Հոդված 20. Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում պետական կառավարման համակարգի այլ լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական գործընկերների իրավասությունները
Հոդված 20. Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում պետական կառավարման համակարգի այլ լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական գործընկերների իրավասությունները
1. Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի այլ լիազոր մարմինները ՄԿՈՒ բնագավառում իրենց իրավասության սահմաններում իրականացնում են՝
1) իրենց իրավասության բնագավառներում մասնագիտական կարողունակությունների կարիքի գնահատում և վերհանում, որոնք անհրաժեշտ են սոցիալական շուկայական տնտեսության սկզբունքների վրա հիմնված հասարակության մեջ անձի ինքնուրույն գործունեության համար.
2) մասնագիտական կրթության մասով՝ ոլորտային որակավորումների շրջանակի, որակավորումների ցանկերի և բնութագրերի, որակավորման շրջանակային նկարագրի, ուսանողների գիտելիքների, կարողունակությունների նկատմամբ պահանջների ձևավորում.
3) շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորում և որակավորման աստիճանների շնորհում.
4) բնագավառի մանկավարժական աշխատողների որակավորման բարձրացման և կատարելագործման կազմակերպում.
5) աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակներում ուսանողների գործնական աշխատանքային ուսուցման կազմակերպմանը աջակցություն և մասնակցություն.
6) կրթության պետական կառավարման լիազոր մարմին առաջարկությունների ներկայացում աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրության և պահանջվող մասնագետների ու նրանց պատրաստման պայմանների վերաբերյալ.
7) իրենց ենթակայությամբ ՄՈՒՀ-երի կանոնադրությունների հաստատում։
2. Տեղական ինքնակառավարման մարմինները ՄԿՈՒ բնագավառում մասնակցում են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև աջակցում համայնքում սոցիալական գործընկերության համակարգի գործառնությանը։
3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և գործնական կարողունակությունների (վերջնարդյունքների) գնահատման ու ճանաչման համակարգումն իրականացնում են լիազոր մարմնի ներկայացմամբ՝ Կառավարության որոշմամբ հիմնադրված կազմակերպությունը (այսուհետ՝ ՄԿՈՒ համակարգող կառույց)՝ մի կողմից, և ըստ ոլորտների մասնավոր հատվածի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ՝ ոլորտային կառույց)՝ մյուս կողմից։
4. ՄԿՈՒ համակարգող կառույցը՝
1) սահմանում է գործատուների՝ որպես աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևով կրթական ծրագրի իրականացնող կողմ հանդես գալու նվազագույն պահանջները և ընթացակարգը.
2) սահմանում է մասնագիտական ուսուցման հրահանգչի ընտրության չափանիշները.
3) կազմակերպում է մասնագիտական ուսուցման հրահանգիչների վերապատրաստումը և շարունակական կատարելագործումը.
4) ստեղծում և վարում է սոցիալական գործընկերության կողմ կազմակերպությունների տեղեկատու.
5) իրականացնում է կանոնադրությամբ և օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ.
5. Ոլորտային կառույցը՝
1) վերլուծում և ՄԿՈՒ համակարգող կառույց է ներկայացնում ոլորտի աշխատաշուկայի կարիքները.
2) աջակցում է պետություն-մասնավոր հատվածի համագործակցությանը և երկխոսությանը.
3) խորհրդատվություն է տրամադրում դուալ ուսումնառության ձևով համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի մշակման, իրականացման և մշտադիտարկման հարցերով.
4) աջակցում է դուալ ուսումնառության ձևով համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման ընթացքում ծագած վեճերի լուծմանը, կողմերի շահերի ներդաշնակեցմանը.
5) համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացնող կողմ հանդես գալու համար ընտրում և առաջարկում է գործատուների.
6) խթանում է ՄԿՈՒ ոլորտի գրավչության վերաբերյալ տեղեկատվության տարածումը երիտասարդության շրջանում, կազմակերպում և իրականացնում է մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ.
7) կազմակերպում և իրականացնում է դուալ ուսումնառության ձևով համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրով սահմանված ուսումնառության վերջնարդյունքների ստուգումը և ճանաչումը՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ՄՈՒՀ-ի և գործատուների ներգրավմամբ։
6. Մասնագիտական կրթության մակարդակներով որակավորվող մասնագետների գործատուները կարող են մշակել և պետական կառավարման համապատասխան լիազոր մարմնին ու կազմակերպությանը առաջարկել ՄՈՒՀ-երի հետ համագործակցության ծրագրեր, կրթության կազմակերպման այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելներ և այլ համագործակցության մեխանիզմներ:
7. ՄԿՈՒ որակը և աշխատաշուկայում մրցունակությունը բարձրացնելու նպատակով համապատասխան ապրանք արտադրողները, մատակարարները և ծառայություն մատուցող կազմակերպությունները ՄՈՒՀ-երի հետ համագործակցության շրջանակում նրանց են տրամադրում իրենց ապրանքների ու ծառայությունների սպասարկման վերաբերյալ նյութերը, ապահովում անհրաժեշտ խորհրդատվությամբ։
(20-րդ հոդվածը խմբ., փոփ. 18.06.26 ՀՕ-288-Ն)