Հոդված 13. Լիազոր մարմինը
Հոդված 13. Լիազոր մարմինը
1. Լիազոր մարմինը պատասխանատու է միջազգայնորեն ճանաչված ստանդարտների և հաջողված փորձի հիման վրա ներքին աուդիտի օրենսդրության և մեթոդաբանության մշակմանն ու ներդրմանն օժանդակելու, ինչպես նաև սույն օրենքի պահանջների և ներքին աուդիտի մեթոդաբանության կիրառման գործընթացի համակարգման և դիտարկման (մոնիթորինգի) համար:
2. Սույն օրենքի պահանջների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և լիազոր մարմինը ընդունում են ներքին աուդիտի մասին իրավական այլ ակտերը, ընդ որում`
1) ներքին աուդիտի ստանդարտները և ներքին աուդիտորների վարքագծի կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) ներքին աուդիտի վերաբերյալ մեթոդական ցուցումները (ուղեցույցները), ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցները, ինչպես նաև ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտեր հաստատում է լիազոր մարմինը:
3. Ներքին աուդիտի համակարգի զարգացման և մեթոդաբանության կատարելագործման նպատակով լիազոր մարմինը պարբերաբար դիտարկումներ (մոնիթորինգ) է իրականացնում սույն օրենքի, ներքին աուդիտի մեթոդաբանության, ներքին աուդիտի ստանդարտների և ներքին աուդիտորների վարքագծի կանոնների պահանջների կիրառման նկատմամբ:
4. Լիազոր մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է`
1) ներքին աուդիտի գործընթացի համակարգումը և ներդաշնակեցումը.
2) ներքին աուդիտորների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայությունը.
3) ներքին աուդիտորի արհեստավարժության համապատասխան աստիճանը հաստատող որակավորման քննությունների կազմակերպման համակարգի առկայությունը.
4) մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ներքին աուդիտի համակարգի մասին նախորդ տարվա հաշվետվության հրապարակումը.
5) ներքին աուդիտորների` որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց հաշվառումը և վերջիններիս ցանկի հրապարակումը.
6) Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ներքին աուդիտի ոլորտի հաստատությունների և մարմինների հետ համագործակցությունը.
7) կազմակերպությունների ներքին աուդիտի ստորաբաժանումների, ներքին աուդիտորների, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանումների կանոնակարգերի գրանցամատյանի ստեղծումը և վարումը:
5. Լիազոր մարմնի` սույն օրենքով նախատեսված լիազորությունների իրականացումը կազմակերպելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի անմիջական ենթակայությամբ սահմանվում է ֆինանսական կառավարման, հսկողության և ներքին աուդիտի գործառույթների (պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի) կարգավորման և համակարգման համար պատասխանատու ստորաբաժանում: Նշված ստորաբաժանման աշխատակիցները պետք է ընդգրկված լինեն սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում:
6. Կազմակերպությունների ներքին աուդիտի որակի երաշխավորման նպատակով կազմակերպության գործունեության հետ չառնչվող անձանց կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրականացվում են կազմակերպության ներքին աուդիտի համակարգի գնահատումներ: