Հոդված 25. Որսի օգտատիրոջ իրավունքները
Հոդված 25. Որսի օգտատիրոջ իրավունքները
Որսի օգտատերն իրավունք ունի`
1) տնօրինելու իրեն տրամադրված որսահանդակը և վարելու որսորդական տնտեսություն` համաձայն որսորդական տնտեսության վարման համար տարածքը տրամադրելու պայմանագրի.
2) իրականացնելու որսահանդակների օգտագործում` համաձայն պայմանագրում ամրագրված տարածքների, ժամկետների, օգտագործման ձևերի և ծավալների.
3) ստանալու որսի ռեսուրսի օգտագործման թույլտվություն.
4) պայմանագրային պայմաններին համապատասխան` սահմանելու անցակետեր, վերարտադրության տեղամասեր, կերակրման կետեր, կենդանիների բնականոն զարգացման համար առանձնացված հանգստի գոտիներ և իրականացնելու այլ կենսատեխնիկական միջոցառումներ.
5) տնտեսության զարգացման նպատակով սահմանված կարգով իրականացնել որսորդական տնակների, թաքստոցների, դիտակետերի, կառույցների, ճանապարհների և այլ օբյեկտների կառուցում` համաձայնեցնելով համապատասխան լիազոր մարմնի հետ.
6) սեփական միջոցներով վարելու որսի կենդանիների հաշվառում և դրա արդյունքների հիման վրա լիազորված մարմնին ներկայացնելու որսի կենդանիների օգտագործման հայտ.
7) իրականացնելու որսի կենդանիների վերարտադրման աշխատանքները «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` լիազոր մարմնի թույլտվության առկայության դեպքում.
8) ստանալու վճարներ որսի կազմակերպման և դրա հետ կապված այլ ծառայությունների համար.
9) իրեն ամրագրված որսահանդակներում ինքնուրույն իրականացնելու որսորդական տնտեսության գործունեություն` սույն օրենքով սահմանված իր պարտավորություններին, որսորդական տնտեսության զարգացման ծրագրերին և որսի կանոններին համապատասխան.
10) իրականացնելու հսկողություն իրեն տրամադրված տարածքում.
11) տեղադրելու ցուցանակներ, վահանակներ և ուղեփակոցներ.
12) մշակելու և վերամշակելու անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված որսի արգասիքը.
13) վաճառելու որսի արգասիքը և դրա մշակումից ու վերամշակումից ստացված արտադրանքը.
14) տնօրինելու որսի արգասիքից և դրա վաճառքից առաջացած եկամուտը.
15) իրավաբանական անձանց և քաղաքացիների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների հետ կնքելու պայմանագրեր` որս իրականացնելու նպատակով ծառայություններ տրամադրելու մասին.
16) վերարտադրության և կլիմայավարժեցման նպատակով անազատ և կիսաազատ պայմաններում պահելու վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված.
17) համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ` սահմանելու որսի այլ ժամկետներ, որսի կենդանիների այլ տեսակներ և քանակություններ.
18) զանգվածային լրատվության միջոցներով գովազդելու որսորդական տնտեսության գործունեությունը և մատուցվող ծառայությունները.
19) վաղաժամ լուծելու պայմանագիրը` համաձայն գործող օրենսդրության և պայմանագրի դրույթների: