Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-06-01-ից մինչև 2013-12-30։Բացել գործող տեքստը

Հոդված 4. Նույնականացման քարտի բովանդակությունը, ձևը, տրամադրելու (փոխանակելու) կարգը և ժամկետները, տրամադրելու (փոխանակելու) մերժման հիմքերը

գործել է մինչև 2013-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 4. Նույնականացման քարտի բովանդակությունը, ձևը, տրամադրելու (փոխանակելու) կարգը և ժամկետները, տրամադրելու (փոխանակելու) մերժման հիմքերը

1. Նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Գտնված նույնականացման քարտերը Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

2. Նույնականացման քարտում հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետևյալ անհատական տվյալները.

1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում.

2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) քաղաքացիությունը.

5) ազգությունը` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.

6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը):

3. Տվյալների էլեկտրոնային պահոցում միայն հայերենով կարող է նշվել բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Նույնականացման քարտում ամրագրվում են նաև հանրային ծառայությունների համարանիշը, քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, ինչպես նաև արյան խումբը և ռեզուսը (քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ): Նույնականացման քարտը ներառում է այն տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաև նույնականացման քարտի տրամադրման և վավերականության ժամկետները, նույնականացման քարտի համարը:

4. Նույնականացման քարտը ներառում է տեխնիկական մաս` տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվում են սույն հոդվածի 2-3-րդ մասերով նախատեսված տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր:

5. Եթե նույնականացման քարտի վրա քաղաքացու ստորագրության բացակայությունը պայմանավորված է քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին նույնականացման քարտում կատարվում է համապատասխան նշում:

6. Նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) անձնագիր կամ ծննդյան վկայական.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված` ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր` սույն մասի 2-րդ կետով նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում.

4) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).

5) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.

6) պետական տուրքի վճարման անդորրագիր:

7. Նույնականացման քարտը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա նույնականացման քարտը.

3) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.

4) պետական տուրքի վճարման անդորրագիր:

8. Նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար քաղաքացին լուսանկարվում է ոստիկանության մարմնում: Անհատական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով նույնականացման քարտ ստանալիս քաղաքացին ոստիկանության մարմնում հանձնում է աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները:

9. Նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետությունում հանձնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Անձի ցանկությամբ հին նույնականացման քարտը վերադարձվում է դակելուց հետո:

11. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ քաղաքացին հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում, ապա դիմումն ընդունվում է և դիմումատուին առաջարկվում 5-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը և (կամ) հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

12. Նույնականացման քարտ տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`

1) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի ներկայացրել սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը.

2) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

13. Նույնականացման քարտը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող նույնականացման քարտը: Դրանում ամրագրված տվյալները ոստիկանության մարմնում տվյալ անձի վերաբերյալ առկա տվյալների հետ համեմատելուց հետո քարտն անմիջապես վերադարձվում է քաղաքացուն, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Նոր նույնականացման քարտը տրամադրվում է հին նույնականացման քարտը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին նույնականացման քարտը վերադարձվում է դակելուց հետո:

14. Նույնականացման քարտը տրամադրելիս քաղաքացուն վերադարձվում են ծննդյան վկայականը, մինչև 16 տարին լրանալը ստացած «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված անձնագիրը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով, սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, տրամադրելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով, սույն հոդվածի 6-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով, սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

15. Նույնականացման քարտի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դիմումների ձևերը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։