Հոդված 4
Հոդված 4
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ երաշխավորություն կիրառելու առանձնահատկությունները
1. Երաշխավորը ճանաչվում է որպես ազգային երաշխիք տվող անձ հետևյալ պայմանները պահպանելու դեպքում՝
ա) երաշխավորն իրավաբանական անձ է.
բ) սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով՝ երաշխավորի և այն անդամ պետության մաքսային մարմնի միջև կնքված՝ գործող երաշխավորության պայմանագրի առկայություն, որի օրենսդրությանը համապատասխան ստեղծվել է երաշխավոր հանդիսացող իրավաբանական անձը.
գ) սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ՝ մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների վճարման՝ Օրենսգրքին համապատասխան սահմանված ժամկետում չկատարված պարտավորության բացակայություն.
դ) սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելուն նախորդող երեք տարվա ընթացքում երաշխավորի նկատմամբ չեն կիրառվել մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների բռնագանձմանն ուղղված միջոցներ՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգերի պայմանների խախտմամբ.
ե) սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելուն նախորդող երեք տարվա ընթացքում երաշխավորը պարբերաբար (տարեկան առնվազն 50 անգամ) հանդես է եկել որպես երաշխավոր՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով.
զ) մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիքի (բանկային երաշխիքի և (կամ) դրամական միջոցների (փողի)) տրամադրում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված գումարի, սակայն 5 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումարի չափով՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող (որոշվող) և սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության դրույթները.
է) անդամ պետությունների օրենսդրության պահանջները բավարարող և որպես ազգային երաշխիք տվող անձ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների առկայություն.
ը) այլ պայմաններ (եթե այդպիսի պայմանները սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ):
2. Երաշխավորությունը որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովման եղանակ օգտագործելիս սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պայմաններին համապատասխան որպես ազգային երաշխիք տվող անձ ճանաչված (ճանաչվող)՝ առևտրային կազմակերպություն կամ պետական սեփականության ձևով ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող երաշխավորը, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է, որ այդպիսի ոչ առևտրային կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես երաշխավորներ, կարող է կիրառել պարզեցված ընթացակարգեր՝ մաքսային մարմինների առջև երաշխավորի կողմից երաշխավորության պայմանագրով իր պարտավորությունների պատշաճ կատարման՝ տրամադրված երաշխիքի նկատմամբ իր պարտավորությունների չափերը գերազանցելու մասով՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերությունը.
ա) տրամադրված երաշխիքի 10 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝
երաշխավորության պայմանագիրը կնքվել է առնվազն մեկ տարի ժամկետով,
երաշխիքի գումարը կազմում է 5 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
բ) տրամադրված երաշխիքի 20 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝
երաշխավորության պայմանագիրը կնքվել է առնվազն մեկ տարի ժամկետով,
երաշխիքի գումարը կազմում է առնվազն 10 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
գ) տրամադրված երաշխիքի 30 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝
երաշխավորության պայմանագիրը կնքվել է առնվազն մեկ տարի ժամկետով,
երաշխիքի գումարը կազմում է 15 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
դ) տրամադրված երաշխիքի 50 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝
սույն կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված պարզեցված ընթացակարգերը կիրառվել են սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվան հաջորդող առնվազն երեք տարվա ընթացքում.
երաշխիքի գումարը կազմում է առնվազն 20 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
ե) տրամադրված երաշխիքի 100 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝
սույն կետի «ա»-«դ» ենթակետերով նախատեսված պարզեցված ընթացակարգերը կիրառվել են սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվան հաջորդող առնվազն հինգ տարվա ընթացքում.
երաշխիքի գումարը կազմում է առնվազն 20 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով։
3. Որպեսզի երաշխավորը ճանաչվի որպես ազգային երաշխիք տվող անձ, երաշխավորն ուղարկում է դիմում այն մաքսային մարմին, որի հետ կնքվել է երաշխավորության պայմանագիրը, իրեն ազգային երաշխիք տվող անձ ճանաչելու և գործող երաշխավորության պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու կամ նոր երաշխավորության պայմանագիր կնքելու մասին։
Առևտրային կազմակերպություն կամ պետական սեփականության ձևով ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող երաշխավորը, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է, որ այդպիսի ոչ առևտրային կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես երաշխավորներ, սույն կետի առաջին պարբերությունում նշված դիմումի մեջ հայտագրում (նշում) է նաև տեղեկություններ՝ սույն հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված պարզեցված ընթացակարգերից մեկը կիրառելու մտադրության մասին։
Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանները չպահպանելը հիմք է երաշխավորին որպես ազգային երաշխիք տվող անձ ճանաչելը մաքսային մարմնի կողմից մերժվելու համար, իսկ սույն հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված պայմանները չպահպանելը հիմք է համապատասխան պարզեցված ընթացակարգի կիրառումը մերժելու համար։
4. Սույն հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված պարզեցված ընթացակարգերից որևէ մեկից օգտվող՝ ազգային երաշխիք տվող անձը, որը մտադիր է կիրառել սույն հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված մեկ այլ պարզեցված ընթացակարգ կամ սույն հոդվածի 2-րդ կետի «դ»-«ե» ենթակետերով սահմանված պարզեցված ընթացակարգերից որևէ մեկը, ներկայացնում է դիմում այն մաքսային մարմին, որի հետ կնքվել է երաշխավորության պայմանագիրը, այդպիսի պարզեցված ընթացակարգ կիրառելու մասին՝ ներառյալ գործող երաշխավորության պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու կամ նոր երաշխավորության պայմանագիր կնքելու մասին առաջարկը։
Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանները չպահպանելը հիմք է համապատասխան պարզեցված ընթացակարգի կիրառումը մերժելու համար։
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դիմումների ձևերը, դրանցում նշվող տեղեկությունների ցանկը, դրանց ուսումնասիրման ժամկետն ու կարգը (այդ թվում՝ երաշխավորին որպես ազգային երաշխիք տվող անձ ճանաչելու կամ երաշխավորին որպես ազգային երաշխիք տվող անձ ճանաչելը մերժելու, պարզեցված ընթացակարգեր կիրառելու կամ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու և ընդունված որոշման վերաբերյալ տեղեկատվությունը դիմումատուին ուղարկելու կարգը) սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
6. Երաշխավորն ազգային երաշխիք տվող անձի կարգավիճակը կորցնում է հետևյալ դեպքերում՝
ա) ազգային երաշխիք տվող անձ հանդիսացող իրավաբանական անձի լուծարում.
բ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով ազգային երաշխիք տվող անձի և մաքսային մարմնի միջև կնքված երաշխավորության պայմանագրի գործողության դադարեցում՝ բացառությամբ այն դեպքի, երբ ազգային երաշխիք տվող անձի և մաքսային մարմնի միջև նշված նպատակով կնքվել է երաշխավորության պայմանագիր՝ նոր ժամկետով.
գ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով ազգային երաշխիք տվող անձի և մաքսային մարմնի միջև կնքված երաշխավորության պայմանագրի լուծում.
դ) մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիքի գումարի նվազեցում՝ սույն հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետին համապատասխան սահմանված գումարից ավելի ցածր չափով, բանկային երաշխիքի գործողության ժամկետը լրանալուց հետո.
ե) մաքսային և այլ վճարների բռնագանձում տարածելը մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիքի վրա.
զ) կիրառվող տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների անհամապատասխանությունը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
է) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
7. Ազգային երաշխիք տվող անձի կարգավիճակը երաշխավորի կողմից կորցնելու վերաբերյալ որոշումն ընդունելու կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
Ազգային երաշխիք տվող անձի կարգավիճակը կորցնելը երաշխավորին չի ազատում երաշխավորության պայմանագրով ստանձնած՝ չդադարեցված պարտավորությունների կատարումից։
8. Ազգային երաշխիք տվող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը լիազորված մաքսային մարմինների կողմից ուղարկվում է Հանձնաժողով՝ ազգային երաշխիք տվող անձանց միասնական ցանկ ձևավորելու և այն Միության տեղեկատվական պորտալում տեղադրելու համար։
Նշված ցանկում ներառվող տեղեկությունների կազմի և դրանք Հանձնաժողով ուղարկելու կարգի սահմանումը, ինչպես նաև այդ ցանկի ձևավորումը և Միության տեղեկատվական պորտալում դրա տեղադրումն իրականացվում են Հանձնաժողովի կողմից։
9. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսված լինել ազգային երաշխիք տվող անձանց կողմից երաշխիքային ֆոնդի ձևավորումը, որի միջոցներն օգտագործվում են բացառապես մաքսային և այլ վճարների բռնագանձման նպատակով՝ Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված հանգամանքը վրա հասնելու դեպքում, որի պարագայում մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունը ենթակա է կատարման։ Երաշխիքային ֆոնդ ձևավորելու կարգը, ինչպես նաև երաշխիքային ֆոնդի միջոցների հաշվին մաքսային և այլ վճարներ բռնագանձելու կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ: