Հոդված 7. Լիազոր մարմնի իրավասությունները
Հոդված 7. Լիազոր մարմնի իրավասությունները
1. Լիազոր մարմինն իրականացնում է հետևյալ իրավասությունները`
1) երկաթուղային տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացում.
2) երկաթուղային տրանսպորտի բնագավառում պետական կառավարման իրականացում.
3) երկաթուղային տրանսպորտի բնագավառում միջազգային համագործակցության ապահովում.
4) գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունում և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
5) օրենքով սահմանված կարգով երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորում.
6) երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների կատարման նկատմամբ հսկողության իրականացում.
7) երկաթուղային տրանսպորտի տեխնիկական շահագործման կանոնների և ենթակառուցվածքից օգտվելու պայմանների հաստատում.
8) ենթակառուցվածքի կառավարչի, փոխադրողների և երկաթուղային տրանսպորտի բնագավառում գործունեություն իրականացնող այլ անձանց փոխհարաբերությունները կանոնակարգող կանոնների ընդունում.
9) օրենքով նախատեսված այլ իրավասությունների իրականացում:
2. Երկաթուղային տրանսպորտի շահագործման, երթևեկության և այլ տեխնիկական միջոցների անվտանգության նկատմամբ վերահսկողության ապահովման նպատակով լիազոր մարմինը`
1) իրականացնում է երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի հետ կապված տեխնիկական միջոցների շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում տեխնիկական վերահսկողություն և կարգավորում, այդ թվում նաև` տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի ծառայողական քննություն և հաշվառում.
2) մշակում և իրականացնում է ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի գործունեության հետ կապված այլ տեխնիկական միջոցների շահագործման ոլորտում պետական քաղաքականություն.
3) իրականացնում է երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում բնապահպանական անվտանգության, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխատեսման և վերացման, երկաթուղային տրանսպորտի գործունեության հետ կապված այլ տեխնիկական միջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն: