Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-20-ից մինչև 2026-08-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 26. ՄՈՒՀ-ի տնօրենը և նրան ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 26. ՄՈՒՀ-ի տնօրենը և նրան ներկայացվող պահանջները

1. ՄՈՒՀ-ի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը։

2. ՄՈՒՀ-ի տնօրեն կարող է ընտրվել կամ նշանակվել այն անձը, որը սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով ստացել է ՄՈՒՀ-ի ղեկավարման իրավունք (հավաստագիր) կամ ղեկավարման իրավունքի հավաստագիր (այսուհետ՝ հավաստագիր)։ Նշված պահանջը չի տարածվում սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական ՄՈՒՀ-ի տնօրենի վրա, որի առաջադրման կարգն ու ներկայացվող լրացուցիչ պահանջները սահմանվում են համապատասխան բնագավառները կարգավորող օրենքներով։

3. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենն ընտրվում է մրցութային հիմունքներով՝ հինգ տարի ժամկետով։

4. Անձը չի կարող դիմել ՄՈՒՀ-ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթին, ինչպես նաև ընտրվել կամ նշանակվել ՄՈՒՀ-ի տնօրենի պաշտոնում, եթե՝

1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը հանված կամ մարված չէ.

4) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

5) քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ է։

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հիմնավորվում է իրավասու մարմնի տված տեղեկանքով։

6. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

7. ՄՈՒՀ-ի տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն, իր պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր պաշտոնական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար։

(26-րդ հոդվածը խմբ. 06.05.26 ՀՕ-195-Ն)

(հոդվածը 07.05.26 ՀՕ-190-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։