վթարների դեպքում դրանց հետևանքները վերացնելու նպատակով.
5) անհրաժեշտության դեպքում փոխադրման ժամանակ ապահովել վտանգավոր բեռների ֆիզիկական պաշտպանությունը, պահպանումը և ուղեկցումը.
6) վտանգավոր բեռներ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցը, փոխադրման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները համապատասխանեցնել անվտանգության, սանիտարական օրենսդրության և շրջակա միջավայրի պահպանության պահանջներին.
7) իր գործունեության ընթացքում ապահովել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումը.
8) մշակել և սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված համապատասխան մարմին ներկայացնել վտանգավոր բեռների փոխադրման երթուղին: Փոխադրման ամբողջ ընթացքում չշեղվել փոխադրման երթուղուց, պահպանել անվտանգ երթևեկության պահանջներից բխող կանոնները, անընդհատ հսկողության տակ պահել ավտոտրանսպորտային միջոցի և վտանգավոր բեռների վիճակը.
9) բեռնման և բեռնաթափման աշխատանքների ժամանակ բեռնող և բեռնաթափող անձնակազմին ապահովել անհատական պաշտպանիչ միջոցներով` աշխատանքների ավարտից հետո իրականացնելով դրանց վարակազերծումը կամ ոչնչացումը: Վտանգավոր բեռների փոխադրումից հետո կատարել դատարկ տարայի մաքրում և վարակազերծում: