Հոդված 20. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ առնչվելու թույլտվություն ունենալը
Հոդված 20. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ առնչվելու թույլտվություն ունենալը
Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվել կարող են`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` կամավորության հիման վրա.
բ) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու համար քաղաքացիները պարտավոր են ունենալ դրա իրավունքը, որը տրվում է քաղաքացիների գրավոր համաձայնությամբ, լիազորված մարմինների կողմից, իրենց նկատմամբ ստուգողական միջոցառումներ անցկացնելու և այդ միջոցառումների դրական արդյունքների հիման վրա պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից իրենց հետ աշխատանքային պարտավորագիրը կնքելու միջոցով:
Քաղաքացիների նկատմամբ ստուգողական միջոցառումները, որոնց անցկացման նպատակը սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված հիմքերի հայտնաբերումն է, իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համապատասխան քաղաքացու հետ կնքվող աշխատանքային պարտավորագրում նախատեսվում են`
ա) իրեն վստահված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները չտարածելու ուղղությամբ պետության առջև քաղաքացու պարտավորությունը.
բ) սույն օրենքի 23 հոդվածին համապատասխան, քաղաքացու իրավունքների ժամանակավոր սահմանափակումների կիրառման, ինչպես նաև որոշակի արտոնությունների հատկացման պայմանները.
գ) պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրական նորմերին քաղաքացու իրազեկ լինելը.
դ) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
ե) պարտավորագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը.
զ) պարտավորագրի գործողության ժամկետը:
Աշխատանքային պարտավորագրում կարող են նախատեսվել նաև այլ պայմաններ, որոնք կողմերն անհրաժեշտ կհամարեն: Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության երեք աստիճաններին համապատասխան սահմանվում են պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու երեք ձևի թույլտվություն`
ա) հատուկ կարևորության տեղեկություններին.
բ) հույժ գաղտնի տեղեկություններին.
գ) գաղտնի տեղեկություններին:
Առավել բարձր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվության առկայությունը հիմք է առնչվելու (ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` իրենց վերաբերող մասով) ավելի ցածր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին:
Պետական և ծառայողական գաղտնիքին քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց առնչվելու թույլտվության ձևակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(Վերնագիրը փոփ. 20.03.02 ՀՕ-318)
(20-րդ հոդվածը փոփ., խմբ. 20.03.02 ՀՕ-318)