Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) հանրային հատվածի կազմակերպություններ (այսուհետ` կազմակերպություններ)`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական մարմիններ և տեղական ինքնակառավարման մարմիններ,
բ. պետության կամ համայնքների հիմնարկներ,
գ. պետական կամ համայնքների ոչ առևտրային կազմակերպություններ,
դ. հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններ.
2) ներքին աուդիտ` անկախ, օբյեկտիվ հավաստիացման և խորհրդատվական գործառույթ, որն ուղղված է կազմակերպության գործունեության արդյունքի մեծացմանը և բարելավմանը: Այն աջակցում է կազմակերպությանը հասնել իր նպատակներին` կազմակերպության ռիսկերի կառավարման, հսկողության ու կառավարչական գործընթացների համակարգված և կանոնակարգված գնահատման ու բարելավման միջոցով:
Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերի հիման վրա` կազմակերպության ղեկավարությանը հավաստիացման կամ խորհրդատվական ծառայություններ մատուցելու միջոցով.
3) ներքին աուդիտի համակարգ` ներքին աուդիտի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, պահանջների և ներքին աուդիտի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ամբողջությունը.
4) ֆինանսական կառավարման, հսկողության համակարգեր` կազմակերպության ղեկավարության կողմից սահմանված կանոնների (քաղաքականության), ընթացակարգերի և գործողությունների ամբողջությունը, որով ողջամիտ ձևով երաշխավորվում է հետևյալ պայմաններին համապատասխան կազմակերպության նպատակների իրականացումը`
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և կազմակերպության գործունեությանն առնչվող այլ պայմաններին (պայմանագրերին և այլնին) համապատասխանություն,
բ. տնտեսող, արդյունավետ և օգտավետ գործառույթներ,
գ. տեղեկությունների ամբողջականություն և վստահելիություն,
դ. կորուստներից, չարաշահումներից և վնասներից ակտիվների ու ռեսուրսների պահպանման հուսալիություն.
5) տնտեսող` նախատեսված արդյունքին կամ նպատակին հասնելու համար նախատեսված ռեսուրսների նվազեցում` պահպանելով նախապես սահմանված որակը.
6) արդյունավետ` գործառույթի արդյունքի կամ նպատակի իրագործման աստիճան, այսինքն` գործառույթի արդյունքի կամ նպատակի մասով պլանավորված և փաստացի վիճակների համեմատությունը.
7) օգտավետ` տրված ռեսուրսների (ներդրումների) պարագայում գործառույթի արդյունքի կամ նպատակի առավելագույն մակարդակի ապահովում.
8) ռիսկ` իրադարձության տեղի ունենալու հավանականություն, որը կարող է ազդել կազմակերպության նպատակների իրագործման վրա: Ռիսկը չափվում է ազդեցությամբ և տեղի ունենալու հավանականությամբ.
9) ռիսկերի կառավարում` կազմակերպության նպատակների իրականացման համար ռիսկերի բացահայտման, գնահատման և հսկման գործընթաց.
10) հսկողություն` կազմակերպության ղեկավարության գործողություններ` ուղղված կազմակերպության նպատակների իրականացման ռիսկերի կանխմանը կամ նվազեցմանը.
11) անկախություն` ներքին աուդիտի գործառույթի` կազմակերպության այլ գործառույթներից առանձնացված իրականացում.
12) օբյեկտիվություն` ներքին աուդիտորների կողմից աուդիտի ընթացքում տեղեկությունների հավաքագրման, գնահատման և փոխանակման գործընթացում մասնագիտական անշահախնդրության անվերապահ ցուցաբերում: Ներքին աուդիտորները իրականացնում են բոլոր հանգամանքների հավասարակշռված և համարժեք գնահատում և չեն ենթարկվում սեփական հետաքրքրությունների կամ այլ անձանց դատողությունների անհարկի ազդեցությանը.
13) կարողունակություն` ներքին աուդիտորների կողմից համապատասխան գիտելիքների, հմտությունների, փորձառության և իրենց պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ այլ կարողությունների տիրապետումը և կիրառումը.
14) անկողմնակալություն` ներքին աուդիտորների` իրենց աշխատանքի ազնիվ և պատասխանատու իրականացում.
15) գաղտնիություն` ներքին աուդիտորների` աշխատանքի ընթացքում ստացած տեղեկությունների հուսալի պահպանումը: Ներքին աուդիտորները պարտավոր են առանց համապատասխան լիազորության չհրապարակել և չտրամադրել գործունեության ընթացքում կամ արդյունքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
16) ներքին աուդիտի ստանդարտներ` միջազգայնորեն ճանաչված ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների հիման վրա հաստատված Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները.
17) վարքագծի կանոններ` միջազգայնորեն ճանաչված ներքին աուդիտորների վարքագրքի հիման վրա հաստատված Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտորների վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները տարածվում են ինչպես անհատ ներքին աուդիտորների, այնպես էլ ներքին աուդիտ իրականացնող կազմակերպությունների վրա.
18) ներքին աուդիտի կանոնակարգ` կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ կազմակերպության ղեկավարի հաստատած փաստաթուղթ, որով սահմանվում են ներքին աուդիտի նպատակը, լիազորությունները և պարտականությունները: Այլ պայմաններից բացի, կանոնակարգը նաև`
ա. մատնանշում է կազմակերպությունում ներքին աուդիտի դիրքը,
բ. սահմանում է ներքին աուդիտի շրջանակը,
գ. կարգավորում է ներքին աուդիտորների համար աուդիտորական առաջադրանքների կատարման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի, պետական մարմնի և գույքի հետ կապված հարցերը.
19) աուդիտորական առաջադրանք` ներքին աուդիտի կոնկրետ առաջադրանքը կամ ուսումնասիրությունը, որը ներառում է հավաստիացման կամ խորհրդատվության ծառայություն.
20) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական մարմին.
21) ներքին աուդիտի կոմիտե` կազմակերպության ղեկավարի ձևավորած և նրա կողմից ղեկավարվող կոլեգիալ մարմին, որն աջակցում է կազմակերպության ներքին աուդիտի համակարգին և այդ նպատակով իրականացնում է սույն օրենքով նախատեսված լիազորություններ:
(2-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-67-Ն)