Հոդված 6. Օրենսգրքի 204-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Հոդված 6. Օրենսգրքի 204-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 204. Հողամասի սեփականատիրոջ կողմից դրա վրա շենքեր, շինություններ կառուցելը
Հողամասի սեփականատերը, քաղաքաշինական և շինարարական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների (202 հոդվածի 4-րդ կետ) պահպանմամբ կարող է դրա վրա կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել, այլ անձանց թույլ տալ շինարարություն կատարելու իր հողամասում:»: Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 204.1 -րդ հոդվածով`
«Հոդված 204.1. Հողամասի կառուցապատման իրավունքը
1. Այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը:
2. Կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն օտարել, գրավ դնել այն, ինչպես նաև կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ:
Կառուցապատման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի իրավահաջորդության կարգով:
3. Կառուցապատման ժամկետի ավարտից հետո կառուցապատողի կատարած անբաժանելի բարելավումները չեն հատուցվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
4. Սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված կամ ստեղծված շենքերը և շինությունները հողամասի սեփականատիրոջ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
5. Կառուցապատման իրավունքը, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ, տրամադրվում է պայմանագրով սահմանված ժամկետով և չի կարող գերազանցել 99 տարին:
6. Կառուցապատման իրավունքի ձեռքբերման, օտարման, հիփոթեքի և այլ պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման:
7. Կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:»: