Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 30. ՄԿՈՒ համակարգի ուսանողների և ունկնդիրների իրավունքներն ու պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. ՄԿՈՒ համակարգի ուսանողների և ունկնդիրների իրավունքներն ու պարտականությունները

1. ՄՈՒՀ-ի ուսանողն իրավունք ունի`

1) ընտրելու կրթական ծրագրի մակարդակը, որակավորումը, դրա ուղղվածությունը, ցանկացած կրթական մակարդակում դադարեցնելու կամ վերականգնելու ուսումնառությունը՝ անկախ դրա դադարեցման ժամկետից.

2) ընտրելու և մասնակցելու իր ուսումնառած որակավորման համար ոչ պարտադիր դասընթացների (մոդուլների) և այլ լրացուցիչ կրթական ծրագրերի՝ ՄՈՒՀ-ի սահմանած կարգով.

3) ներկայացնելու առաջարկներ իր որակավորման կրթական ծրագրի բովանդակության և ուսումնառության կազմակերպման ձևի բարելավման վերաբերյալ.

4) մասնակցելու ՄՈՒՀ-ի կառավարման և ուսանողական ինքնակառավարման համապատասխան մարմինների աշխատանքներին.

5) օգտվելու կրթաթոշակից և ուսանողների ֆինանսական խրախուսման այլ ձևերից, ներառյալ անվանական կրթաթոշակից, նվիրատվություններից և դրամաշնորհներից.

6) շարունակելու ուսումնառությունը տվյալ կամ մեկ այլ ՄՈՒՀ-ի կրթական ծրագրով իր ուսումնառած կրթական ծրագրերից որևէ մեկի դադարեցման դեպքում՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով.

7) նախաձեռնելու և ստեղծելու ուսանողական կառույցներ, միավորումներ՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ, ընդգրկվելու և անդամակցելու դրանց ու հանդես գալու ուսանողական նախաձեռնություններով, ծրագրերով, սոցիալական կամավորական միջոցառումներով.

8) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունենալու դեպքում ընդհանուր հիմունքներով կրթություն ստանալու և օգտվելու խելամիտ հարմարեցումներից առանց հավելյալ վճարների.

9) մասնակցելու ՄՈՒՀ-ի որակի ներքին գնահատմանը՝ ըստ սահմանված ուղղությունների.

10) բողոքարկելու ՄՈՒՀ-ի ներքին իրավական ակտերը, իր իրավունքները պաշտպանելու դատական կարգով.

11) օրենքով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ ուսանողի հետ կնքված պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

2. Ուսանողը պարտավոր է՝

1) կատարել ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված պարտականությունները.

2) մասնակցել համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի ուսումնառությանը.

3) ուսումնառության պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարել ուսման վարձը, կատարել պայմանագրային այլ պարտավորություններ.

4) կատարել օրենքներով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ ուսանողի հետ կնքված պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:

3. Ուսանողական ինքնակառավարման մարմինները ՄՈՒՀ-ում և դրա համապատասխան կառուցվածքային միավորներում գործում են որպես ուսանողական ներկայացուցչական մարմիններ:

4. Ուսանողի ուսումնառության դադարեցումը ընդհատման միջոցով կիրառվում է`

1) հղիության և ծննդաբերության դեպքում.

2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի դեպքում.

2․1) նրա ազատությունը սահմանափակվել է դատարանի որոշմամբ, և նրա մասնակցությունը կրթական ծրագրին անհնարին է․

3) զինվորական ծառայության դեպքերում.

4) ժամանակավոր անաշխատունակության պատճառներով.

5) ընտանեկան հանգամանքների հիմքով.

6) փոխանակման և համագործակցային ծրագրերում միջանկյալ ուսումնառության դեպքում.

7) դատարանի որոշմամբ ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած։

5. Ուսանողի ուսումնառության դադարեցումը ազատման միջոցով կիրառվում է՝

1) ուսանողի դիմումի համաձայն.

2) այլ հաստատություն տեղափոխվելու դեպքում:

6. Ուսանողի ուսումնառության դադարեցումը հեռացման միջոցով կիրառվում է՝

1) ՄՈՒՀ-ի ներքին կարգապահական կանոններով կամ ՄՈՒՀ-ի և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, այդ թվում՝ ՄՈՒՀ-ի սահմանած ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում.

2) ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերման անբավարար մակարդակի դեպքում՝ անկախ ուսումնառության հիմքից, եթե ՄՈՒՀ-ի սահմանած կարգով և ժամկետում չի լրացրել դրանք։

7. ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում ուսանողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր, այդ թվում՝ ՄՈՒՀ-ից հեռացում: Ուսանողի նկատմամբ հավելյալ դրամական վճարի ձևով կարգապահական միջոցներ չեն կարող կիրառվել, բացառությամբ պատճառված վնասի հատուցման դեպքերի։

7.1. Սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված հիմքերով ուսումնառությունը դադարեցրած հիմնական կրթության հիմքով ընդունված և միջնակարգ կրթության երրորդ մակարդակի բաղադրիչը չյուրացրած ուսանողը կարող է կրթությունը շարունակել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ ուսանողի ընտրությամբ։

8. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում ուսանողին տրամադրվում է ակադեմիական արձակուրդ՝ օրենքով սահմանված ժամկետով, իսկ 4-րդ մասի 4-6-րդ կետերով սահմանված դեպքերում՝ ակադեմիական արձակուրդ՝ հիմնավորված ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի տևողությամբ։ Ակադեմիական արձակուրդի ընթացքում պահպանվում են ուսանողի իրավունքը, ինչպես նաև ուսումնառության պայմանները: Ակադեմիական արձակուրդ տրամադրելու հիմքերը, կարգը և ժամկետները, ինչպես նաև ուսանողի կարգավիճակը վերականգնելու ժամկետները սահմանում է լիազոր մարմինը: Սույն հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետով սահմանված դեպքերում ուսանողի կարգավիճակը վերականգնվում է համապատասխան հիմքերը վերանալու պահից մեկ ամսվա ընթացքում։

9. Ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողի կարգավիճակը վերականգնելիս, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում ՄՈՒՀ ընդունվելու պահին սահմանված ուսման վարձի չափը պահպանվում է (բացառությամբ տվյալ ուսումնական տարում ուսման վարձի նվազման դեպքի), եթե ուսանողն իր կարգավիճակը վերականգնելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է լիազոր մարմնի սահմանած ժամկետում:

10. Ուսանողը կարող է մասնակցել (ընդգրկվել) մասնագիտական ոլորտի կամ համապետական նշանակության միջոցառումներին, իր ուսումնառած ծրագրին առնչվող կրթական ծրագրերին, մրցույթներին, փառատոներին և այլ ակադեմիական միջոցառումներին՝ համաձայն լիազոր մարմնի սահմանած կարգի։ Ուսանողի կրթական ծրագրի բաց թողնված արդյունքներն առանց լրացուցիչ վճարման պայմանի լրացվում են ՄՈՒՀ-ի աջակցությամբ։

11. Ունկնդիրը մասնագիտական կրթական ծառայություններ ստանալիս օգտվում է ուսանողի իրավունքներից և կրում ուսանողի համար սահմանված պարտականությունները:

(30-րդ հոդվածը լրաց. 18.06.26 ՀՕ-288-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։