Հոդված 10. Ներքին աուդիտի պլանավորումը
Հոդված 10. Ներքին աուդիտի պլանավորումը
1. Ներքին աուդիտի պլանավորումը կատարվում է ռիսկերի գնահատման հիման վրա: Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի երեք տարվա ռազմավարական և տարեկան ծրագրերի հիման վրա, որոնք մշակում է ներքին աուդիտի ստորաբաժանումը:
2. Ռազմավարական ծրագիրը ղեկավարվում է կազմակերպության երկարաժամկետ նպատակներով և ներքին աուդիտի ոլորտում սահմանված ռազմավարական զարգացման խնդիրներով: Ռազմավարական ծրագրի հիման վրա մշակվում է ներքին աուդիտի տարեկան ծրագիր:
3. Ռազմավարական և տարեկան ծրագրերի և դրանց փոփոխությունների նախագծերը քննարկվում են կազմակերպության ղեկավարի ու ներքին աուդիտի կոմիտեի անդամների հետ:
4. Ռազմավարական և տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները հաստատում է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը, և դրանք վավերացվում են կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ:
5. Ներքին աուդիտի տարեկան ծրագրում ներառվում է նաև նախկինում իրականացված ներքին աուդիտի արդյունքում տրված առաջարկությունների իրականացման որակի և ժամկետների պահպանման գնահատումը:
6. Յուրաքանչյուր աուդիտի համար մշակվում և ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատվում է աուդիտորական առաջադրանք` նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տևողությունը և տրամադրված ռեսուրսները, աուդիտի տեխնիկան, տեսակը, ծավալը և անհրաժեշտ այլ մանրամասներ:
7. Կազմակերպության ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը հաստատվում են մինչև տվյալ տարվա հունվարի 1-ը: