Հոդված 15. Կերի ու կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գրանցումը
Հոդված 15. Կերի ու կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գրանցումը
1. Հայաստանի Հանրապետությունում կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող կերի շղթայի օպերատորներն իրենց կողմից կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների մասին տեղեկատվություն են տրամադրում կերի շղթայի օպերատորների գրանցումն իրականացնող մարմնին:
2. Տեղեկատվությունը տրամադրվում է հետևյալ ժամկետներում`
1) օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում.
2) օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո գործառնություններ սկսող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` մինչև գործառնություններ սկսելը:
3. Գրանցման համար ներկայացվող տեղեկատվությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները`
1) կերի շղթայի օպերատորի անվանումը կամ անունը, ազգանունը.
2) գործունեության (գործառնության) տեսակը.
3) գործունեության իրականացման վայրը.
4) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
5) պետական գրանցման համարը և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը:
4. Ներկայացված տեղեկատվության տվյալներում տեղի ունեցած փոփոխության դեպքում այդ մասին կերի շղթայի օպերատորը լրացուցիչ տեղեկացնում է գրանցումն իրականացնող մարմնին` փոփոխությունը կատարելուց հետո` 3 օրվա ընթացքում:
5. Կերի շղթայի օպերատորը նշված տեղեկատվությունը գրանցումն իրականացնող մարմնին փոխանցում է առձեռն կամ փոստային առաքման կամ ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի կամ պաշտոնական էլեկտրոնային կայքում առցանց գրանցվելու միջոցով:
6. Կերի շղթայի օպերատորը գրանցված է համարվում սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկատվությունը գրանցումն իրականացնող մարմնին փոխանցելու, իսկ առցանց գրանցվելու դեպքում` առցանց գրանցվելու պահից:
7. Ստացված տեղեկատվության հիման վրա գրանցումն իրականացնող մարմինը ստեղծում է կերի շղթայի օպերատորների կողմից կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների տեղեկատվական բազա: