Հոդված 7. Կերի անվտանգությունը
Հոդված 7. Կերի անվտանգությունը
1. Կերի արտադրությունը, տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) և տեխնոլոգիական գործընթացը պետք է իրականացվեն արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգի և բաղադրագրի առկայությամբ և դրանց համապատասխան:
2. Արգելվում է վտանգավոր կերեր շրջանառության մեջ դնելը կամ սննդամթերք ստանալու համար նախատեսված կենդանիներին դրանցով կերակրելը:
3. Կերերը համարվում են վտանգավոր, եթե փորձաքննության արդյունքում պարզվել է, որ`
1) կարող են վնաս պատճառել կենդանու առողջությանը.
2) դրանց օգտագործման արդյունքում կենդանուց ստացված սննդամթերքը կարող է վնասակար ազդեցություն ունենալ մարդու կյանքի և առողջության վրա:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վտանգավոր կերը ենթակա է փորձաքննության, հետկանչի, օգտահանման կամ ոչնչացման:
5. Կերերի և կերային հավելումների արտադրությանը, ինչպես նաև կերերի, կերային հավելումների օգտագործմանը ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:
6. Կերի անվտանգությունն ապահովելու նպատակով կերեր և կերային հավելումներ արտադրողների կողմից ներդրվում են վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎՎԿԿՀ) համակարգի սկզբունքների վրա հիմնված համակարգեր:
7. Վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎՎԿԿՀ) համակարգերի ներդրման աշխատանքներին աջակցում է լիազոր մարմինը կամ, ըստ արտադրության ոլորտների, մեթոդական ձեռնարկների թողարկում իրականացնելու և ուսուցում կազմակերպելու լիազորություններ ունեցող այլ մարմիններ:
8. Վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎՎԿԿՀ) համակարգի ներդրման և կիրարկման նպատակով կերի շղթայի օպերատորն ապահովում է աշխատակիցների ուսուցումը և վերապատրաստումը:
(7-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-286-Ն)